Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ Ռեբեկա Ասրյանը և Լիանա Հարությունյանը տեսաֆիլմի են վերածել Միգել դե ՈՒնամունոյի «Մառախուղ» վեպը:
ՌԵԲԵԿԱ ԱՍՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնարարվել էր ներկայացնել ցանկացած գիրք` ցանկացած ձևաչափով. «Այսինքն՝ ազատ էինք ստեղծագործելու մեջ։ Ես քիչ թե շատ կարողանում եմ նկարել, իսկ Լիանան լավ մոնտաժ անել գիտի։ Մտածեցինք, որ մեր կարողությունները օգտագործելու ճիշտ ժամանակն է և որոշեցինք ստեղծել տեսաֆիլմը» (տեսաֆիլմում ներկայացված է գրքի բազմաթիվ սյուժետային գծերից մեկը, և որոշ հերոսներ դուրս են մնացել, ու չի խոսվել նրանց մասին)։
«Ինչո՞ւ ընտրեցիք Միգել դե ՈՒնամունոյի «Մառախուղը»» հարցին անդրադառնալով` ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ հանձնարարությունը ցանկացել են միասին անել և ընտրել են այն գիրքը, որ երկուսին էլ հետաքրքրում է. «Սյուժեն շատ հետաքրքիր է: Չգիտես թե հաջորդ պահին ինչ կլինի, վստահ չես, որ ամեն ինչ լավ է վերջանալու, որ ամեն ինչ իրար հետ կապակցված է, կամ ամենասկզբի էջից մտածված, և կարդալով զգում ես, թե ինչպես է իրականությունը «ստեղծվում» քո աչքի առաջ։ Մեզ հատկապես գրավել է գրքի ամբողջովին տարբեր լինելը մյուս գրքերից ու նրա անկանխատեսելի վերջաբանը (այն նիվոլա է, ոչ թե նովել: Այս ժանրը ստեղծել է հենց ինքը` հեղինակը, որ կարողանա գրել այնպես, ինչպես ուզում է)»:
Միգել դե ՈՒնամունոյի «Մառախուղը» վեպը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Իսպաներենից թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ