Կյանքից հեռացել է «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր, արձակագիր ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«Իրատեսին» տված իր հարցազրույցներից մեկում գրողը, խոսելով գրականության դերի մասին, ասաց, որ ժամանակի առումով, իբրև հիմք, գրականությունն ավելի մեծ ըմբռնում է, քան այսօր թևածում է մեր կյանքում. «Այն ապրում է մարդկանց հայտնի գոնե ժամանակի երեք ոլորտներում: Ոչ թե այսօր գնացինք, հաղթեցինք, և ստեղծվեց այս գործը: Պարզապես երևի դա էլ է պետք, որ կոչվի այօրվա գրականություն: Վաղը դա չի երևա: Բայց որևէ կուսակցություն՝ իշխանության գլուխ կանգնած, գրողից հենց դա է պահանջում: Նրանց համար գրողները մոդայիկ մարդիկ են, այսօր մոդան այս է ասում, պետք է անեն: Չեն հասկանում գրողի բովանդակության անվերջությունը: Պատահական չէ, որ մեծ գրողներին երբեմն նմանեցնում են Աստծուն: Քանի որ ոչ թե ստեղծում են խոսք, գաղափար, այլ կյանք»:
Իսկ ահա կյանքի մասին ասում է. «Աստված, որ ստեղծել է գիշեր-ցերեկը, դրանք ձրի չի տվել: Դրանք պահանջում են հատուցում: Ինչով ենք հատուցում անձրևը, ձյան գեղեցկությունը…Տառացիորեն ոչնչով: Այդ ամենը բեռի նման նստած է մարդկանց ուսերին»:
Վարուժան Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991-ին: Այնուհետև լույս են տեսել «Ճանճի ամիսը», «Համեմատական կենսագրություններ» վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» արձակ գործերի, «Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման» հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ