Հայաստանը «Եվրիմաժի» (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages) անդամ է: Մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ վերջին երկու-երեք տարիներին կինոյի ոլորտում միջազգային աշխատանքը միտված էր եվրոպական այս կառույցին անդամակցելուն: Նրա խոսքով` «Եվրիմաժը» աջակցում է ֆիլմերի արտադրությանը, դիստրիբյուցիային: Առաջնահերթությունը տրվում է համատեղ կինոարտադրությանը, այսինքն, ինքնըստինքյան, այս հիմնադրամի շահառուները ձգտելու են եվրոպական գործընկեր գտնել: Սա կբարձրացնի ֆիլմերի տեխնիկական որակը, հնարավորություն կընձեռի նկարահանումներ անելու եվրոպական երկրներում և այլն»:
«Եվրիմաժի» ղեկավարության կազմում կան ներկայացուցիչներ բոլոր անդամ երկրներից` ձայնի իրավունքով: Ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմի որակին, կինոնախագծի արդյունավետությանը համարժեք: Այս անդամակցության շնորհիվ հնարավոր կլինի համատեղ ֆիլմարտադրության ծրագրեր ներկայացնել «Եվրիմաժին»:
Փոխնախարարը նշեց, որ առաջին տարում կարևոր է պետության աջակցությունը, ուսուցողական թրեյնինգներ են կազմակերպելու մեր կինոարտադրողների համար, ծանոթացնելու են հայտերի ներկայացման ձևաչափին, ֆոնդից օգտվելու սկզբունքներին: Այդ նպատակով նաև կհրավիրվեն հիմնադրամի ներկայացուցիչներ, հանդիպումներ կկազմակերպվեն հայ կինոարտադրողների հետ:
Հայաստանը անդամակցության համար վճարելու է 130 հազար եվրո, շատ ավելի պակաս, քան այլ երկրներ: «Իսկ հնարավորությունը մեծ է,- պարզաբանեց փոխնախարարը։- Հիմնադրամը 2015-ին 15 ու կես միլիոն եվրո գումարով ֆիլմեր է ֆինանսավորել (6 վավերագրական, 59 խաղարկային, 3 անիմացիոն), ինչպես նաև 800 հազար եվրո է ծախսել ֆիլմերի դիստրիբյուցիան կազմակերպելու համար: Այսինքն, եթե ֆիլմը հաջողված է, կարող է մասնակցել նաև աջակցության դրամաշնորհի մրցույթին»:
«Եվրիմաժին» Հայաստանի անդամակցության հարցը վաղուց էր քննարկվում, ինչո՞ւ այսքան ուշ հաստատվեց՝ հետաքրքրվեցի։ Արթուր Պողոսյանն ասաց, որ նախ պետք է ուսումնասիրեին մեր կինոարտադրությունն ու հնարավորությունները. «Դեռ երկու տարի առաջ ներկայացրել ենք, կարելի է ասել, ամփոփ զեկույց հայկական կինոարտադրության, արտադրանքի, ֆիլմերի ցուցադրությունների, կինոարտադրող ընկերությունների ու կինոթատրոնների մասին: Այսինքն, իրենք պետք է ուսումնասիրեն կինոարտադրության ողջ գործընթացը, ինչու ոչ` նաև անցած ճանապարհը, թե ինչ ստուդիաներ են եղել, ինչ ֆիլմաֆոնդ ունի երկիրը: Կարևոր է նաև ֆիլմերի հանրահռչակման խնդիրը՝ ինչ փառատոներ են անցկացվում այդ երկրում, քանի ֆիլմ է մասնակցել այլ փառատոների, ասենք, Կաննի փառատոնին Հայաստանը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ: Սրանք մանրուքներ են, բայց բնութագրում են երկրի կինոարտադրությունը»: Կինոյի մասին օրենք ունենալը նո՞ւյնպես պարտադիր պայման է եվրոպական այդ կառույցին անդամակցելու համար։ Այս հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ ոլորտը պետք է կարգավորված լինի տարբեր որոշումներով, բայց կինոյի մասին օրենք ունենալը պարտադիր չէ. «Մեզ մոտ դեռ կինոյի մասին օրենքը չի ընդունվել, բայց մենք արդեն «Եվրիմաժի» անդամ ենք»։
«Եվրիմաժը» ստեղծվել է 1988-ին՝ Եվրոպայի խորհրդին առընթեր և առայսօր 37 անդամ պետություն ունի` Հայաստանը ներառյալ: Նախկին խորհրդային հանրապետություններից «Եվրիմաժի» անդամ են Ռուսաստանը, բալթյան երկրները և Վրաստանը: 1988-ից ի վեր «Եվրիմաժն» աջակցել է 1726 եվրոպական համարտադրությունների՝ 518 մլն եվրո ընդհանուր գումարով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ