Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը, որոշել է վաճառել հոր անտիպ արխիվը, ստացված գումարով գրողի՝ անմխիթար վիճակում գտնվող հուշաքարը վերականգնելու, Լոր գյուղում թանգարան բացելու, Երևանում հուշարձան կանգնեցնելու համար:
«Իրատեսի» հետ զրույցում ՆԱԻՐԻ ՍԱՀՅԱՆՆ ասաց, որ 2014-ին գրողի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի որոշմամբ` ծննդյան օրը պետք է բացվեր թանգարանը, անցել է մեկ տարի ութ ամիս, իսկ թանգարանի բացումը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է: «Գոնե հասցնեմ, այդ հույսով եմ ապրում ու դրա համար»,- ասաց գրողի որդին, թեև վստահ չէ, որ ձեռագրերի համար այդքան գումար կտան:
Նշենք, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն իրականացրել է Սյունիքի մարզի Լոր գյուղում Համո Սահյանի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել Գետիկ Բաղդասարյանի հեղինակած` բանաստեղծի կիսանդրին, որն առայժմ քանդակագործի արվեստանոցում է: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը:
«Ե՞րբ իր դռները կբացի տուն-թանգարանը»,- այս հարցով դիմեցինք մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ: Փոխնախարարն ասաց, որ ձեռագրերը վաճառելու և անհանգստանալու կարիք չկա, տուն-թանգարանի կառուցումն ավարտվում է, էքսպոզիցիոն պլանը կազմված է, կիսանդրին՝ պատրաստ: Թանգարանը գործելու է Սյունիքի մարզպետարանի ենթակայության ներքո, բայց հավաքածուն պետական է, հաշվառված է Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում: Մնում է ավարտվեն շինարարական աշխատանքները: Փոխնախարարը վստահեցրեց, որ մեծ գրողի տուն-թանգարանն իր դռները կբացի եկող տարի` Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին:
Համո Սահյանի հուշաքարը (Երևան, Կասյան 3) վնասվել է շենքի պատերը մաքրելիս: Գրողի որդին դիմել է քաղաքապետարան, չեն ընդունել իրենց մեղավորությունը և որոշակի գումար են առաջարկել: «Ես մուրացկան չեմ»,- ասաց զրուցակիցս՝ վրդովմունք հայտնելով անփույթ ու արհամարհական վերաբերմունքի համար: Ինչ վերաբերում է բանաստեղծի հուշարձանին, պետությունը հուշարձանի համար տեղ է հատկացրել Երևանում` Շախմատի տան հետնամասում: Առայժմ այսքանը: Քանդակ տեղադրելը հեշտ գործ չէ:
Հետաքրքրվեցի նաև` գրողի արխիվում կա՞ն տպագրության համար նախատեսված նյութեր: Նաիրի Սահյանն ասաց, որ արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաև Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում տպված հոդվածներ և այլն. «Արխիվը պետք է նվիրեի գրականության ինստիտուտին, բայց եկա կանգնեցի այս խնդրի առաջ: ՈՒզում էի անտիպները ամբողջական գրքով հրատարակել: Գրականագետները եկան, տեսան, գլուխները բռնեցին, ասացին` ժամանակ տուր, գումար հայթայթենք տպագրության համար: Որոշ ժամանակ անց ասացին, որ գումար չկա»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ