Թուրքիայում 18 լեզու վերացման վտանգի տակ է: Այս մասին վկայում է UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասը»: Բացահայտ վտանգի տակ եղող լեզուների շարքում տեղ է գտել նաև համշենահայերենը: «Լազարյան ինստիտուտ» գիտակրթական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐՏՈՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ 2015-ի մարտին Թուրքիայի Հանրապետության Արդվին նահանգի Խոպա գավառ և Ռիզե նահանգ ուղևորության ընթացքում հերթական անգամ համոզվել են, որ արևելյան կամ Խոպայի համշենահայերը հայախոս են, այսինքն՝ խոսում են հայոց լեզվի Համշենի բարբառով, սակայն իսլամացած են. «Թեև գրեթե բոլոր հարցազրույցներն իրականացվել են թուրքերեն, այնուամենայնիվ, համշենահայերենով զրուցելիս յուրահատուկ ջերմություն, հարազատություն և անկեղծություն էինք զգում: Հայտնի է, որ բռնի կրոնափոխության և ուծացման քաղաքականության հետևանքով ներկայումս բուն Համշենի տարածքում բնակվող համշենահայության մեծ մասը զրկվել է մայրենի լեզվից և հավատքից»:
-Ի՞նչ է արվում համշենահայերենի պահպանման համար:
-Բարեբախտաբար, համշենահայերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, կարևորվում են ժողովածուների, հեղինակային ստեղծագործությունների հրատարակությունները, լեզվի, պարկապզուկի դասընթացները, մշակութային այլ աշխատանքներ: Տեղին է այս հարցին պատասխանել հենց իրենց՝ համշենահայերի հետ զրույցներով: Այսպես, Խոպա քաղաքում բնակվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի տեղեկացմամբ՝ ներկայումս քննարկվում է դպրոցներում համշենահայերենը որպես ընտրովի առարկա ընդգրկելու հարցը: Ավելին, 2014 թվականից հրատարակվող համշենական առաջին «Գոր» ամսագրի նպատակն է պահպանել Համշենի բարբառն ու համշենահայերի մշակույթը: Ամսագրի հաջորդ համարում նախատեսված է «Լեզվի բաժնի» ստեղծումը՝ մայրենի բարբառը սովորեցնելու նպատակով, ինչպես նաև բանահյուսության բաժին, որտեղ հայոց լեզվի Համշենի բարբառով ներկայացվելու է Համշենի բանահյուսությունը:
-Հստակ ուղղորդված քայլե՞ր են արվում, թե՞ մի քանի նվիրյալների թույլ փորձեր են` ինքնությունն ու լեզուն չկորցնելու:
-Թույլ տվեք նկատել, որ համշենահայերենի պահպանման և տարածման խնդրով առաջին հերթին մտահոգված են հենց իրենք՝ համշենահայերը: Եվ դա հասկանալի է: Չէ՞ որ նրանք ձգտում են պահպանել այն, ինչն իրենց հոգեհարազատ է: Նրանք առաջարկում են նույնիսկ այբուբեն ստեղծել՝ քաջ գիտակցելով բանավոր լեզվի անհետանալու վտանգը: Մեկ այլ համշենահայ լրագրող և լուսանկարիչ՝ Ռամազան Բալջըօղլուն, ով Ստամբուլում 2011 թվականից գործող «Հատիկ» միության ղեկավարներից է, կարևորելով լեզվի և մշակույթի պահպանման հարցը, ցավով է նշում, որ լեզուն անհետացման վտանգի տակ է, մինչդեռ մի խումբ համշենցիներ նոր հաստատություն են ստեղծում` «Համշենցիների ծառայության հիմնադրամ» անվամբ. այն կունենա նաև «լեզվի հանձնաժողով», որի նպատակը կլինի «բացահայտել» համշենահայերենի ծագումը: Հար և նման օրինակները և՛ հուսադրող են, և՛ մտահոգության տեղիք են տալիս: Հարկ է երկար քննարկումների ու բացահայտումների փոխարեն լուրջ քայլեր ձեռնարկել համշենահայերենը կորստյան վտանգից փրկելու համար և, որն ամենակարևորն է, համատեղ ջանքերի գործադրմամբ:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ