ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Պատկերացնո՞ւմ եք` այդ ոչ մեծ քաղաքում տասնյակ երկրների հազարավոր հյուրեր»

«Պատկերացնո՞ւմ եք` այդ ոչ մեծ քաղաքում տասնյակ երկրների հազարավոր հյուրեր»
13.04.2017 | 18:58

Գյումրի քաղաքում 2007-ից սկսած ամեն տարի անցկացվում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:

Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է մի շարք երկրների հետ ՀՀ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:


Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 19 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, երաժշտական թատրոն և այլն:
Լրատվության բաժնի պատասխանատու ԱՆՆՄԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ «Վերածնունդն» այս տարի համալրվել է «Զինվորական նվագախմբեր և երգչախմբեր» անվանակարգով: Նշեց նաև, որ մրցութային բոլոր անվանակարգերն էլ հետաքրքիր են, մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է, թեև արդեն գիտեն, որ ամենապահանջվածը «Դաշնամուր», «Էստրադային երգեցողություն» բաժիններն են:


«Փառատոնը մեկնարկում է ապրիլին: Մրցանակաբաշխության ժամանակ ընտրվում են լավագույնները, և նրանց հետ աշխատանքը, համերգային ծրագիրը շարունակվում են ողջ տարվա ընթացքում: Փառատոնի շրջանակում անցկացվում են վարպետության դասեր, ճանաչողական շրջագայություն Շիրակի մարզ, նաև ՀՀ այլ մարզեր և Արցախ: Կարելի է ասել` փառատոնը սկսվում է ու չի ավարտվում,- ասաց զրուցակիս, խոսելով տեղի արձագանքի մասին, վստահեցրեց, որ գյումրեցիների համար «Վերածնունդը» սպասված իրադարձություն է:- Պատկերացնո՞ւմ եք` այդ ոչ մեծ քաղաքում տասնյակ երկրների հազարավոր հյուրեր: Գյումրին յուրատեսակ աշխուժություն է ապրում: Մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների հետ գալիս են նաև նրանց հարազատները, ընկերները: Ոչ մի դատարկ հյուրանոցային համար չի մնում, սրճարանները, ռեստորանները լեփ-լեցուն են: Փողոցում կարելի է հանդիպել տարբեր ազգերի ներկայացուցիչների»:


Հետաքրքրվեցի, թե ինչպես են տեղեկացնում մրցույթ-փառատոնի մասին դրսի երաժիշտներին, քանի որ աշխարհագրությունը բավական լայն է: Աննման Մինասյանն ասաց, որ աշխատում են համակարգված: Ամեն անվանակարգ ունի իր ղեկավարը, նա էլ՝ աշխատանքային իր խումբը: Մասնակիցների հետ հեռախոսով կապ են հաստատում և բոլորի հետ անհատապես աշխատում են:
Այս տարի «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարող և համույթներ՝ 35 երկրներից:
Մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելառուս, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Մոնղոլիա և այլն:


Իրենց անվանակարգերում 19 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին` 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ: Այս ամենը վկայում է, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի մանկական և երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:
Մասնագիտական հանձնաժողովների՝ ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 72 ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:


Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները և նշանավոր երաժիշտները Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կանցկացնեն համերգներ և վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:
Կազմկոմիտեն ամբողջ փառատոնը դիտարկում է որպես դասական երաժշտության մեծ համերգ, որի ընթացքում մասնակից հռչակավոր երաժիշտները հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» բարեգործական համերգներով:
Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի ստեղծագործական ակադեմիա:


Փառատոնն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Լևոն Սարգսյան) և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն՝ Կարինե Ավդալյան):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ