Թեքեյան կենտրոնում օրերս բացվել է ԱՐՄԵՆ ԵՆԳՈՅԱՆԻ «Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսը: Ներկայացված 6 տասնյակ աշխատանքներն արված են Արցախի հարավ-արևելյան ճակատի առաջնագծում: Մեզ հետ զրույցում Արմեն Ենգոյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «Մերգելյան» կամավորական ջոկատի կազմով մեկնել են Արցախ, որտեղ էլ ստեղծել է իր ֆոտոշարքը` զենքի հետ մեկտեղ ձեռքը վերցնելով լուսանկարչական սարքը:
«Նկարում էի` ինչ տեսնում էի, ինչ զգում էի»,- ասում է: Լուսանկարիչը հիացած է առաջնագծի մարտիկներով: Զարմանում է`մի՞թե նույն տղաները չեն, նույն ժողովուրդը չէ, ո՞ւր են, այստեղ ինչո՞ւ դա չկա:
Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են «Մերգելյան» ջոկատի տղաները: Եթե հետաքրքրություն լինի, գուցե և շարունակական լինի ցուցադրությունը: Իհարկե, մեծ է ցանկությունը առաջին հերթին Արցախում ներկայացնելու:
«Թեքեյան» կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ նկատեց, որ քառօրյա պատերազմից շատ ժամանակ չի անցել, բայց այդ օրերը լուսանկարներում ներկայացված են որպես պատմություն. «Ապրիլյան հերոսական ու ողբերգական օրերը` իբրև պատմություն շատ երկար են հիշվելու: Զիվորների աչքերում տեսնում ենք այդ օրերի անցուդարձը: Լուսանկարները տպավորիչ են, հուզիչ, խոսուն»:
Արմեն Ենգոյանից հետաքրքրվեցի` լուսանկարների հերոսները տեղյա՞կ են ցուցադրության մասին: Ասաց, որ համացանցով հնարավորինս տեղեկացրել է: Սակայն սպայական կազմը Արցախում է, զինվորների մի մասը չի զորացրվել: Զորացրված զինվորներից երկուսը սրահում էին: Սուրենը, ում դիմանկարը տեղ է գտել «Առաջնագծում», նայում է իր ծիծաղկոտ դիմանկարին ու ասում, որ նման չէ ինքն իրեն: Ապրիլյան օրերի մասին չի խոսում: Կարճ ասում է` ամեն ինչ լավ էր:
Երբ խոսքը ռազմական անցուդարձի մասին է, առաջնահերթ է զգուշությունը: Ռազմական կարգուկանոնին քաջ ծանոթ լուսանկարիչն ասաց, որ այն նկարներում, որտեղ սարեր, ռելիեֆ են երևում, ֆոտոշոփով փոխել է հորիզոնի ուրվագծերը, որ տեղանքը չերևա. «Առաջին հերթին ինքս եմ գիտակցում ինչը կարելի է նկարել, ինչը` ոչ: Երկրորդ` նկարները դեռ սարքի մեջ, ցույց եմ տվել հրամանատարին»: Նույն նպատակով, ոչ բոլոր լուսանկարները կհրապարակվեն համացանցում: «Թող չլինեն նման օրեր: Ես բնություն կնկարեմ»,- այսպես եզրափակեց իր խոսքը լուսանկարիչը:
Հավելենք, որ «Մեր ապագան հուսալի ձեռքերում է» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25- ամյակին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 8-ը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի