Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հոգու չափումներ են գրեթե բոլոր պատմվածքները»

«Հոգու չափումներ են գրեթե բոլոր պատմվածքները»
04.11.2016 | 09:16

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «Ժամանակի նոր չափումներում» գրքի շնորհանդեսը: Ժողովրդական արվեստի ստեղծագործության կենտրոնի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ Հովիկ Հովեյանը բացման խոսքում նշեց, որ երեք կարևոր խնդիր է արծարծում Կարինե Ռաֆայելյանը. «Ի՞նչ արժե Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացին այսօր, երկրորդ` ժամանակը պարտադրա՞նք է, թե՞ ճակատագիր, և երրորդ` գրողը անցյալում, ներկայում և ապագայում: Եվ գրողը սոսկ գրողը չէ, այլ մարդը, խիղճը, մտածողը, անցորդն ու իր ճամփան: Բոլոր այս հարցերի պատասխանները գրքում կան»:


Ցերեկույթը վարեց բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անի Փաշայանը, որ նաև գրքի խմբագիրն է և առաջաբանի հեղինակը: Գրականագետը նկատեց, որ հերոսները այս գրքում շարունակական ընթացքի մեջ են, նրանք տնտղում են անցյալը և անցյալից են գալիս, սակայն գլխավոր հենակետը ներկան է, այսինքն` ներկայի վրա հյուսվող մի մեծ աշխարհագրություն հոգու, որը շերտ առ շերտ բացվում է. «Պատմողը հետևողական է իր գեղարվեստական տարածքի ամեն մի պատկերի և շարժման նկատմամբ: Նախ խորագիրը` «Ժամանակի նոր չափումներում», ուրեմն, նորն է այստեղ որոշիչը: Պատահական չէ ընտրությունն այս բառի: Եվ հոգու չափումներ են գրեթե բոլոր պատմվածքները, հատկապես այն, որի խորագիրը հենց շարքի վերջինն է` մոր հետ այս կարևոր զրույցը: Իսկ ժողովածուն էլ հենց նվիրված է հեղինակի մոր` Սիրանուշ Գրիգորյանի հիշատակին»: Գրականագետը նկատեց նաև, որ գրողն իր առաջ խնդիր է դրել ներկայացնելու իրականության բաց պատկերը` հերոսների մենանվագով և բազմաձայնությամբ, ինչը ժողովածուի առաջին հաղթաթուղթն է. «Հերոսները` կին, աղջիկ, արհեստավոր, ոստիկան, վարորդ, շուն ու կատու, դուստր, անգամ արձան և այն էլ՝ Սասունցի Դավթի, ընկերուհի, ուղևոր, ծնողներ և այլն: Գրողի բոլոր հերոսները մեկ բան են ասում, նրանք հաճախ լուռ են կամ կիսաձայն, սակայն աղաղակում են բոլոր մեր թերությունների մասին, արատների, ճեղքվածքների՝ հասարակական, շատ անկատարության` թե որքան կիսատ ենք ապրում: Որովհետև մարդիկ չեն հասկանում իրար, չեն ուզում լսել, սիրել, զգալ, ու այս ամենը գրողը պատկերում է հերոսների տխրության, անհաջողությունների, դժգոհությունների ցուցանքով»:


«Հավանաբար չեմ սխալվի, եթե ասեմ` «Ժամանակի նոր չափումներում»-ի ընթերցողներից ամենից լավ եմ հասկանում հեղինակին, ում ճանաչում եմ «անցյալ հազարամյակից»,- ասաց բանասիրության դոկտոր, գրականագետ Մարգարիտ Խաչատրյանը:- Առավել քան լավ եմ պատկերացնում գրքույկը հրատարակելու ներքին պարտադրանքն ու ինքնահաղթահարման դժվարությունները, ստացած դաստիարակության ու չդաստիարակության տիրույթներում հասկանալու, չլռելու, տարիների սովորություններից մինչև բոլոր կիսատ թողած լռությունները լռությամբ շարունակելու կամավոր հանձնառությունը, հակառակ նրա, որ ընթերցողը լավ է հիշում Կարինեի խոստովանությունը. «Ես երկար լռողներից չեմ»: Կյանքի պարտադրած նոր պայմաններում շատ բան է փոխվել, բայց նույնն են սիրո օրենքով թելադրված կանոնները, որոնցով մի ամբողջ կյանք ապրելուց հետո դժվար է, գրեթե անհնար է փոխել ինչ-որ բան: Սա միայն հիշողության պարտադրանք չէ, սա նաև ինքնաճանաչման նոր մակարդակ է՝ կյանքի ու ապագայի տեսլականի նոր չափումներում»:


Կարինե Ռաֆայելյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, նշեց, որ եթե Անի Փաշայանն ու Հովիկ Հովեյանն այսքան լուրջ չվերաբերվեին գրքի գոյության փաստին, հաստատ շնորհանդես տեղի չէր ունենա. «Որովհետև դա եղել է պարզ հուզական քայլ` մորս հուշարձանը կանգնեցնելու՝ գրքի տեսքով, և միայն վերջին պատմվածքի շնորհիվ է այս գիրքը հավաքվել ու հրատարակվել: Մյուս բոլոր պատմվածքները 15-20 տարվա պատմություն ունեն, և երբևէ մտքովս չի անցել, որ դրանք պիտի տպագրվեն: Բայց քանի որ մեկ պատմվածքով գիրք չեն հրատարակում, մյուսները նույնպես կյանքի իրավունք ստացան՝ գրքի տեսքով: Հակառակ դեպքում, իսկապես դրանք կկորչեին իմ համակարգչի թղթապանակներից որևէ մեկում»:


Խոսք ասացին նաև գրողներ Ալիս Հովհաննիսյանը, Հովիկ Վարդումյանը, Աշոտ Հովսեփյանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ քամանչահար Հակոբ Խալաթյանը: Գրողի «Ժամանակի նոր չափումներում», «Անսարք խողովակների սիմֆոնիան» պատմվածքները ներկայացրեց դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ