«2016-ին մշակույթի նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կինոարվեստի ոլորտը: Մեծ ձեռքբերում է համարվում Հայաստանի անդամակցությունը «Եվրոպական կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամ» (EURIMAGES) կազմակերպությանը, ստեղծվել է «Հայկական կինո» տեղեկատվական շտեմարանը, ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ ստեղծվել է «Մեր անկախության կինոն» հուշանվեր-փաթեթը: Կինոարտադրության և թվայնացման ընթացիկ գործընթացներին զուգահեռ, ընդլայնվել են համատեղ կինոարտադրության ուղղությամբ կատարված աշխատանքները: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Անդրադառնալով «Իրատեսի»՝ «Ի՞նչ փուլում է գտնվում ֆիլմերի թվայնացման գործընթացը» հարցին` փոխնախարարն ասաց, որ դա երկար պատմություն ունի. «Երբ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհվում էր, պետությունը պարտավորություն էր դրել սեփականատիրոջ առջև` թվայնացնել «Հայֆիլմի» ահռելի ժառանգությունը` 460 ֆիլմ: Այդ պարտավորությունը ամբողջությամբ չի կատարվել, թվայանցվել է մոտ 300 ֆիլմ, այն էլ որակի հետ կապված խնդիրներ կան: Ինչևէ, պետությունը հետ վերցրեց կինոստուդիան` սեփականատիրոջ համար որոշակի տույժերով: Մենք ինքներս ենք սկսել կինոժառանգության թվայնացման գործընթացը: Արդեն թվայնացրել ենք 18 ֆիլմ»: Փոխնախարարն ընդգծեց, որ ամեն տարի 7 ֆիլմ թվայնացվելու է, թանկ գործընթաց է, գուցե տարիներ տևի, բայց արվում է անհրաժեշտ որակով:
«Իրատեսի» հաջորդ հարցը «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկմանն էր վերաբերում: ««Գաֆէսճյան» հիմնադրամի իրավասությունների ժամկետը` կապված «Հայֆիլմի» հետ, ավարտվել է: Ի՞նչ ճակատագիր է սպասում կինոստուդիային հետայսու»:
Արթուր Պողոսյանի խոսքով` կինոստուդիան պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ է գործում: Մշակույթի նախարարությունը լրջորեն հետևում է ֆիլմերի թվայնացման, պահպանման, օգտագործման գործընթացներին: Իսկ ընդհանուր ենթակառուցվածքների առումով պետք է ինչ-որ որոշում կայացնել. «Անկեղծ ասեմ` այսօր պետությունը չունի հնարավորություն «Հայֆիլմը» վերականգնելու, ոտքի կանգնեցնելու: Շատ մեծ ներդրումներ են պետք: Իմ անձնական կարծիքով` հարկավոր է ներդրող գտնել, որոշակի պայմաններով ֆինանսավորել «Հայֆիլմի» վերականգնման ծրագիրը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ