«Երեկ ֆեյսբուքյան «Գրականություն» խմբի անդամները նշեցին գրական էջի երկուամյակը՝ էջի ընթերցողների, ճանաչված գրողների ու արվեստագետների հետ: Մեր զրուցակիցը գրականագետ-գրաքննադատ, խմբի հիմնադիր ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ է:
-Ֆեյսբուքում կան տարբեր գրական խմբեր, ինչո՞վ է առանձնանում «Գրականություն» խումբը:
-«Գրականություն» խումբը, իհարկե, շատ խմբերից առանձնանում է, նախ և առաջ, իր բովանդակությամբ: Որպես էջի հիմնադիր և պատասխանատու՝ ինքս եմ որոշում թեմատիկ բաժանումները: Այս էջում պարբերաբար երևում է գրական քննադատություն, որը հղում չէ որևէ տեղից, այլ ծնվում է հենց մեզ մոտ, այդ օրը: Ես անընդհատ անդրադառնում եմ գրականագիտությանն առնչվող հարցերին պարբերական մամուլում, հանդես եմ գալիս հարցազրույցներով, ինչը և տեղադրում եմ էջում, նաև գրառումներ անում, որն արժանանում է ուշադրության: ՈՒնեմ նաև իմ հեղինակած «Ընթերցողը» շարքը: Արդեն տասնից ավելի հոդված եմ հատկացրել «Ընթերցողին»: Գրականությունն ինքնին չէ, այն ուղղակի «շրջափակված» է արվեստի բոլոր թևերով: Էջում թատերագիտական հրապարակումներով և թատրոնի մասին գրառումներով հանդես է գալիս թատերագետ Անուշ Ասլիբեկյանը: Որպեսզի մեր էջի ընթերցողին հաճույք պարգևենք, ստեղծեցինք նաև երաժշտական բաժին՝ Վահան Մուրադյանի օգնությամբ: Գրականությունն ուղիղ կապ ունի կերպարվեստի հետ. Էջում երևում են հայ և համաշխարհային մեծերի կտավներ՝ թե՛ անհայտ, թե՛ շատ նշանավոր: Մեր խմբի աշխատակազմում ընդգրկեցինք փորձառու լուսանկարիչ Գագիկ Գասպարյանին, ով էջը լցնում է իրականությամբ, կյանքի այնպիսի ակնթարթների վավերացումներով, որ երբեմն չենք էլ նկատում: Էջում երևում է նաև ժամանակակից գրական կյանքի անցուդարձը, այն ինչ երեկ է տեղի ունեցել՝ գրականագիտական հոդվածներ, հարցազրույցներ, անմիջական տպավորություններ գրական ամենատարբեր հանդիպումներից, տեսագրություններ՝ տարբեր գրական իրադարձությունների: Այս աշխատանքն է կազմակերպում լրագրող Սիրանուշ Նազլուխանյանը: Մեր էջի աշխատակազմում է արձակագիր, հրապարակախոս Աշոտ Հովսեփյանը: Նա անդրադառնում է մեր երկրում երեկ և այսօր կատարվող իրադարձություններին՝ գրական նմուշներով, հոդվածներով, սատիրիկ էսսեներով:
Այս բաժինն շուտով ավելի կամբողջանա: Կարո Արմենեանը ներկայացնում է արևմտահայ գրականությունն ու արվեստը: Ինգա Իսահակյանը, բացի իր գործերից, սփյուռքահայ գրականությունից տեղադրումներ է անում: Բենիկ Ստեփանյանը ներկայացնում է ոչ միայն իր գործերը, այլև նոր լույս տեսնող գրքերին է անդրադառնում: Գրականագետ Լուսինե Մյուլլերը գրական անցուդարձին վերաբերող հրապարակումներ է անում:
Մեր խումբն անդրադառում է գրողների ծննդյան օրերին՝ որպես գրական կյանքի կարևոր իրադարձություն: Այդ օրերին ներկայացվում են հոբելյարներն իրենց գործերով, այն ամենը, ինչը բնորոշում է տվյալ արվեստագետին: Էջում երևում են նաև անդրադարձներ կինոյի աշխարհին: «Գրականություն» խմբում կան շատ նորություններ, որոնք ֆեյսբուքյան տարածքում առաջինն են իրականացվում:
-Կա՞, այսպես կոչված, գրաքննություն, ո՞ր դեպքում են խմբի ադմինիստրատորները հեռացնում տեղադրած նյութերը:
-Այո, կա այդպիսի փաստ: Եթե դա գրաքննություն անվանենք, այնքան էլ ճիշտ չի լինի: Մենք չենք տեղադրում այն գործերը, որոնք չունեն գեղարվեստական գրականությանը պատկանող գոնե մեկ-երկու չափանիշ:
-Ավելի շատ առողջ քննարկումներ են լինում: Պատահո՞ւմ են անձնական և այլ բնույթի վիրավորանքներ, անսանձ պահվածք օգտատերերի կողմից:
-Իհարկե, մենք ունեցել ենք բարդագույն օրեր, սպառնացել են ինձ, անզուսպ վարք ցուցաբերել իրենց «ելույթներով»: Այսպիսի դեպքերում զգուշացնելուց հետո մենք հեռացրել ենք մի քանիսին: Առանց արմատական քննարկումների՝ փորձել են խժդժություններ անել, հաճախ՝ երեխայական պահվածք, ինչը կարող էր թուլացնել ուշադրությունը ներկայացվող նյութերի նկատմամբ և աղճատել մեր բարեգործական հիմունքներով ընթացող աշխատանքը:
-Սոցցանցերը կտրում են մարդկանց գրքից, ընթերցանությունից, բայց, մյուս կողմից, կարծես, սոցցանցերը մոտեցնո՞ւմ են գրականությանը, հանրահռչակում գրողին ու իր գործերը:
-Անշո՛ւշտ հանրահռչակում են: Առանց անուններ տալու, պիտի արձանագրեմ մի կարևոր իրողություն: Մեր խմբում երևալուց հետո ընթերցողը ճանաչեց այդ գրողին կամ գրողներին, փորձեց ձեռք բերել նրանց գրքերը, հանդիպել իր սիրելի բանաստեղծին, արձակագրին: Մի՞թե քիչ է…
Ինչ վերաբերում է սոցցանցերին, ապա այն իր գործն անում է գրքի տարածման, գրողին ճանաչելու գործում, բայց, իմ կարծիքով, արժանահավատ են այն գրական խմբերը, որտեղ աշխատանքները վարում են բանասերները, գրականագետները, արվեստագետները, գոնե կրթված մարդիկ… Հասկանալի պատճառներով:
-«Գրականություն» խմբի հետագա գործառույթը. նորություններ սպասվո՞ւմ են:
-Իհարկե, սպասվում են: Դրանք մեծ անակնկալներ են, իսկ անակնկալները հենց այնքանով են անակնկալ, որ նախապես չեն ներկայացվում:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ