Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Չեմ կարծում, թե ընթերցասեր լինելու հանգամանքը պայմանավորված է միայն սոցիալական կամ այլ գործոնով»

«Չեմ կարծում, թե ընթերցասեր լինելու հանգամանքը պայմանավորված է միայն սոցիալական կամ այլ գործոնով»
01.03.2016 | 02:20

Գրախանութները մեր քաղաքում այնքան էլ շատ չեն, դրական միտում, այնուամենայնիվ, նկատվում է` գրքեր են վաճառվում տարբեր հիմնարկներում, գրենական պիտույքների խանութներում, դեղատներում, փոստային բաժանմունքներում, սուպերմարկետներում, գրադարաններում: Գրքի վաճառքի մի փոքրիկ տաղավար կար նաև Երևանի քաղաքապետարանում: «Այո, ճիշտ եք նկատել, քաղաքապետարանում գործում էր գրախանութ, որը հետաքրքիր ու հաճելի էր ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի, այլև մեր հյուրերի համար»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, ավելացնելով, որ գրքի, գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը զգալիորեն նպաստել է նաև 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը. «Պիտի ասեմ, որ մեր քաղաքը պատվով կրեց այդ տիտղոսը, և այդ, այսպես ասենք, իներցիան շարունակվում է: Վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի մեծանում է գրախանութ այցելողների թիվը: Աճելու միտում ունի նաև հայ գրականությամբ հետաքրքրվողների թիվը: ՈՒրախալի է, որ, դասականից բացի, ժամանակակից գրականությունը նույնպես դառնում է պահանջված: Ոգևորիչ է նաև այն փաստը, որ գնալով ավելի հաճախ են անցկացվում գիրք նվիրելու տարաբնույթ ակցիաներ, գրական հանդիպումներ, ընթերցանության ֆլեշ-մոբեր և այլն»:

-Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի միջազգային մայրաքաղաք, խոսակցությունները հիմնականում փակվող գրախանութների մասին էին, ընթերցանության պակասի, գրքերի փոքր տպաքանակի: Գրական շրջանակի մարդկանց ավելի շատ վրդովեցնում էր, քան ոգևորում Երևանի տիտղոսը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ միջոցառումը տվեց իր դրական արդյունքը: Հիմա էլ քաղաքը ձևավորող գրական ցուցապաստառներն են ժամանակ առ ժամանակ քարկոծվում: Թեկուզ այն պատճառով, որ իրականում իր գրողներին չի էլ ճանաչում քաղաքը: Ըստ Ձեզ` ցուցանմուշները փոխո՞ւմ են քաղաքը, քաղաքացիներին ուղղված այդօրինակ հղումներն ի՞նչ դեր ունեն:
-Քաղաքն ապրող օրգանիզմ է, իսկ այդ օրգանիզմն իր բաղադրիչներն ունի, այդ թվում` Ձեր նշած պաստառները, ցուցանակները: Գրողների նկարներով, գրական մեջբերումներով ցուցատախտակների հիմքը դրվեց այն ժամանակ, երբ Երևանը նախապատրատվում էր գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու միջոցառումներին: Այո, պաստառի վրա պատկերված գրողին շատերը չեն էլ ճանաչում: Ոմանք վատ են ընդունում գովազդի այդ ձևը, բայց հետաքրքրությունը գրականության, գրողի հանդեպ ավելանում է: Նաև գեղեցիկ ավանդույթ է ձևավորվում: Դա, իմ կարծիքով, ոչ միայն լավ, այլև շա՛տ լավ է: Թող մարդիկ գիրք կարդան, թող ոմանք ծիծաղեն կամ վրդովվեն: Ռուսաստանում, օրինակ, խորհրդային տարիներին (գրեթե վստահ եմ, որ այսօր էլ շարունակվում է) կար մի գեղեցիկ ավանդույթ` փողոցում, մետրոպոլիտենում, երթուղայիններում ընթերցողների անտառ էր, ամեն երկրորդը գիրք էր կարդում: Համոզված եմ, որ մեզ մոտ էլ կձևավորվի այդ մշակույթը, առաջին երկուսի վրա գուցե ծիծաղեն, հեգնեն, հետո կսովորեն: Մեր երիտասարդների ընթերցանության ֆլեշ-մոբերն էլ սկզբում անսովոր էին, հիմա սպասված են, մարդիկ ուրախանում են, ժպտում, վաղն էլ իրենք կմասնակցեն:
-Մեզ մոտ այգիներում, մետրոյում և այլուր մտահոգ դեմքով մարդկանց կարող ես տեսնել, ընթերցանությամբ տարված մեկին գտնել գուցե չհաջողվի: Եթե գրքերն ավելի էժան լինեն, մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն, գուցե մեզ մո՞տ էլ ունենանք այդ պատկերը:
-Չեմ կարծում, թե ընթերցասեր լինելու հանգամանքը պայմանավորված է միայն սոցիալական կամ այլ գործոնով: 19-րդ դարի վերջին մեր երիտասարդները հացի փող չունեին, բայց գիրք էին գնում-կարդում: Ի՞նչ է, ավելի լա՞վ էին ապրում, քան հիմա: Իմ խորին համոզմամբ` մեր կարդացող, գիրք սիրող հասարակությունը դադարեց այդպիսին լինելուց մութ ու ցուրտ տարիներին: Վակուումային մի շրջան եկավ: Գիրք կարդացող գրեթե չկար: Հետո ես տեսա, որ երեխաներս իրենց ուսանողական ընկերների հետ գիրք են փնտրում կարդալու համար: Շատ ուրախացա: Լցվեց այդ վակուումը: Սկսեցին կարդալ: Մի պահ էլ մոդայիկ դարձավ էլեկտրոնային գիրքը, բայց ինձ ուրախացնում է այն, որ մարդիկ վերադառնում են տպագիր գրքին: Գուցե ես հին մարդ եմ, բայց գիրքը հոտ պետք է ունենա, հակառակ դեպքում դա ինձ համար գիրք չէ:
-Երևանյան գրադարանների մասին ի՞նչ կասեք:
-Գրադարանները, գրադարանային պայմանները մեծ դեր ունեն ընթերցանության աշխուժացման գործում: Վերջին տարիներին, բարեբախտաբար, ահագին տեղաշարժ կա` և՛ նորոգման, և՛ ջեռուցման համակարգերի առումով: Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շնորհիվ այսօր մենք չջեռուցվող գրադարան չունենք, հիմնականում բոլորն էլ նորոգված են:
-Սակայն լավ գրքերի պակաս կա գրադարաններում:
-Գրքի պակաս, առավել ևս, լավ գրքի, միշտ եղել է ու կլինի: Թող դա՛ լինի խնդիրը, փնտրեն ու ձեռք բերեն, ոչ թե ընթերցողը ցրտից սրթսրթալով նստի ընթերցասրահում: Բայց, կրկնում եմ, գրադարանային ֆոնդն ամեն տարի համալրվում է:
-Կան գրքեր, որ, այսպես ասած, մեռնում են գրադարակներում, և կան պահանջարկ ունեցող գրքեր, որ չես գտնի գրադարաններում: Ի՞նչ սկզբունքով է իրականացվում համալրումը:
-Ամենատարբեր: Գրականությունը տրամադրվում է ըստ պահանջարկի, բայց, ցավոք, մենք չունենք հնարավորություն մեծ պահանջարկ վայելող բոլոր գրքերով ապահովելու բոլոր գրադարանները: Իսկ առհասարակ, բավարար չափով չի ներկայացվում նոր գրականությունը: Մինչև չգովազդվի, չենք կարող ասել` գրադարանին տրամադրած գիրքը կընթերցվի՞, պահանջարկ կունենա՞, թե՞ ոչ:
-Սոցցանցերը գովազդում են գրողին, գրական գործերը, բայց, մյուս կողմից էլ, սոցցանցերը չէ՞, որ կտրում են մեզ գրքից: Այս հակասությունից ո՞նց գլուխ հանենք:
-Որքան կտրում են, նույնքան էլ մոտեցնում են, քարոզչական առումով սոցցանցերը մեծ բեռ են տանում իրենց ուսերին:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ