Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ոչ մի բան այս աշխարհում դժվար չէ, եթե սիրով ես անում»

«Ոչ մի բան այս աշխարհում դժվար չէ, եթե  սիրով ես անում»
15.11.2016 | 08:29

«Խոսիր ինձ հետ». այսպես էր վերնագրված Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացված ժողովրդական վարպետ ՍԵՐԳԵՅ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ` փայտե քանդակների ցուցահանդեսը: Ներկայացվող աշխատանքներում հեղինակը պատկերում է հայ մարդու կենցաղը` միաժամանակ անդրադառնալով համամարդկային արժեքների: Վերնագրերը խոսուն են` «Արցախ», «Ես և նա», «Կանչիր, կռունկ», «Մանիր, մանիր», «Խնոցի», «Ընտանիք», «Հորովել», «Շոգ օր», «Լիր Արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել»: Արվեստաբանների բնորոշմամբ` Սերգեյ Թովմասյանի շնորհիվ իրերը ձեռք են բերում հետաքրքիր, ուշագրավ ու նոր կյանք, նոր կենսագրություն: Քանդակագործն ինքն ասում է. «Ես ոչինչ չգիտեմ, ես սովորում եմ, չգիտեմ` սա ոնց է լինում: Ի վերուստ է: Ես նկարել չգիտեմ, ես նկարիչ չեմ, ես դերասան եմ, բայց հիմա չեմ խաղում, հիմա ազնիվ ասում եմ»:
Սերգեյ Թովմասյանը աշխատել է տարբեր թատրոններում, խաղացել բազմաթիվ դերեր: 1999-ից տիկնիկային գործիչների միջազգային միության անդամ է, 2002-ից` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան: 2008-ից փայտե քանդակներ է ստեղծում: ՈՒնեցել է չորս անհատական ցուցահանդես: «Խոսիր ինձ հետ» ցուցահանդեսի առիթով մի քանի հարցեր ուղղեցինք նրան:

-Ինչո՞վ է Ձեզ գրավել փայտը: Դժվար չէ՞ փայտի հետ աշխատելը:
-Ոչ մի բան այս աշխարհում դժվար չէ, եթե սիրով ես անում: Քանդակագործն ինչպե՞ս է աշխատում տուֆի, բազալտի, բրոնզի հետ: Սիրում է իր գործը: Սկզբնական նպատակն իմ աշխատանքի` փայտը փրկելն է: Ես չեմ ուզում ծառ կտրել հատուկ նրա համար, որ այսպիսի բաներ պատրաստեմ: Երբ մարդն իր տան դուռն ու պատուհանը փոխում է, հինը դեն է նետում: Ես ուզում եմ դրանց կյանք տալ: Ավելի լավ է հնամաշ փայտն ինչ-որ ձև ստանա ու կախվի մեկի տանը, քան այրվի վառարանում կամ փտի անձրևի տակ:
-Շարունակելո՞ւ եք փայտե քանդակներ ստեղծել:
-Ինքս երբեմն մտածում եմ` ո՞ւմ են պետք այս աշխատանքները, բայց ընկերներս, կինս այլ բան են ասում: Շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ այսպես ոգևորում են:
-Ի՞նչ ընդհանրություն ունեն դերասանությունն ու կերպարվեստը:
-Շատ մոտ են դրանք: Բեմի վրա ամեն ինչ կա` երաժշտություն, ձևավորում, դերասանություն, ռեժիսուրա: Ամեն մի կիրթ, գրագետ, իր գործը սիրող դերասան պետք է իմանա երգել, պարել, հասկանա` ինչ է գրականությունը, երաժշտությունը, նաև նկարչությունը, ձևավորումը: Դերասանական արվեստն այս ամենի միաձուլումն է:
-«44 աստիճան» ներկայացման մեջ, որտեղ Դուք ևս խաղում եք, արտագաղթի խնդիրն է բարձրացվում: Ինձ թվում է` Ձեր գործերում էլ կա այդ ուղերձը` երկիրը սիրելու, պահպանելու, երկիրը չթողնելու:
-Այո, ես շատ եմ սիրում մերը, մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր մշակույթը: Շատ եմ ափսոսում, որ գործածությունից դուրս են եկել իլիկը, թոնիրը, ջրաղացը, խնոցին: Տրակտորը փոխարինում է եզին: Մենք երևի թե միակ ազգն ենք, որ եզին ախպեր ենք ասում. «Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան»... Երբեմն ռեստորաններում են թոնրի մեջ հաց թխում, սակայն դա ձևական բնույթ է կրում: Իրականում գյուղի մարդիկ հեռանում են այդ մշակույթից: Այս ամենը չպետք է կորչի, որովհետև մեր ազգի դեմքն է: Տեսեք, թե ճապոնացիները ոնց են պահում իրենց մշակույթը: Մենք էլ պետք է նույնն անենք: Հայաստանում է հայտնաբերվել գինու ամենահին հնձանը, բայց երբ մենք լռում ենք, ուրիշ ազգերն են հայտարարում, որ գինին իրենցն է, լավաշն իրենցն է:
Սակայն այս աշխատանքները ստեղծելիս խնդիր չեմ դրել մշակութային արժեքների, ազգի պահպանության գաղափար արտահայտելու: Պարզապես անում եմ: Ե՛ս չեմ անում: Աստծո շնորհիվ է:


Ճեպազրույցը և կից լուսանկարները`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ