Մինչ հանրությունը, մտավորականները քննարկում էին մտավորականներ-նախագահ հանդիպումը, լուր տարածվեց, որ երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ ազգային անվտանգության ծառայությունից հրավիրել են զրույցի: Հարցուպատասխանն այստեղ այլ ձևաչափում է եղել. քաղաքական դիրքորոշումից մինչև ընտանիքին առնչվող հարցեր: «Բարեկամական» զրույցը մտահոգության տեղիք է տվել:
-Պարոն Արծրունի, ինչ-որ կապ կա՞ Արցախում մտավորականների հետ նախագահի հանդիպման և Ձեզ ԱԱԾ հրավիրելու միջև:
-ՈՒղղակի կապ, բնականաբար, չեմ գտնում: Պարզապես համադրելով այդ երկու իրադարձությունները` հանգում եմ այն եզրակացության, որ մտավորականության դաշտի մեջ անբացատրելի դերաբաշխման ընթացք կա՝ ուր մի խումբ մտավորականներ իրենց դերակատարությունն են ստանձնում, իսկ ինձ պարտադրվում է մեկ այլ դերակատարություն։
-Եթե մտավորականներին են փորձում լռեցնել, սպառնալ, սա չի՞ նշանակում, որ վախի մթնոլորտ են տարածում հանրության շրջանում:
-Ես նույն հարցականներն ուղղել եմ մարդու իրավունքի պաշտպանին, որովհետև ինքս ճշգրիտ պատասխանն ու իրավաբանական գնահատականը այս իրադարձությունների չեմ կարող գտնել: Օմբուդսմենի գրասենյակից ինձ այսօր տեղեկացրին, որ գրավոր նամակն ուղարկել են փոստի միջոցով: Մոտ օրերս պատասխանը կստանամ, որտեղ գրավոր մեկնաբանությունը և բացատրությունը կլինեն կամ չեն լինի:
-Քանդակագործ Հարություն Կարապետյանը նույնպես հրավիրվել է ԱԱԾ` զրույցի: Ձեր կարծիքով` ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Ես երկու տեսանկյան եմ ծանոթ, մեկը ձեր մատնանշածը, մյուսը` Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում, երբ նա ասաց, որ մեծ թվով փաստեր ունի, որ այս պրոցեսը տեղի է ունենում Հայաստանի ամբողջ տարածքով, այսինքն` քաղաքացիներին հրավիրում են ԱԱԾ և քաղաքական բնույթի հարցեր տալիս: Սա ինձ անհանգստացնում է, որովհետև այդ գործընթացը, հավանաբար, սահմանադրությունից և օրենքից դուրս որոշակի մեթոդոլոգիայի և տեխնոլոգիայի հետևանք է և ինձ շատ է հիշեցնում խորհրդային շրջանի ԿԳԲ-ի պետություն- քաղաքացի հարաբերությունների տեսակը: Ենթադրվում է , որ նման զրույցից հետո կամ ձեր գլխին պատմություն են սարքում կամ ձեզ առաջարկվում է համագործակցել այդ ուժային կառույցի հետ:
-37 թիվը հաճախ է հիշատակվում վերջին շրջանում, բայց այսօր բոլոր հարթակներում մարդիկ շատ բաց, ազատ արտահայտվում են: Ո՞րն է տարբերությունը, և ո՞րն է նմանությունը:
-Երբ առանց ծանուցագրի հրավիրում են զրույցի և զրույցի ընթացքում չեն բացատրում ձեր կարգավիճակը, թե ինչ գործի վարույթի սահմաններում են հրավիրել, իսկ զրույցի վերջում չի կազմվում արձանագրություն, որը դուք պետք է ստորագրեք, նման աշխատաոճը ավելի շատ բնորոշ է խորհրդային շրջանում անվտանգության կոմիտեի որդեգրած ներքին քաղաքականությանը։
Իսկ տարբերությունն այն է, որ խորհրդային անցյալում օմբուդսմենի և իրավապաշտպանների ինստիտուտներ գոյություն չունեին:
Այնինչ ժողովրդավարական հանրապետությունում այդ երկու հանգույցները առկա են: Մի քանի կազմակերպություններ և իրավաբաններ իրենց խիստ գնահատականը տվել էին այս իրադարձությունների առնչությամբ, բայց ես, որպես ՀՀ քաղաքացի, գրավոր դիմումով դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին ու սպասում եմ նրա գնահատականին և վերլուծությանը, թե ինչ պրոցեսի մեջ եմ ես ներքաշված, սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ ոչ, և եթե որևէ դրույթում խախտվել է սահմանադրությունը, արդյո՞ք դա չի վկայում այն մասին, որ ես որպես ՀՀ քաղաքացի ենթարկվում եմ քաղաքական ճնշման:
-Մանավանդ մենք արտաքին ուժերից պաշտպանվելու կարիք ավելի ունենք:
-Ես ինչքան հասկանում եմ, Հայաստանը ողողված է հարևան երկրի գործակալներով, որ Իրանի քաղաքացիների անվան տակ ազատորեն շրջում են: ԱԱԾ-ի համար բավական մեծ ֆրոնտ կա աշխատելու: Գիտենք նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հայտարարությունների շարքի մասին, որոնք միանում են ադրբեջանական ինչ-որ պլատֆորմի: Փոխանակ այս ոլորտը վերահսկվի, պարզաբանվի աղբյուրն ու ընթացքի մասին տեղեկացվի բնակչությանը, տեսեք թե ինչ գործընթացներ են ընթանում: Այս իրադարձությունների շարքը մեկնաբանությունների բավական մեծ դիապազոն է բացում յուրաքանչյուրի համար: ՄԻՊ-ի պատասխանը ստանալուց հետո ես կհրապարակեմ և՛ իմ նամակը, և՛ պատասխանը, որպեսզի հասկանամ, թե որոնք են իմ հաջորդ քայլերը` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ