Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Թանգարանային գիշերը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում

Թանգարանային գիշերը Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում
24.05.2016 | 01:08

Այս տարի «Թանգարանային գիշերն» անցկացվում էր Հայաստանի անկախության 25-ամյակը ոգեկոչելու կարգախոսով՝ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո:
Մայրաքաղաքի, մարզերի, Արցախի թանգարաններում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ:
Երևանի Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան այցելեցին շուրջ 200 հոգի, որոնցից 70-ը մասնակցեցին այստեղ կազմակերպված երկու միջոցառումների:


Միջոցառումներից մեկը մոնոներկայացում էր՝ բեմադրված Դերենիկ Դեմիրճյանի մեծարժեք երկի՝ «Գիրք ծաղկանց» պատմվածքի հիման վրա: Այն ներկայացրեց Աիդա Ասատուրյանը՝ Լուսինե Գրիգորյանի հոգևոր երաժշտության ուղեկցությամբ: Դահլիճում հավաքվածները նորովի ապրեցին իմաստուն այս ստեղծագործության խորախորհուրդ պատգամները:
«Հայաստանի անկախության 25-ամյակի ոգեկոչման տարում իբրև ներկայացման նյութ ընտրելով Դեմիրճյանի այս ստեղծագործությունը՝ մենք նպատակ ունենք ընդգծելու, որ պետականություն ունենալու և չունենալու բոլոր ժամանակներում մեզ պահողը եղել են մշակութային արժեքները: Անկախ կացութաձևից՝ գոյատևում ենք մշակույթի, գրքի, գրի շնորհիվ»,- իր խոսքում նշեց տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:
«Մի կարմիր հողմ փոթորկալի թերթում է ոսկելույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա՝ նայում է նրան մտերմորեն: Նա փրկված է՝ իրեն միշտ փրկող ժողովրդի հետ»,- վկայում է Դեմիրճյանի պատմվածքը:


«Ամբողջ պատմվածքը ալեգորիա է,- նշեց Կարինե Ռաֆայելյանը,- իսկ եզրափակիչ հատվածը մեր Մատենադարանի խորհուրդն է կրում: Այստեղ են հավաքված հայ բազմադարյա պատմության, մշակույթի ամենահավաստի վկայությունները՝ անգին մասունքներ, որ հրաշքով փրկվել ու Դեմիրճյանի հերոսի՝ Հուսիկի նմանների շնորհիվ հասել են իրենց ապահով հանգրվանին: Այս արժեքների շնորհիվ էլ մենք կանք ու ապրում ենք՝ շարունակվելու հույսով»:
Դաժան փորձությունների միջով անցած ծաղիկների գիրքը չի կորչում ժամանակի լարած որոգայթների ու արհավիրքների լաբիրինթոսում, այն, ի վերջո, հայտնվում է հուսալի ձեռքերում:
«Երկաթե գրադարաններում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմության անդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր…»,- ավետում է Դեմիրճյանը:


Մյուս միջոցառումը նվիրված էր բանաստեղծ, գրականագետ, գեղանկարիչ Արթուր Անդրանիկյանի հրատարակած եռահատոր ժողովածուին, որում ամփոփված է արևմտահայ մտավորական Եղիազար Մուրատեանի թողած ժառանգության զգալի հատվածը: Կարինե Ռաֆայելյանը և Արթուր Անդրանիկյանը ներկայացրին եռահատորում ընդգրկված բազմաբնույթ երկերը, դրանց հեղինակի կենսագրության և տոհմածառի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ, ընթերցեցին հատվածներ տարբեր ստեղծագործություններից՝ ընդգծելով Եղիազար Մուրատեանի թողած ժառանգության աղերսները Դերենիկ Դեմիրճյանի և արդի ժամանակների հետ:


«Պատմական անձինք ընդհանուր մարդկութեան սեփականութիւնն են, պատմական ճշմարտութիւնք ժողովրդոց իրաւունքն են: Հետեւաբար այս կամ այն պատմագրի, այս կամ այն ժողովրդի մենաշնորհը չէ պատմութենէ հետեւութիւներ հանել ըստ հաճոյս, դատել, դատապարտել, պսակել կամ սուլել պատմական մեծ անձնաւորութիւններ՝ առանց վերաքննութեան եւ բացարձակ վճռով: Քննադատութիւնը կուգայ վաղ կամ անագա՝ եւ Նեմեսիսի կշիռն ի ձեռին՝ կուտայ իւրաքանչիւրին ըստ արժանեաց»,- սա Մուրատեանի գնահատականն է՝ տրված Արշակ արքայի և նրա որդի Պապի ժամանակների առնչությամբ: Սակայն ակնհայտ է այս խոսքի արդիականությանը հենց մեր օրերի համար: Եվ այս արդիականությամբ էլ բանախոսները պայմանավորում են 175-ամյա հեղինակի երկերի մեծագույն արժանիքը:
Հավելենք, որ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանն այս տարի կենթարկվի հիմնանորոգման, և «Թանգարանային գիշեր» հաջորդ տարվա միջոցառումները կանցկացվեն բարեկարգ պայմաններում: Սակայն թանգարանի սուղ տարածքը դարձյալ կհարուցի այն խոչընդոտները, որոնք առկա էին այս և նախորդ տարիներին: Բանն այն է, որ երկու միջոցառումների ընթացքում էլ հանդիսականները զբաղեցրել էին բոլոր նստատեղերը, և կային անգամ միջոցառումներին հոտնկայս հետևողներ նախասրահում: Եղան նաև մարդիկ, այդ թվում՝ Դեմիրճյանի ազգականները, մի ամբողջ դասարան՝ իրենց ուսուցչի հետ, որ այդպես էլ չկարողացան մտնել թանգարան և մասնակցել միջոցառումներին:


«Մեր մտահղացումների մեջ մենք աշխատում ենք որոշակի սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով մեր տրամադրության տակ եղած տարածքի հնարավորությունները,- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Ռաֆայելյանը,- իսկ եթե մեծ լսարան ենթադրող միջոցառում ենք պլանավորում, ապա այն իրականացնում ենք տուն-թանգարանից դուրս, օրինակ՝ գրականության և արվեստի թանգարանում, գիտությունների ակադեմիայում, Սլավոնական համալսարանում, մայրաքաղաքի այլ կրթական հաստատություններում, բացօթյա տարածքում: Բայց «Թանգարանային գիշերը» այն դեպքն է, որ չի կարելի գտնվել թանգարանից դուրս, որքան էլ գայթակղիչ լինի մեր նախաձեռնությունը, և շատ լինեն դրան մասնակցելու ցանկություն ունեցողները: Ամեն տարի մենք ունենում ենք այս խնդիրը: Եվ այս տարին էլ բացառություն չէ: Անգամ օրեր առաջ Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից ենք ստիպված եղել հրաժարվել վերջին օրը, խնդրել, որ չգան թանգարան, որովհետև մեզ զանգահարողներն ու միջոցառումներով հետաքրքրվողներն այնքան շատ էին, որ հասկացանք՝ չենք կարող այդքանին մեր փոքրիկ սրահում տեղավորել: Ինձ շատ մեղավոր եմ զգում թե՛ այդ երեխաների, թե՛ այսօր բակում խմբված ու այդպես էլ թանգարան մտնելու հնարավորություն չունեցած մարդկանց առաջ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ