Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը վաղվանից կլինի մեծ էկրաններին: Ֆիլմը ներկայացնում է մշակույթի նախարարությունը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ գրող, դասախոս Էդգար Նովենցը, փորձում է գտնել Վարդապետի լռության առեղծվածը: Ինչի՞ մասին էր լռում Կոմիտասը: Մինչև ո՞ւր է հասնում այդ լռությունը: Եթե նրան չնեղացնեին Էջմիածնում, եթե նա Պոլսում չլիներ, եթե նա չփակվեր Փարիզի հոգեբուժարանում: Հիվա՞նդ էր արդյոք վարդապետը: Եվ այո, և ոչ: Այս հարցերը անհաղթահարելի պատի են բախվում, քանի որ պատմությունը եթե-ներ չի սիրում: ՈՒ քանի որ լռություն չկա, խլություն է, ծղրիդի երգը չեն լսում, ասում են՝ լռություն է: Ֆիլմի ռեժիսորը համոզված է՝ այսօրվա հերոսը չպետք է լռի: Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի:
Իրեն երկրի տերը զգացող այսօրվա երիտասարդը խախտում է լռությունը՝ դուրս գալով փողոց ու պայքարելով հանուն ազատության: Քաղաքացիական պայքարի մերօրյա ծանոթ տեսարանները խախտում են կրկնվող պատմության ընթացքը:
Խորհրդանշական է նաև Էդգար Նովենցի և Սոնայի սիրավեպը: Սոնան՝ որբ, միայնակ, մի քիչ վիրավոր ու անչափ հմայիչ, կրծքի տակ կրում է նույնքան որբ, անհայր ու անմայր երեխային՝ կյանքը: Սոնան անցյալ չունի: Սիրիայում 100 տարի անց նորից եղեռնի սարսափները վերապրած ու Հայաստանում ապաստանած ամուսինները երեխա ունենալու համար իբրև մայր ընտրում են Սոնային: Ժամանակակից բժշկությունը դրան փոխնակ անունն է տալիս: Երեխան չծնված՝ ծնողները ավտովթարից մահանում են: Սոնան օրվա ապրուստը վաստակում է՝ չափելով հիվանդ քաղաքի ջերմությունը: Երեխան ծնվելու է ի հեճուկս պատմության, դժվարությունների, կրկնվող եղեռնի ու շնորհիվ սիրո ու ջերմության: «Ազատվելու» համար պետք է գոռալ, խախտելով հարյուր և ավելի տարիների լռությունը:
Վարդապետի լռությունը հասկանալու համար Էդգար Նովենցը անցնում է նրա տառապանքի միջով, ի վերջո, խախտելով լռությունը:
Էդգար Նովենցին մարմնավորում է Վարդան Մկրտչյանը: Սոնայի դերում Անի Ղազարյանն է: Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը, Սոնա Վանի բանաստեղծությունը: Կոմիտասին մարմնավորում են Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը, Գռաֆսերը: Սցենարը Վիգեն Չալդրանյանինն է՝ Ռուբեն Հովսեփյանի խորհրդատվությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ