Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնած հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը նվիրված է մեր երկրի անկախության 25-ամյակին: Փառատոնային համերգների ընթացքում երաժշտասեր հանրությունը կունկնդրի ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային, խմբերգային երաժշտություն: Հնչելու են 40 կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մեծ մասը կկատարվի առաջին անգամ: Կոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար: Փառատոնի մեկնարկային համերգը կայացավ ապրիլի 8-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) ներկայացրեց չորս հայ հեղինակի սիմֆոնիկ ստեղծագործություն: Անդրանիկ համերգը մեկնարկեց իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ կլառնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի պրեմիերայով:
Այս ստեղծագործության մեջ հեղինակն օգտագործել է «Հով արեք, սարեր ջան» երգի ելևէջները: Կոնցերտի կատարման համար Իսրայելից Երևան է ժամանել կլառնետահար Ջեֆ Հովարդը: Երևանում է նաև Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր տնօրեն ՄՈՏՏԻ ԷԻՆԱՍԸ, ով սիրով պատասխանեց մեր հարցերին:
-Պարոն Էինաս, ի՞նչ կասեք Նուբար Ասլանյանի երաժշտության մասին: Նա այսօր ապրում և ստեղծագործում է Իսրայելում` չկորցնելով կապը նաև հայրենիքի հետ: Հետաքրքիր է Ձեր կարծիքը:
-Նուբար Ասլանյանի երաժշտությունը պարզ է, համարձակ ու բավականին գեղեցիկ: Նա իր ստեղծագործություններում օգտագործում է խաղեր, փոխառություններ, կոնտրապունկտեր: Դրանց միջոցով մենակատարը հրաշալի կերպով թափանցում է երաժշտության մեջ:
-Հայկական և հրեական երաժշտությունները ունե՞ն ընդհանուր գծեր:
-Այո, շատ նմանություններ ունեն, ինչը, կարծում եմ, գալիս է մեր երկրների մշակույթի, պատմության, անցած ճանապարհի նմանությունից: Օրինակ, Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ կան տարրեր` շատ մոտ հրեական երաժշտությանը:
-Այսինքն, երաժշտությունը նկարագրում է տվյալ ժողովրդի պատմությունը, անցած ճանապարհը, տեսակը:
-Այո, բավական է ասել, որ մեր երկրները տեսել են հոլոքոստ, ցեղասպանություն: Այդ ամենը արտահայտվում է նաև երաժշտության մեջ:
-Նուբար Ասլանյանի կոնցերտի մենակատարը Իսրայելից է: Երբ ազգային տարրեր ունեցող երաժշտությունը ներկայացնում է օտարազգի երաժիշտը, մեկնաբանությունը տարբերվո՞ւմ է:
-Եթե մենակատարը պրոֆեսիոնալ է, տարբերություն չի լինի: Ջեֆֆ Հովարդը Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբից է, և նրա կատարումից երևում է, թե ինչպես է թափանցել այդ երաժշտության մեջ: Ասեմ նաև` մեզ համար պատիվ է, որ հրեա մենակատարը հայաստանյան բեմում մատուցելու է այսպիսի երաժշտություն:
-Ժամանակակից երաժշտության փառատոնը հնարավորություն է տալիս ծանոթանալու այսօր ստեղծվող երաժշտությանը: Նմանատիպ փառատոն կա՞ Իսրայելում:
-Մեզ մոտ «Երաժշտության օրեր» խորագիրը կրող համերգային ծրագրի շրջանակում տարբեր համերգասրահներում ներկայացվում է հրեա ժամանակակից դասական երաժշտությունը:
-Իսկ առհասարակ ի՞նչ է արվում ժամանակակիցներին ներսում և դրսում ներկայացնելու, պրոպագանդելու համար:
-Սիմֆոնիկ նվագախմբերը չեն զբաղվում դրանով, թեև իրենց տարեկան ծրագրում մեկ-երկու նման համերգներ ունենում են: Փոխարենը Իսրայելում կան կամերային նվագախմբեր, որոնք պարբերաբար ներկայացնում են ժամանակակից դասական երաժշտություն:
-Ինչո՞վ է առանձնանում Ձեր ղեկավարած նվագախումբը:
-Հայֆայի նվագախումբը ներկայանում է և՛ սիմֆոնիկ, և՛ օպերային, և՛ ջազային երաժշտությամբ: Մեր նվագախմբի հիման վրա ստեղծվել է «Բիգ բենդ» ջազային խումբը: ՈՒնենք հատուկ ծրագրեր երեխաների համար: Այդ համերգների ժամանակ ներկայացնում ենք մանկական, ինչպես նաև հասուն գործեր, որոնք, ավելի ընկալելի դարձնելու համար, ուղեկցվում են բեմադրություններով: Հայֆայի նվագախումբն ունի նաև իր երգչախումբը, որը հանդես է գալիս տարբեր ժանրերում` օպերային, դասական, ջազային և այլն:
-Կարելի՞ է ասել, որ փորձ է արվում երեխաներին մանկությունից մոտեցնելու բարձրարժեք երաժշտությանը:
-Այո, ճիշտ դիտարկում է, դա մեր նվագախմբի գործունեության կարևորագույն կետերից է: Ֆինանսական մեծ միջոցներ են հատկացվում, մեծ աշխատանք է տարվում երեխաներին հատուկ ծրագրերով բարձրարժեք երաժշտությանը մոտեցնելու համար:
-Դատելով տարվող աշխատանքներից, կարելի՞ է ասել, որ Իսրայելում բարձրարժեք երաժշտությունը մեծ թվով ունկնդիրներ ունի:
-Երիտասարդներին դասական արվեստին մոտեցնելը մեծ խնդիր է: Դրա համար համերգային ծրագրեր ենք իրականացնում նաև կրթական հաստատություններում, որպեսզի նոր սերունդը երաժշտական ճիշտ դաստիարակություն ստանա:
-Իսրայելից դուրս համերգներ ունենո՞ւմ եք:
-Շրջագայել ենք ԱՄՆ-ի նահանգներում, Գերմանիայում, Չինաստանում և այլուր:
-Ձեր հայաստանյան այցի առիթը ժամանակակից երաժշտության փառատոնն էր և փառատոնի ընթացքում ներկայացվող մեր հայրենակցի ստեղծագործության պրեմիերան, իսկ համագործակցության նպատակով ինչ-ինչ հանդիպումներ եղե՞լ են:
-Այո, կան նման տրամադրություններ: Ես հանդիպել եմ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ, հանդիպելու եմ նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Հուսով եմ, որ կունենանք համատեղ ծրագրեր: Մեր նվագախումբը և կից գործող երգչախումբը հանդես կգան Հայաստանում, փոխադարձաբար` հայաստանյան նվագախմբերը համերգներ կունենան Իսրայելում:
-Դուք համամի՞տ եք այն կարծիքին, որ մշակույթը, արվեստը չի կարելի քաղաքականացնել:
-Մեր նվագախումբը քաղաքականությամբ չի զբաղվում, ներկայանում ենք միայն արվեստով:
-Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմին, հավանաբար, տեղյակ եք:
-Այո, և դեմ եմ բոլոր տեսակի պատերազմներին: Իսրայելում կան ճիշտ նույնպիսի խնդիրներ, սահմանային լարվածություն: Այն, որ հայերն ու հրեաներն այսօր նմանատիպ խնդիրներ ունեն, կարծում եմ, գալիս է մեր պատմությունից:
-Այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախաձեռնել է «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք՝ որպես օգնություն Արցախի բնակչության և բանակի: Մշակութային գործիչները, երաժշտական խմբերը այս կամ այն կերպ ձեզ մոտ նո՞ւյնպես արձագանքում են հասարակական, քաղաքական, ազգային հնչողություն ունեցող խնդիրներին:
-Այդ իմաստով` այո: Մեզ մոտ նույնպես բարեգործական նմանատիպ համերգներ, միջոցառումներ իրականացվում են, որովհետև մշակույթը, երաժշտական խմբերը պետության մի մասն են:
-Ամփոփելով մեր զրույցը` ի՞նչ կասեք հայ ընթերցողին:
-Իմ ցանկությունն է, որ Հայաստանում ներդրումներ արվեն ոչ թե պատերազմի, այլ ժողովրդի բարեկեցության, մշակույթի զարգացման համար: Քաջառողջություն ու աննախադեպ հաջողություններ եմ մաղթում հայ ժողովրդին: Ցանակնում եմ, որ ողբերգություններ էլ չլինեն: Բոլորի տներում միայն ուրախություն լինի:
-Այդ ամենում, իհարկե, իր դերն ունի նաև երաժշտությունը:
-Երաժշտությունն արտահայտում է մարդկանց մտքերը, ցանկությունները, երաժշտությունը սեր ու հանգստություն է բերում աշխարհին:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ