«Ման Փիքչերս ստուդիոյի» նկարահանած «Փրկության քարտեզ» ֆիլմը ցուցադրվել է Ավստրիայում, Իրանում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում: Ցուցադրություններ են նախատեսվում նաև այլ երկրներում: Հայաստանյան պրեմիերան կայացել է 2015-ի ապրիլին: Ընթացիկ տարվա ապրիլին դարձյալ ներկայացվելու է հայաստանյան կինոթատրոններում: «Փրկության քարտեզին» բարձր գնահատականներ են տվել հայ և օտարազգի պատմաբաններ, դիվանագետներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ:
Խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը Եվրոպայի տարբեր երկրներից՝ Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից Արևմտյան Հայաստան մեկնած հինգ երիտասարդ միսիոներուհիների մասին է: Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: «Փրկության քարտեզ» ֆիլմը վարում և պատմում է ֆինն պատմաբան, կրոնագետ, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը՝ Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը: Ֆիլմը նկարահանվել է Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Հունաստանում, Լիբանանում, Արևմտյան Հայաստանում, Սիրիայում, Թուրքիայում և Հայաստանում:
«Փրկության քարտեզի» ուղին, կարծես, այսքանով սահմանափակվում է` բախվելով պետական կառույցների անտարբերության պատին: Հարց է առաջանում` ինչո՞ւ է նկարահանվում ֆիլմ ցեղասպանության մասին, եթե այն, ներսի ու դրսի հանդիսատեսին հասնելու փոխարեն, պետք է շատ այլ ֆիլմերի պես հայտնվի դարակներում: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Ման Փիքչերս ստուդիոյի» հիմնադիր տնօրեն, պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ հետ:
-«Փրկության քարտեզը» ներառված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նկարահանված ֆիլմերի ցանկո՞ւմ:
-Այո, մի քիչ ուշացումով` 2014-ի դեկտեմբերին է ներառվել, երբ նկարահանման աշխատանքների զգալի մասն արված էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի օժանդակությամբ հնարավոր եղավ ավարտել ֆիլմի նկարահանումը: Հայաստանում մեր ֆիլմին աջակցել են Ազգային կինոկենտրոնը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող հիմնադրամը: Դրանք միասին կազմեցին բյուջեի ընդամենը 30 տոկոսը: Եվ, փառք Աստծո, տարբեր երկրներում հայ և այլազգի հրաշալի մարդկանց, կազմակերպությունների աջակցությամբ և օգնությամբ շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս նախագիծը: Մեր առջև բացվում էին բազում անհավանական դռներ: Երևի դա նրանից էր, որ մենք հիրավի աստվածահաճո գործ էինք անում: Այդ ամենի հետ առանցքային էր, իհարկե, ստեղծագործական խմբի բարձր պրոֆեսիոնալ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել այս ֆիլմը:
-Ինչպե՞ս է կանոնակարգվում պետական աջակցության գործընթացը: Որքան ինձ հայտնի է` աջակցություն են տրամադրում և այլևս չեն միջամտում ֆիլմի ճակատագրին: Կարծես նաև շահույթ չեն ակնկալում:
-Ցավոք, մեր կինոարտադրության ոլորտում օրենսդրորեն դեռ ոչինչ կարգավորված չէ, ամեն բան թողնում են մի քանի պաշտոնյաների ոչ ստանդարտ որոշումների հույսին: Այնպիսի տպավորություն է, որ պետությունը զարգացման ակնկալիք չունի էլ այս ոլորտում: Քսան-երեսուն տոկոս աջակցություն տրամադրելը և շահույթ չակնկալելը հավասար է ոչինչ չանելուն: Ռուսաստանում, Վրաստանում 70 տոկոս աջակցություն է տրամադրվում, պայմանով, որ ֆիլմի վարձույթից ստացված եկամուտի 5-7 տոկոսը հետ վերադարձվի: Այսինքն, պետական աջակցություն ցուցաբերող տվյալ կառույցը (հիմնադրամը) նույնպես շահագրգիռ է լինում, որ ֆիլմը շուկա դուրս գա ու կարողանա իր ֆինանսական ակտիվները շարունակաբար համալրել: Ընդ որում, աջակցությունը ցուցաբերվում է համապարփակ, ըստ փուլերի` սցենարի զարգացումից, արտադրական փուլից մինչև արդեն նկարահանած ֆիլմը կինոփառատոներին ներկայացնելու և տարածելու գործընթացը:
-Ի՞նչ միտք ունի ֆիլմ նկարահանելը, եթե այն պետք է մնա դարակներում:
-Ես անընդհատ բարձրաձայնում եմ այդ խնդիրը, որ չի կարելի գումար ներդնել այնպիսի ֆիլմի արտադրության համար, որը հետագայում սպառում չի ունենալու: Մեզ մոտ պետական ֆինանսավորմամբ նկարվում են ֆիլմեր, որոնք հիմնականում առաջնախաղ են ունենում, աննշան արդյունքներով մի քանի փառատոնի են մասնակցում, բայց, մրցունակ չլինելու պատճառով, պահանջարկ չեն ունենում: Յուրաքանչյուր ֆիլմի արտադրությունը նպատակային պետք է լինի, նախապես պետք է հստակեցնել՝ ում է ուղղված, ինչ խնդիր է լուծում: Մեկ-երկու ձախողումներ կարող են լինել, բայց եթե պարբերաբար է, նշանակում է, որ կինոարտադրողը, մեղմ ասած, անհեռատես է:
-Այսինքն, ֆիլմերը դարակներում են մնում որակյալ չլինելո՞ւ պատճառով:
-Պետք է հասկանալ, որ 20-30 տոկոս պետական աջակցությունը չի կարող նպաստել որակյալ ֆիլմերի ստեղծմանը: Բացի այդ, մեր երկրում ձևավորված չէ կինոշուկա հասկացությունը, վերջերս են սկսել բացվել մեկ-երկու կինոթատրոններ: Չկա կինովարձույթ: ՈՒրեմն գոնե պիտի նկարահանես ֆիլմ, որ մրցունակ լինի դրսի շուկայում: Որովհետև, եթե պրոդյուսերը բյուջեի 50-80 տոկոսը ձեռք է բերում այլ աղբյուրներից, բնական է, որ ներդրողների առաջ պարտավորություն է ունենալու: Ֆիլմից եկամուտ ակնկալելն այս դեպքում պարտադիր պայման է: Այսպիսով, արմատական բարեփոխումներ են պետք կինոոլորտում, հակառակ դեպքում անընդհատ կորուստներ ենք ունենալու` նյութական, բարոյական և մարդկային ռեսուրսների առումով:
-Խնդիրն ընդհանրական է, բայց ցեղասպանության թեմայով ֆիլմի դեպքում ենթադրվում է, որ վերաբերմունքը մի փոքր այլ պետք է լիներ:
-Ես էլ էի այդպես կարծում, բայց պարզվեց, որ դրան լուրջ նշանակություն չի տրվում, նույնիսկ եթե ֆիլմը հաջողվել է: «Փրկության քարտեզը» միայն ցեղասպանության մասին չէ, այլ համամարդկային արժեքների և մարդասիրության: Այն նաև մեր ժողովրդի երախտագիտության տուրքն է օտարազգի երախտավորներին: Այս թեման պետք է պետական պատվերի հավակներ, ոչ թե ստանար նման մասնակի աջակցություն:
«Փրկության քարտեզը» բարձր գնահատականի է արժանացել թե՛ մեզ մոտ, թե՛ դրսում: Տեխնիկական առումով հաջողված է, կառուցվածքը` եզակի: Ցեղասպանությունը ներկայացվում է օտարազգի ականատեսների հուշագրությունների ու վկայությունների միջոցով: Այսինքն, որպես ևս մեկ փաստագրություն կարող են օգտագործել պատմաբանները, դիվանագետները, սՍփյուռքի հայկական կազմակերպությունները: Տեսեք, Հոլոքոստի մասին բոլորը գիտեն, բայց հրեաներն անընդհատ անդրադառնում են այդ թեմային: Գլուխգործոց ֆիլմեր են նկարահանել ու շարունակում են նկարահանել: Եվ Հոլոքոստը ճանաչել են շատ ավելի մեծ թվով երկրներ, քան Հայոց ցեղասպանությունը: Այսինքն, մենք խնդիր ունենք մեր պատմությունը ներկայացնելու:
-Ինչպե՞ս են բացատրում ֆիլմի անտեսման փաստը: Փորձե՞լ եք հարցի պատասխանը ստանալ վերևներում:
-Փորձել եմ անձամբ հանդիպումներ ունենալ: Նախ՝ հետաքրքիր էր իմանալ իրենց՝ պետական աջակցողների կարծիքը ֆիլմի մասին ու նաև ներկայացնել ներկայիս խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ են հավելյալ միջոցներ: Անհրաժեշտ է ֆիլմը թարգմանել տարբեր լեզուներով, ներկայացնել փառատոների, Հայաստանում և հնարավորինս շատ երկրներում ցուցադրումներ կազմակերպել: Հարկ է նաև նախագծի հեռուստատեսային հինգմասանոց տարբերակը տարբեր լեզուներով պատրաստել (աշխատանքների 70 տոկոսն արդեն արված է), որ հնարավոր լինի ֆիլմը ցուցադրել տարբեր երկրների հեռուստաալիքներով: Առայժմ հանդիպումների և նոր աջակիցների փնտրտուքի առումով ջանքերս ապարդյուն են: Կինոկենտրոնն արդեն մերժել է խնդրանքս, որովհետև բյուջեում նման գործերի համար գումար նախատեսված չէ: Ես կարծում եմ, որ ֆիլմ արտադրող պետական կառույցների շահերից չեն բխում մրցակից, մասնավոր արտադրող ընկերությունների կայանալն ու զարգանալը: Ցավով պետք է ասեմ նաև, որ կան մեծ թվով չարակամ մարդիկ, որոնք ապատեղեկատվությամբ հետևողականորեն փորձում են մեզ խանգարել, երբ փորձում ենք աջակիցներ գտնել` ֆիլմը ցուցադրելու համար: Ինձ հայտնի են այդ փոքրոգիների անունները:
-Պետական աջակցությամբ նկարահանվող ֆիլմերի առնչությամբ մեզ հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի տնօրենն ասել էր, որ մնացած ճանապարհը` ֆիլմի նկարահանումները ժամանակին ավարտելը, փառատոնային, դիստրիբյուտորական հաջողությունները պիտի հարթեն պրոդյուսերները: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ պետք է արվեր, որ չեն արել:
-Եթե նման բան ասում է պետական կինոքաղաքականություն իրագործող կառույցի ղեկավարը, դա խոսում է արդեն ձևավորված կարծրատիպի մասին: Իր այդպիսի պատասխանը հակասում է կինոկենտրոնի կայքում տեղադրված իրենց գործունեության դրույթներին, եթե, իհարկե, դա բոլորին է վերաբերում` կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության ապահովում, միջազգային կինոփառատոներին և միջազգային այլ կինոմիջոցառումներին մասնակցության ապահովում և այլն: Վերջին հաշվով, ես նույնպես այս երկրի քաղաքացի եմ, և եթե իրենք անջրպետ են դնում պետության և մասնավոր ընկերության միջև, ապա ուզում եմ ճշտել` պետությունն ո՞վ է: Ինչո՞ւ է իրենց թվում, որ միայն իրենք են պետությունը, և պետական գումարներն իրենցն են միայն: Այդ դեպքում մե՞նք ով ենք: Մեր կազմակերպությունը իրավաբանական կարգավիճակ ունի այս երկրում, մենք ունենք մեծ ցանկություն և ունակություն ստեղծելու նոր հաջողված ֆիլմեր: Ի՞նչ ասել է` մենք կամ իրենք:
-Չե՞ք կարծում, որ կինոյի մասին օրենքի ընդունումով դրական տեղաշարժեր կլինեն կինոոլորտում:
- «Կինոյի մասին օրենք» մեզ, իհարկե, վաղուց է անհրաժեշտ, թեկուզ կարծում եմ, մինչ օրենքի ընդունումն էլ կարելի էր օրենսդրական տարբեր ակտերի մշակման-ընդունման միջոցով կարգավորել այս ոլորտը: Ես արդեն առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնելու, որ շրջանառության մեջ դրված կինոյի մասին օրենքի նախագիծը բավականին թերի է: Ամենակարևոր բացն այն է, որ պետության մասնակցության մեխանիզմը հստակ չէ: Շատ երկրների նման, մեզ նույնպես հարկավոր է ունենալ պետության կողմից ստեղծված կինոֆոնդ, որը օրենքի և օրենսդրական մի շարք ակտերի շրջանակներում հնարավորություն կունենա պետական ռազմավարությունը արդյունավետ իրագործել:
-Կարծում եք՝ «Սուպեր մամա» նայող հանդիսատեսին կհետաքրքրի՞ Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը:
-Նախ՝ ցեղասպանության մասին ֆիլմը, կարծում եմ, կհետաքրքրի շատերին, եթե լավ է արված և մատուցվում է ճիշտ: Իսկ «Սուպեր մամա» ֆիլմի հետ կապված ասեմ, որ նման ֆիլմեր ստեղծողները անում են այն, ինչ կարողանում են, առավել ևս, որ պետության աջակցությամբ չեն անում: Երբ մութ ու ցուրտ տարիներին շոկոլադի տեսականի չկար, մարդիկ ստիպված թուրքական շոկոլադ` «Derby» էին գնում: Պետք է այլընտրանք տալ հանդիսատեսին:
-Կա կարծիք, որ ցեղասպանության մասին ֆիլմերը պետք է դրսում ներկայացնել, մեզ մոտ տեղյակ են այդ ամենին: Բայց սա այն դեպքն է, որ հենց ներսում կարիք կա ցուցադրելու` թեկուզ մեզ օգնության ձեռք մեկնած հումանիստներին ճանաչելու համար: Կա նաև կարծիք, որ «Փրկության քարտեզը» պետք է ցուցադրվի հանրապետության դպրոցներում ու բուհերում: Դուք այս հարցով դիմե՞լ եք կրթության և գիտության նախարարությանը:
-Դիմել ենք ԿԳ նախարարությանը, բայց որևէ պատասխան չենք ստացել: «Փրկության քարտեզը» դիտելուց հետո մեր հայրենակիցներից շատերը խոստովանում էին, որ ամոթի զգացում ունեցան, որ տեղյակ չեն եղել երախտավոր կանանց պատմություններին: Ես կարծում եմ` այս ֆիլմի պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուր հայ: Ասեմ նաև, որ արտերկրում ֆիլմի ցուցադրման համար ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների օժանդակությունն ու երաշխավորությունը դեռևս չի հաջողվում ստանալ: Նրանք այդ ցուցադրումները երևի համարում են կոմերցիոն և մտածում են, որ դա իրենց գործառույթներից դուրս է:
-Ֆիլմում նոր փաստագրություններ կան: Որտեղի՞ց եք ձեռք բերել նյութերը:
-Օգտվել ենք տարբեր երկրների թագավորական, ազգային արխիվներից, միսիոներական կազմակերպությունների և անձնական պահոցներից, թանգարաններից, խորհրդատուներն են նյութեր տրամադրել: Այդ կազմակերպություններում մենք նկարահանումներ ենք իրականացրել՝ նույնիսկ չունենալով նախնական պայմանավորվածություններ: Մեզ ամենուր սիրով, անվարձահատույց ընդառաջել են, երբ իմացել են՝ ինչի մասին է ֆիլմը: Իսկ մեզ մոտ որոշ տեղերում այլ վերաբերմունքի արժանացանք: Մեկուկես տարի զուր եղան իմ ջանքերը Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից գոնե մեկուկես էջ նյութ ստանալու: Ավելին, սահմանափակվեց նաև այնտեղ մեր նկարահանումների հնարավորությունը, իսկ Կոմիտասի անվան թանգարանում ընդհանրապես մերժեցին նկարահանումներ կատարելու մեր խնդրանքը: Նյութեր փնտրելու հարցում զուր ժամանակի կորուստ ունեցանք այդ պատճառով, բայց երբ դիմեցի պատմության ինստիտուտի տնօրենին, ի պատիվ նրանց, 7-10 օրերի ընթացքում մեզ տրամադրեցին մոտ 150 էջ պարունակող ահռելի ծավալի նյութեր:
-«Փրկության քարտեզը» շարունակություն կունենա՞: Մանավանդ որ ի սկզբանե միտք եք ունեցել անդրադառնալու ոչ թե 5, այլ 18 բարերարների պատմությանը:
-Իրականում մեզ օգնության ձեռք մեկնած հումանիստներն ավելի շատ են: Գուցե հպանցիկ ակնարկվել է նրանց մասին, բայց ինչպես հարկն է չի ներկայացվել: Հրեաները 6000 երախտավորի են մինչ այժմ տարբեր միջոցներով ներկայացրել` այդպես նաև իրենք իրենց բարձրացնելով:
Գիտեք, ցանկությունը, նպատակասլացությունը, համբերությունը որքան էլ մեծ լինեն, ամեն ինչ սահման ունի: Չես կարող ամբողջ կյանքում պայքարել, դռներ ծեծել: Կանդրադառնամ, եթե կինոյի ոլորտում իրավիճակը փոխվի, կամ գտնվեն աջակիցներ, ներդրողներ: Շատ նախագծեր ունեմ, որ կյանքի չեն կոչվել` ժողովրդի բարերարների մասին, սփյուռքահայ մտավորականների, հայկական համայնքների և այլն: Սրանք նույնպես պետական, ազգային նշանակություն ունեցող թեմաներ են: ՈՒնեմ նաև խաղարկային ֆիլմերի հետաքրքիր գաղափարներ:
Կուզեի մեջբերել վաղամեռիկ, տաղանդավոր ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի խոսքերը, որին ես լիովին համակարծիք եմ. «Ես հավատում եմ ճակատագրին, որ դեռ կարող ենք լավ ֆիլմեր նկարել, եթե մենք լինենք ՄԵՆՔ»:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ