«Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը ներկայացնում է Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ: Ծրագիրը մեկնարկեց Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007 թ.) ֆիլմի ցուցադրությամբ։
Կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ բացման խոսքում ասաց, որ մի քանի օրվա ընթացքում հնարավոր չէ ավելի շատ ֆիլմեր ցուցադրել, հույս հայտնելով, որ ծրագրում ներառված ֆիլմերի հիման վրա հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ինչ փոփոխություններ է կրել ու ինչպիսին է հայկական ժամանակակից կինոն. «Ծրագրի բացման ֆիլմը, բնականաբար, առնչվում է մեր այս տարիների ամենաառանցքային թեմային. նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսներին, որոնց առաջ, մշտական խոնարհումով պետք է լինենք, ոչ թե հիշենք միայն օրհասական օրերին: Երբ մենք կազմում էինք այս ծրագիրը, դեռ մարտ ամիսն էր: Չէինք պատկերացնում, որ «այդ ժամանակը» կարող է մի քանի օրով նորից վերադառնալ ու ևս մի փորձություն բերել մեր ժողովրդին: Բայց դա տեղի ունեցավ: Ես մեծ շնորհակալությամբ եմ ուզում ներկայացնել ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանին, ում 2007-ին նկարահանած ֆիլմը 2008-ին արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գլխավոր մրցանակի ու ՖԻՊՐԵՍ-ի մրցանակի: Այնուհետև ֆիլմը շարունակել է իր հաղթարշավը աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող կինոփառատոներում և արժանացել մեծ թվով մրցանակների, ցուցադրվել է եվրոպական և ամերիկյան հեռուստաալիքներով»:
Բազմաթիվ մրցանակներից Սիրանույշ Գալստյանն առանձնացրեց Նյու Յորքի Թրայբեքա կինոփառատոնում (որի կազմակերպիչներից է Ռոբերտ դե Նիրոն) Վարդան Հովհաննիսյանին շնորհված «Լավագույն նոր վավերագրող» մրցանակը:
Վարդան Հովհաննիսյանը կարիերան սկսել է որպես անկախ օպերատոր` նկարահանելով թեժ տարածաշրջանները և հետխորհրդային անցման շրջանի ազգամիջյան հակամարտությունները միջազգային լրատվական գործակալությունների համար (CBS News, WDR, Australian Broadcast Corporation, World Monitor): 1993-ին հիմնել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի կինոստուդիան և սկսել է աշխատել հետխորհրդային Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմերի վրա:
Հավելենք, որ համադրող կինոքննադատները «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրում ներառված յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է կլոր սեղան-քննարկում, որի մասնակիցները կանդրադառնան անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Զրույցը Վարդան Հովհաննիսյանի հետ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում: