«ԷՕՆ» ակումբում օրերս տեղի ունեցավ ՀԱՅԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «Հեռուն և մոտը» բանաստեղծական գրքի շնորհանդեսը: «12 տարեկանից ստեղծագործում եմ: 14-ից բանաստեղծություններս հրապարակում էի իմ անձնական բլոգում և երազում էի գիրք ունենալ,- մեզ հետ զրույցում ասաց պատանի բանաստեղծը:- Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո գիրք ունենալը կարևոր ու հիշարժան քայլ է»:
Հայկ Մուրադյանի բանաստեղծություններն ընդգրկվել են նաև «Հասկեր» մանկապատանեկան տարեգրքում: Արժանացել է «Հասկեր» մրցույթի հատուկ մրցանակի: ՈՒսումը շարունակում է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի ֆակուլտետում:
-Հայկ, շարունակելո՞ւ ես ստեղծագործել:
-Վստահ եմ, որ, անկախ ժամանակի սղությունից, միշտ կկարողանամ ստեղծագործել:
-Քեզ կարո՞ղ են ճանաչել գրական գործերիդ միջոցով:
- Այո, մեծ մասամբ իմ կյանքից վերցրած դրվագներ են: Սակայն ուզում եմ, որ յուրաքանչյուր ընթերցող, բացի ինձ տեսնելուց, կարողանա նաև ինքն իրեն տեսնել դրանցում:
-Կա՞ն մարդիկ, որ ուղղորդել են քեզ, կարծիք հայտնել գործերիդ մասին: Խորհուրդ տվել` գրքով ներկայանալու: Խոսքը գրականագետների, գրողների մասին է:
-Անկեղծ ասած` գիրքս տպագրելուց հետո եմ ներկայացրել գրողների միության քարտուղարին, տարբեր գրողների, նրանք ծանոթանում են, շնորհանդեսից հետո կապ կհաստատեմ, կզրուցենք: Մինչ այդ հիմնվել եմ ընթերցողի կարծիքի վրա: Գիրքս չի վաճառվում: Նվիրել եմ հարազատներիս, ընկերներիս: ՈՒզում եմ ևս մեկ անգամ լսել կարծիքներ և դրանք ի մի բերել: Երբ վստահ լինեմ, որ ժամանակն է գիրքս գրախանութներում վաճառելու, արժանի է, որ մարդիկ գնեն ու ընթերցեն, նոր տպաքանակով կհրատարակեմ:
-Կարողանո՞ւմ ես քո գործերը կողքից գնահատել: Ի վերջո, համարձակություն է այդ տարիքում գրքով ներկայանալը:
-Եթե ես ինքս ինձ չվստահեմ, ոչ ոք ինձ չի հավատա ու վստահի: Ամեն ինչ, որ անում եմ, անում են վստահությամբ:
-Ինչո՞ւ «Հեռուն և մոտը»:
-Բանաստեղծություններիս թեմաները բազմազան են, այսպես ասած` և՛ մոտ են, և՛ հեռու:
-Ինքդ ի՞նչ ես կարդում: Ո՞ր հեղինակին ես շատ սիրում:
-Պարույր Սևակին: Նրա խոսքերը կարգախոսներ են ինձ համար, կյանքում հաճախ դրանցով եմ առաջնորդվում: Իսկ առհասարակ, սիրում եմ կարդալ գիտական, դետեկտիվ, առհասարակ` նոր, հետաքրքիր մեթոդներ առաջարկող գրականություն: Դրանք զարգացնում են միտքն ու հոգին:
-Ասում են, որ հաջողակ բիզնեսմենները մանկության տարիներին կարդացել են գիտահանրամատչելի գրականություն:
-Հետաքրքիր փաստ է, չգիտեի, հույս ունեմ որ դա կգործի նաև իմ դեպքում (ծիծաղում է- Ա. Ս.):
-Մասնագիտությունդ ինչպե՞ս ես ընտրել:
-Ամերիկյան համալսարանի կրթական համակարգն ինձ հոգեհարազատ էր: Ընտրեցի բիզնեսի ֆակուլտետը: Ինձ միշտ հետաքրքրել է` ինչպես են մարդիկ զրոյից դառնում հանրահայտ գործարարներ:
-Գրականությունը կօգնի՞, թե՞ կխանգարի քեզ:
-Երբ բանաստեղծություն ես գրում, ուղեղդ ավելի լավ է սկսում աշխատել, նոր մոտեցումներ ես ունենում, ամեն ինչին յուրովի ես նայում: Այդ կերպ բիզնեսում էլ կարող ես նոր բաներ ստեղծել ու հաջողության հասնել:
-Հայաստանո՞ւմ ես իրագարծելու բիզնես-ծրագրերդ: Չե՞ս լքի երկիրդ:
-ՈՒսումս նպատակ ունեմ շարունակելու արտերկրում: Սակայն վերջնակետը Հայաստանն է: Գիտելիքներս օգտագործելու եմ իմ երկիրն ավելի լավը դարձնելու համար:
Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ