ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Եվրոպական ժառանգության օրերը» և «Մեծամոր» արգելոց-թանգարանը

«Եվրոպական ժառանգության օրերը» և «Մեծամոր» արգելոց-թանգարանը
25.09.2016 | 08:49

Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի մեկնարկը տրված է: Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 24-25-ին կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ. ցուցահանդեսներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, մշակութային զբոսանքներ:

Ծրագիրը մեկնարկեց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի միության համատեղ մամուլի ասուլիսով և մշակութային ծրագրով:

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն իր խոսքում նշեց, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն անցկացվում է 1954-ից, յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած եվրոպական 50 երկրում. «Ծրագիրը կյանքի է կոչվել 1984-ին, Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: Կարծես «Եվրոպական ժառանգության օրերը» իրավահաջորդն է «Պատմական հուշարձանների բաց դռների օրեր» նախագծի: Այն հուշարձանները, որ տարվա ընթացքում տարբեր պատճառներով (վարչական, մշակութային) փակ են սովորական այցելություների համար, կբացեն իրենց դռները, հնարավորություն կընձեռվի, որ հանրությունը ճանաչի, գնահատի մշակութային ժառանգությունը»:


Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, խոսելով այն մասին, թե ինչու են «Մեծամոր» արգելոց-թանգարանից մեկնարկել «Եվրոպական ժառանգության օրերը», ասաց, որ այս գողտրիկ վայրը համաշխարհային մշակույթի գոհարներից մեկն է և խորհրդանշական արժեք ունի. «Այս վայրը ապացուցում է, որ Հայաստանը հազարամյակներ շարունակ եղել է մշակութային արժեքների փոխառնչությունների խաչմերուկում: Մշակութային արժեքները, գանձերը Ասիայից, արաբական և այլ երկրներից գալիս և հատվում էին այստեղ: Այս վայրը վկայում է, որ Հայաստանը Եվրոպա տանող մշակութային դարպաս է եղել: Այստեղ կարելի է գտնել բրոնզի դարից մինչև երկաթի դարին վերաբերող գտածոներ: Նաև կարելի է տեսնել, թե ինչպես է մշակույթը զարգացել այս վայրում»:


«Մեծամոր» արգելոց-թանգարանը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: Բացվել է 1968-ին: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի առարկաներ:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է`հայ-լեհական արշավախումբը պեղումներն իրականացնում է Մեծամոր քաղաքատեղիում: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասաց, որ այդ համագործակցությունից հրաշալի արդյունքներ ունեն. «Այս աշխատանքը միայն հուշարձանների պահպանության կամ հանրահռչակման խնդիր չի լուծում, այլ հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին աշխատելու հուշարձանում, ինչ-որ չափով վարձատրվելու ու արժևորելու այն գտածոները, որ իրենց իսկ օգնությամբ հայտնաբերվում են»:


ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին տեղեկացրեց, որ 2017-ին մենք տոնելու են Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650- ամյակը: Վստահեցրեց նաև, որ հաջորդ տարին լինելու է Լեհաստանի և Հայաստանի պատմական, մշակութային կապերի ամրապնդման լավագույն ժամանակահատվածը:

Հավելենք, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը կանցկացվի «Ժառանգությունը և համայնքները» խորագրի ներքո: Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ