«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: ՈՒշադրության կենտրոնում հայ կինոն է: Անգամ մրցութային ֆիլմերի հանձնախմբի նախագահը հայ է` անչափ սիրված մաեստրոն` Տիգրան Մանսուրյանը:
Փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացվում են հայ ռեժիսորների անկախության շրջանում նկարահանած ֆիլմերը: Սույն ծրագիրը մեկնարկեց, բնականաբար, Արցախյան ազատամարտին նվիրված ֆիլմով: Մեկնարկը չափից դուրս «համեստ էր»: Ֆիլմի և ռեժիսորի անունը չեմ նշում, կանդրադառնամ հետո`այլ ձևաչափով, ինչպես հարիր է այս ֆիլմին:
Կինոդիտումներն անցնում են հիմնականում լեփ-լեցուն դահլիճներում, երբեմն` կիսադատարկ, պատահում է, որ դահլիճը դատարկվում է ֆիլմի կեսից: Դատարկ դահլիճներ նույնպես պատահում են:
Արցախյան ազատամարտին նվիրված ֆիլմը գեղարվեստական չէր, կոմեդիայի վերածած բանակային կյանք չէր, կասկածելի որակով սերիալ չէր, ռեժիսորը մեր հերոսներին նկարահանել էր հենց ռազմի դաշտում, թեժ մարտերի ժամանակ` հակառակորդի կրակոցների տակ: Ավելի ուշ գտել էր նրանց ու ներկայացրել` ինչպես են ապրում պատերազմից հետո: Ինչպես են ապրում այն խաղաղությունն ու կյանքը, որ ձեռք են բերել սեփական բազուկներով ու արյամբ: Ի վերջո սա կինո էր, որ շրջել էր աշխարհում ու մրցանակների արժանացել, բարձր գնահատվել հայ և օտարազգի կինոգետների շրջանում, սիրվել հանդիսատեսի կողմից:
Քիչ հետ գնանք: Ապրիլին բոլոր զրույցները Արցախի, պատերազմի, մեր բանակի մասին էին: Արցախյան սելֆիները ողողեցին սոցցանցերը: Ֆեյսբուքյան թե ակտիվ, թե ոչ ակտիվ օգտատերերը այս կամ այն կերպ Արցախը հիշում էին, թեկուզ տարածելով այլոց գրառումները: Քննարկումների, հոդվածների, վերլուծությունների մասին էլ չասենք:
Վերադառնամ ֆիլմին: Ինչո՞ւ էր դահլիճը դատարկ: Կինոդիտմանը ներկա էր 5-6 հանդիսատես: Բացառությամբ ֆիլմը ներկայացնող կինոգետից, ով անկեղծորեն հղեց իր հիացմունքի ու շնորհակալության խոսքը, հայտնի դեմքեր, մտավորականներ, պաշտոնյաներ չկային: Գոնե զինվորական համազգեստով մարդկանց տեսնեի: Չէ՞ր գովազդվել ինչպես հարկն է: Չէ՞ր արժևորվել ինչպես հարկն է:
Հաջորդ օրը, կինոդիտումներից մեկի ժամանակ, արտերկրի հայ մեծանուն ռեժիսորի շուրջ մարդիկ խմբվում էին ու խմբվում: Դահլիճում ազատ աթոռ չկար: Մեծարեցին ըստ արժանվույն: Ներկայացվեց ինչպես պետք էր: Լավ է: Բայց ապրիլը քթներիս տակ էր: Հատուկ վերաբերմունքի էր արժանի նաև արցախյան ազատամարտի իրական հերոսներին նվիրված ֆիլմը: Ինչ-որ մեկը ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց, որ հանդիսատես չկար, որովհետև տոմսերով էր մուտքը: Ասել է թե` հրավիրատոմսերով պետք է դահլիճը լցնեին: Այստեղ էլ հիշեցի արցախցի ընկերոջս դժգոհությունը «Եկ արցախ» նախագծի առիթով (ըստ որի`հանգիստը պետք է անցկացնել Արցախում և հորդորել մյուսներին էլ Արցախ մեկնել): Ասաց` դեմ եմ այդ նախագծին, թող չգան: Հարցնում եմ `ինչո՞ւ: Բացատրում է` պիտի խնդրե՞նք, որ գան: Հիմա, ֆիլմի առիթով, նույնն եմ մտածում` պիտի խնդրե՞նք, որ գան: Օդից կախվում են հարցերը: Պատասխան տվողն ո՞վ է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ