ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իսլամիստ զինյալները սպառնում են ռուս զինծառայողներին

Իսլամիստ զինյալները սպառնում են ռուս զինծառայողներին
06.10.2015 | 14:31

Իսլամիստ զինյալները չէին կարող չարձագանքել Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին։ Die Welt-ի փոխանցմամբ, նրանք մեկ շաբաթ առաջ «Գրադ» կայանքից հրթիռակոծել են Լաթաքիայի մոտակայքում ռուսների հսկողության տակ գտնվող ռազմական օդակայանը։ Իսլամիստների թիրախը թռիչքուղին էր, սակայն նրանց արձակած 49 հրթիռներից միայն երկուսն են ընկել օդակայանի հարևանությամբ։ Այդ «Գրադ»-ը զինյալները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի հետ մարտում են նվաճել։ Die Welt-ը նշում է, որ իսլամիստ զինյալները նաև ֆինանսական պարգև են առաջարկել. ով գերեվարի ռուսաստանցի զինծառայողի` կստանա 21 հազար 200 դոլար։ Պարբերականի փոխանցմամբ, Լաթաքիայի մոտակայքում գործող ահաբեկիչների ջոկատներում կան ազգությամբ չեչեն հրամանատարներ և շարքայիններ, որ «հատուկ հաշիվ ունեն Ռուսաստանի հետ»։
Այդ մոլեռանդները կազմել են «Ադշնադ ալ-Կավկաս», «Ջունդ ալ-Շամ» և «Ջամաաթ Թարխանա» ջոկատները։ Նրանց շարքերում կռվող չեչենները ֆանատիկոսներ են, ոչ մի վտանգից չեն վախենում և ունեն Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի զինվորներին սպանելու մեծ փորձ։ Die Welt-ը գրում է, որ նույնիսկ մյուս մահմեդական զինյալներն են այդ չեչեններին անվանում «բացարձակապես խելացնոր մարդիկ»։ Մինչդեռ, Reuters-ի փոխանցմամբ, նախագահ Ասադի դեմ պայքարող «Սիրիայի ազատության բանակ» կազմավորումը տարածաշրջանի երկրներին կոչ է անում «միավորվել ռուս-իրանական դաշինքի դեմ և կանխել Սիրիայի օկուպացիան Ռուսաստանի ու Իրանի կողմից»։ Արևմուտքի բարձրաստիճան զինվորականների համոզմամբ, Սիրիայում ռուսների նպատակը նախագահ Ասադի պաշտպանությունն է։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ անվերապահ սատարելով Ասադին՝ ռուսները խորացնում են շիաների և սուննիների հակասությունները, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե տարածաշրջանի և թե ռուսների համար։ Այդ մասին Մադրիդում խոսել է նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը։ «Մեր մոտեցումն այլ է, մենք ցանկանում ենք պարտության մատնել «Իսլամական պետությանը» և ապահովել քաղաքական անցումը Սիրիայում։ Ռուսներին թվում է, թե կարելի է մեկն անել առանց մյուսի, դա պարզապես իրատեսական չէ։ Նրանց ծրագիրը դատապարտված է ձախողման։ Եթե նրանք վերանայեն իրենց մոտեցումը, ընդունեն, որ պետք է ձգտել միաժամանակ այդ երկու նպատակին, մենք կկարողանանք կամրջել մեր դիրքորոշումները, բայց այս պահին դրանք շատ են տարբեր»,- ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը: Նրա եվրոպական այցի օրակարգում Մերձավոր Արևելքի խնդիրն է։

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ