ԵԹԿՊԻ-ի դասախոս, թատերագետ, դրամատուրգ ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆԻՆ վերադարձել է Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ, բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային 2-րդ ֆորումից: Կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնը` Վալերի Շադրինի գլխավորությամբ:
-Ո՞րն է թատերական գործիչների միջազգային ֆորումի հիմնական նպատակը: Մեր երկրի ներկայացուցիչներն ի՞նչ արդյունքներ են գրանցել:
-ԱՊՀ, բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012-ին` Քիշնևում (Մոլդովա): Ֆորումի կազմակերպիչների նպատակը համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելն էր, որպեսզի նախկին խորհրդային հանրապետությունները հնարավորություն ունենան ցուցադրելու իրենց երկրների ժամանակակից թատերական արվեստը, հաստատեն փոխադարձ համագործակցության կապեր և հայտնաբերեն նոր անուններ:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ հենց առաջին ֆորումում Հայաստանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը` իմ «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ: Երկրորդ ֆորումը, որին մասնակցելու պատիվն ունեցա, անցկացվեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` նոյեմբերի 19-28-ին: Անչափ հաճելի էր հատկապես ինձ համար, որպես դրամատուրգի, առաջին ֆորումի կազմակերպիչների և մասնակիցների այն բուռն ու հիացական վերաբերմունքը, ովքեր դիտել էին «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը։ Ի դեպ, առաջարկներ եղան «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը մի քանի երկրների ամսագրերում տպագրելու:
Այս անգամ նույնպես Հայաստանը պատվով ներկայացավ ֆորումին, ու թեև մրցանակային եռյակում չէինք, սակայն մասնակիցների և ժյուրիի վրա մեծ տպավորություն էր գործել Մարիամ Ղազանչյանի Ջոյի հուզիչ դերակատարումը, ում ժյուրին արժանացրեց հատուկ մրցանակի՝ կնոջ լավագույն դերակատարման համար` Շեյլա Դիլանիի «Մեղրի համը» պիեսի Գոռ Մարգարյանի բեմադրությունում:
Մասնակիցների ուշադրությունը գրավեցին նաև մեր բեմանկարչուհիներ Նելլի Բարսեղյանի և Ալինա Ալեքսանյանի աշխատանքները:
-Ի՞նչ տվեց ֆորումին մասնակցությունը:
-Ինը բուռն թատերական օր` հագեցած ռեժիսորական և դրամատուրգիական վարպետության դասերով, 14 երկրի երիտասարդական ներկայացումներով, բեմանկարչական աշխատանքների ցուցադրություններով, մասնագիտական կարևոր ծանոթություններով և կապերի հաստատմամբ:
Ինքս ֆորումին մասնակցում էի իբրև դրամատուրգ և թատերական քննադատ: Անչափ հետաքրքիր էր լսել մոսկվացի առաջատար թատերագետներ Մարիա Խալիզևայի և Ալլա Շենդերովայի վերլուծական խոսքը, գնահատականները ներկայացումներին, մասնակցել ֆորումին ցուցադրված տասնչորս ներկայացումների քննարկումներին, լսել տարբեր երկրներից ժամանած թատերագետների վերլուծությունները, ծանոթանալ այլ երկրների ժամանակակից թատերագիտության վիճակին և համոզվել, որ հայ թատերագիտական միտքը բավական պատշաճ մակարդակի վրա է:
Նախորդ ֆորումի մասնակիցների հավաստմամբ` այս տարի քննադատների կլոր սեղաններն անցկացվել են ավելի ակտիվ ու արդյունավետ: Ալլա Շենդերովայի խոսքով, եթե անցյալ ֆորումի կլոր սեղանի մասնակիցներն ինքնաբերաբար բաժանվել էին երկու մասի, մի մասը ունկնդիրներ էին, փոքր մասը` մասնակիցներ, այս տարի բոլորը մասնակիցներ էին: Դրա արդյունքում թատերագետներիս վստահվեց հատուկ մրցանակի արժանացնել մեկ ներկայացում: Բավական երկար քննարկումներից հետո որոշվեց մրցանակը հանձնել վրացական «Տրոյայի կանայք» ներկայացմանը` հաշվի առնելով յուրահատուկ էսթետիկան, ռեժիսորական աշխատանքի ամբողջականությունն ու դերասանական ուժեղ կազմը: Հաճույքով պետք է նշեմ, որ քննարկումներին ակտիվ մասնակցելու համար Ալլա Շենդերովայից ստացա մոսկովյան հայտնի «Театр» ամսագրի վերջին համարը, որը հիմնականում նվիրված է պոստդրամատիկական թատրոնին և հրաշալի դիդակտիկ նյութ է թատերական ինստիտուտների դասախոսներիս համար: Մասնակից թատերագետներս առաջարկներ ստացանք տպագրելու մեր թատերագիտական հոդվածները մոսկովյան «Театр», «Экран и сцена», Ղազախստանի «Театр KZ» և վրացական «Աֆսարոս» թատերական ամսագրերում:
-Ի՞նչ խնդիրներ կան թատերական ոլորտում, որ առկա են նախկին խորհրդային գրեթե բոլոր երկրներում:
-Այս օրերի մասնավոր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ թատերագիտության մեջ առկա են մի շարք խնդիրներ, որոնք հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում կապված են թատերական գրականության պակասի, դասագրքերի, թատրոնի պատմության համակարգման և մեթոդիկայի, թատերագիտություն մասնագիտությունը երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնելու հետ: Բացառություն էր Մոսկվան: Տարբեր երկրներում այժմ միտում կա, այսպես ասած, ձևակերպելու 21-րդ դարում տեղի ունեցող թատերական գործընթացները, ժանրերը, որոնք տեսաբանները պայմանականորեն սահմանում են պոստդրամատիկական և պոստ պոստդրամատիկական թատրոն տերմիններով: Որոշ երկրներ իրենց թատերական փորձարարություններում հասել են հոգեֆիզիկական այնպիսի թռիչքների և ազատագրումների, որոնք լրջորեն ուսումնասիրելու կարիք կա, սակայն ֆիզիկական, ինտերակտիվ, փորձարարական, «վերբատիմ» կամ «թատրոն Դոկ» տեսակի թատրոնների կողքին, այնուամենայնիվ, լիիրավ գոյատևում է հոգեբանական, դրամատիկական թատրոնի տեսակը, և բարեբախտաբար, շարունակում է հուզել հանդիսատեսին ու մասնագետներին: Դրա վառ վկայությունը ժյուրիի առանձնացրած վեց մրցանակների (երեքը` հիմնական մրցանակային տեղեր, երեքը` առանձին մրցանակներ) դասակարգումն է, որոնց մեջ առաջին մրցանակը տրվեց, այսպես կոչված, ֆիզիկական թատրոնի տեսակին` Էստոնիայի «Чистый разум»/ «Укуси меня» ներկայացմանը, երկրորդը` դրամատիկական, հոգեբանական ներկայացման, դա ուկրաինացիների ներկայացրած բելառուս հեղինակ Դմիտրի Բոգոսլովսկու «Любовь людей» պիեսի բեմադրությունն էր, որը, ի դեպ, ակնհայտ առաջատարն էր թե՛ ընտրված դրամատուրգիայի, թե՛ ռեժիսորական, թե՛ դերասանական խաղի առումով, երրորդ տեղում Մոգիլյովի թատրոնի «Гамлет» տիկնիկային ներկայացումն էր, սակայն տիկնիկային ո՛չ ավանդական իմաստով, այլ դերասանի և պայմանական տիկնիկի համաձուլվածքի յուրօրինակ մատուցման: Իսկ առանձին մրցանակներում գերակշռողը հոգեբանական խաղաոճի դերակատարումներն էին և մեկ «վերբատիմ» ժանրի ներկայացում («Женщины Трои», Վրաստան)` քննադատներիս ընտրությամբ:
-Դրամատուրգիական հանդիպումների ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում: Հետաքրքիր է նաև, թե հայ դրամատուրգիան օտարերկրյա թատերագետներն ի՞նչ գնահատականի են արժանացնում: Տարաձայնություններ չե՞ն լինում մասնակիցների միջև քննարկումների ընթացքում:
-Առավել կարևոր եմ համարում մասնակցությունս դրամատուրգիական վարպետության դասերին, որը վարում էր հայտնի լեհ լեզվաբան ու թարգմանիչ Անդրեյ Մոսկվինը, ով վերջին տարիներին հիմնականում զբաղվում է ժամանակակից դրամատուրգիայի խնդիրներով, բազմաթիվ դրամատուրգիական անթոլոգիաների թարգմանիչ և կազմող է: Տասնչորս երկրների լավագույն երիտասարդական պիեսներից կազմված դրամատուրգիական անթոլոգիայում ընդգրկված էր իմ «Մերսեդես» պիեսը: Իր զրույցների ընթացքում Մոսկվինը հատուկ մատնանշեց հայկական դրամատուրգիան, քանի որ, նրա խոսքով, ի տարբերություն մի շարք երկրների, այս դրամատուրգիայում հստակ ընդգծված է հայկականությունը, ազգայինը, սակայն գրված է ժամանակակից լեզվով, ժամանակակից հայ իրականության մասին և կհետաքրքրի բոլոր ազգերին: Նա բարձր գնահատեց եղեռնի թեմային անդրադառնալու փաստը, առավել բարձր` ներկայացնելու կերպը, երբ բեմում անմիջականորեն չեն ծավալվում ցեղասպանության տեսարաններ, այլ նկարագրված են այս եղերական իրողության հետևանքները ժամանակակից հայ մարդու կյանքում: Այս փաստը, բնականաբար, մեծ անհանգստություն պատճառեց մեր հարևան երկրի ներկայացուցիչներին, ովքեր իրենց պահվածքով ևս մեկ անգամ ընդգծեցին քաղաքակիրթ չլինելու փաստը: Նրանց դրամատուրգիայի մասին Մոսկվինը նշեց, որ նկատելի միտում կա ազգային դիմագծից խուսափելու, ժամանակակից աշխարհի քաղաքացի երևալու, և որ դա բնավ դրական չի խոսում ժամանակակից ադրբեջանական դրամատուրգիայի մասին:
Դրամատուրգիական հանդիպումների ամենամեծ ձեռքբերումը համարում եմ համատեղ ուժերով ժամանակակից հայ դրամատուրգիայի լեհերեն անթոլոգիա կազմելու Անդրեյ Մոսկվինի առաջարկը:
-Ե՞րբ և որտե՞ղ է նախատեսվում անցկացնել հաջորդ ֆորումը, և, ի՞նչ եք կարծում, մասնակից երկրների թատերական գործիչները հետաքրքրվա՞ծ են այս նախագծով:
-Ֆորումն անչափ կարևոր իրադարձություն է տարածաշրջանի թատերական կյանքում, այն այդպիսին դարձավ առաջին իսկ ֆորումից` 2012-ից: Անկախ անցկացման վայրից, այն ստեղծում է թատերական համընդհանուր մի հարթություն, որտեղ տարբեր ազգերի երիտասարդ թատերական գործիչները նախ և առաջ համեմատության մեջ փորձում են ճանաչել իրենց տեղը միջազգային թատերական տարածությունում, ստեղծված թատերական չափանիշներով չափել մեկը մյուսի հնարավորությունները, ծանոթանալ տարբեր երկրների թատերական կյանքին ու վերջին միտումներին: Կազմակերպիչները նշեցին, որ հաջորդ ֆորումը նախատեսում են անցկացնել երեք տարի անց` որևէ ասիական երկրում: Պետք է նկատել, որ ֆորումի չափանիշները բավական բարձր են` ձևավորված մոսկովյան հանրահայտ թատերական գործիչների և Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի կողմից։ Այդ չափանիշների տեսանկյունից, ըստ իս, առաջատար տեղ էին զբաղեցնում, համենայն դեպս այս ֆորումի ընթացքում, Լիտվան, Էստոնիան, ՈՒկրաինան, Հայաստանը, Վրաստանը:
Բելառուսական դրամատուրգիայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մարչենկոն թատերական այս տոնն իր ֆեյսբուքյան էջում այսպես է նկարագրել. «Այս տասը օրերի խտացված ակտիվ կյանքի ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, հնչեցին կարևոր խոսքեր, մտերմացան հոգիներ, եղան բաժանումներ, դրամաներ ծավալվեցին, ստեղծվեցին պրոֆեսիոնալ և ընկերական կապեր, միայն մեկ բան տեղի չունեցավ` ոչ ոք հավակնություն չուներ լավագույնը և վերջնականը լինելու, բոլորս գոյություն ունեինք և թույլ էինք տալիս գոյատևել մյուսներին այս կոնցենտրացված կոնցենտրատում»:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ