ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Հակածխախոտային պայքարը պետք է իրականացվի քայլ առ քայլ, առանց ծայրահեղ միջոցառումների»

«Հակածխախոտային պայքարը պետք է իրականացվի քայլ առ քայլ, առանց ծայրահեղ միջոցառումների»
30.03.2018 | 09:36

«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի առնչությամբ է մեր հարցազրույցը բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի աշխատակից ՍՈՂՈՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:


-Արդեն հրապարակվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որպես մասնագետ, ի՞նչ կարծիք ունեք այդ օրինագծի և, ընդհանրապես, հակածխախոտային պայքարի վերաբերյալ:
-Այս օրենքը, որն առաջարկվում է ընդունել, կարևորագույն նշանակություն ունի: Որպես սրտաբան, ես գիտեմ ծխախոտի օգտագործման վնասները մեր հիվանդների վրա: Այսօրվա դրությամբ ծխախոտը, ծխելը համարվում է թիվ 1 ռիսկի գործոն սրտի իշեմիկ հիվանդության զարգացման, զարկերակային գերճնշման առումով: Ռիսկի գործոնը նշանակում է, որ ծխելը ոչ թե անմիջապես առաջացնում է նշածս հիվանդությունները, այլ տարիների ընթացքում կուտակելով իր բացասական հետևանքները, իր ազդեցությունն ունենում է: Օրենքը բավական լավ է և նրանով է լավ, որ հնարավորություն է տալու ընդհանուր պոպուլյացիայի մեջ նվազեցնել ծխող մարդկանց քանակ, մոտենալ քաղաքակիրթ երկրների ցուցանիշներին, որտեղ նմանատիպ օրենքներ վաղուց կան, գործում են, և կան արդյունքներ այդ երկրներում:
Միաժամանակ կարծում եմ, որ օրենքի նախագծում պետք է համապատասխան դրույթ մտցվի, որով հակածխախոտային պայքարն իրականացվի քայլ առ քայլ, աստիճանաբար, առանց ծայրահեղ միջոցառումների, ինչպես, սովորաբար, մեզ մոտ արվում է գրեթե ամեն ինչ: Ցանկանում եմ, որ օրենքը, չեմ ասում` շատ դանդաղ, բայց կիրառվի աստիճանաբար, միայն տուգանքներով հարցը չի լուծվում: Կարծում եմ` բնակչությանը ոչ թե պետք է հակածխախոտային պարզունակ տեսահոլովակներ ցույց տալ, այլ ներկայացնել բժշկական համապատասխան վիճակագրություն, թվեր, թվեր, թվեր, թե այս կամ այն հիվանդությունը, առողջական խնդիրը ծխող մարդկանց շրջանում քանի տոկոսի դեպքում է արձանագրվում, չծխողների մոտ քանի տոկոսով է նվազում, որ տարիքից ծխել թողնելն է խնդիր առաջացնում և այլն:
Պետք է լուրջ հարձակում իրականացնել տեղեկատվական դաշտում, ոչ թե միայն տուգանքներով կամ ծխախոտի գներն ավելացնելով: Առաջին փուլը պետք է լինի տեղեկատվական մեծ ծավալի աշխատանքը հեռուստատեսությամբ, թերթերով և այլ ԶԼՄ-ներով: Երբ մեր հիվանդները ծխում են, մենք չենք ասում` գիտես, ծխելը լավ չէ, ասես-չասես, ինքը դժվար թե թողնի ծխելը: Սակայն, նկատել ենք, որ երբ հիվանդին ներկայացնում ենք ծխելու դեպքում ի հայտ եկող առողջական խնդիրները տոկոսային արտահայտություններով, ապա բավականին ավելի լավ արդյունք ենք ստանում այն հիվանդների համեմատ, որոնց ուղղակի ասվում է` ծխել պետք չէ, վտանգավոր է և այլն: Մանավանդ երբ ասող բժիշկն է ծխում, և հիվանդը տեսնում է դա:
Կարծում եմ, այստեղ մոտեցումը պետք է լինի հետևյալը` հիվանդին չվախեցնել, որովհետև վախեցնելով այդ հարցը դժվար թե լուծվի: ՈՒղղակի նրան, թեկուզ մեր տվյալներով, պետք է տալ տեղեկություն, որ ծխելու դեպքում քո մեջ այսինչ բանն այսինչ ժամանակ հետո այսինչ տոկոս դեպքերում սպասվում է: Հիվանդին այդ ամենի մասին պետք է տեղյակ պահել հանրամատչելիորեն, բայց գիտական հիմնավորվածությամբ: Կարծում եմ` մեր բնակչությունը դա կհասկանա:
Ծխախոտի տուփերի վրա վախեցնելու համար տարբեր նկարներ պատկերելը չի ազդում, մեկ-մեկ տեղիք է տալիս նույնիսկ ժպիտի: Պետք է ընդունենք աշխարհի փորձը, աշխարհն իմ նշած ճանապարհով գնաց: Որքան տեղեկացված եմ, օրենքի կիրառման արդյունավետություն ունեցող երկրներում յուրաքանչյուր օրենքի ընդունումից առաջ իրականացվում է տեղեկատվական մեծ հարձակում, քարոզչական համապատասխան աշխատանք: Նախապես պատրաստում են տեղեկատվական հենք, ապա նոր անցնում մնացած քայլերին: Մեզ մոտ այդպիսի աշխատանք չկա, լավ է, որ գոնե հեռուստացույցով սիգարետը չի գովազդվում, ինչն առաջ արվում էր:
-Իսկ ի՞նչ վիճակագրություն կա ծխողների առողջական խնդիրների վերաբերյալ` ի տարբերություն չծխողների:
-Օրինակ, ծխող մարդու մոտ, եթե նա սիգարետը սկսել է օգտագործել երիտասարդ տարիքից և արդեն 12-15 տարի ծխում է, սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը 2,5-3 անգամ ավելի բարձր է, քան նրան հասակակից մարդու մոտ, որն ընդհանրապես չի ծխում: Ինֆարկտից հետո ծխելը շարունակելու դեպքում սրտամկանի սուր ինֆարկտի կամ անկայուն ստենոկարդիայի առաջացման պատճառով կրկնակի հոսպիտալացումները կազմում են 30-32 տոկոս, իսկ ծխելը դադարեցրած անձանց շրջանում` 8-12 տոկոս, այսինքն` 3 անգամի տարբերություն կա: Սրանք արդեն ապացուցված վիճակագրական տվյալներ են, աքսիոմ, որը քննարկման ենթակա չէ:
Եթե մենք Հայաստանը համարում ենք քաղաքակիրթ երկիր, պետք է պայքարենք ծխախոտի օգտագործման դեմ: ՈՒղղակի մինչ օրենքի պատժիչ դրույթների կիրառումը, պետք է նախապատրաստել տեղեկատվական լուրջ հիմքեր, ընդհուպ մինչև այն, որ հասարակության գիտակցությանը հասցվի` չծխող միջավայրում ծխող մարդն անկուլտուրական է, ոչ քաղաքակիրթ:
Երբ գնում ենք եվրոպական և այլ զարգացած երկրներ, տեսնում ենք, որ այնտեղ չծխող միջավայրում ծխողին նայում են որպես ոչ քաղաքակիրթ մարդու: Մարդուն, ով գիտի, որ դա վնաս է, բայց շարունակում է ծխել, այնտեղ արդեն նորմալ չեն վերաբերվում, չեն համարում, որ իրենց հավասար մարդ է: Իհարկե, կան փոխզիջումային տարբերակներ` ծխողների համար առանձնացված սենյակներ, վայրեր ռեստորաններում, օդանավակայաններում և այլուր: Հիմնական ուղղությունը պետք է լինի այն, որ ծխող մարդը համարվի ոչ թե վատ մարդ, այլ ուղղակի` ոչ քաղաքակիրթ, ինչպես արտերկրում է: Նա կարող է շատ լավ մարդ լինել, պաշտոնյա, մեծ կրթություն ունեցող և այլն, սակայն ծխելով նրա կարգավիճակը, վարկը փոխվում են, տուժում:
-Հայաստանում բնակչության քանի՞ տոկոսն է ծխում, և այս առումով ի՞նչ վիճակագրություն կա աշխարհի զարգացած երկրներում:
-Որքան տեղյակ եմ, Հայաստանում բնակչության շուրջ 60 տոկոսը ծխում է, որից 40-45 տոկոսը` տղամարդիկ, մնացածը` կանայք: Սրանք սարսափելի թվեր են, մանավանդ եթե նկատի ունենանք, որ մեզ մոտ ծխող երիտասարդության տոկոսը բավական մեծ է, նույնիսկ դպրոցական տարիքից ծխողները քիչ չեն: Համեմատության համար ասեմ, որ մեր հարևան Վրաստանում, իրենց պաշտոնական վիճակագրության տվյալներով, ծխողները կազմում են բնակչության 32-33 տոկոսը, այսինքն` այնտեղ ծխողները Հայաստանից մոտ 2 անգամ քիչ են:
Հայաստանին ծխողների ցուցանիշով մոտ են Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը: Մինչդեռ Գերմանիայում ծխում է բնակչության 10-12 տոկոսը, ընդ որում` այնտեղ այդ 10-12 տոկոսի մեջ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: Այնտեղ սիգարետի օգտագործումը տղամարդու համար պատվաբեր չէ։ Ծխողները շատ են Ֆրանսիայում, նրանք կազմում են բնակչության մոտ 30 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը Աֆրիկայից, արաբական երկրներից, Թուրքիայից և այլ պետություններից եկած միգրանտներն են, այսինքն` ազգությամբ ոչ ֆրանսիացիները:
Միացյալ Նահանգներում ծխողների տոկոսն ավելի քիչ է, քան նույնիսկ Գերմանիայում, կազմում է մոտ 8 տոկոս, ընդ որում` այդ 8 տոկոսը ձևավորած ծխողների հիմնական մասը դարձյալ միգրանտներն են: Նրանք միլիարդներ ծախսեցին, մոտ 30 տարի աշխատեցին հակածխախոտային պայքարի ուղղությամբ, դրա համար մեզ ավելի շատ ամերիկյան փորձն է նախընտրելի, բայց պետք է նկատի ունենալ, որ լուրջ արդյունքի հասնելու համար հարկ է լինելու մեծ գումարներ ծախսել:
Որոշ երկրներում պայքարում են ծխախոտի գնի բարձրացման միջոցով, այդ երկրներում որոշակի արդյունքների հասնում են: Անվիճելի է, որ Հայաստանում սիգարետը շատ էժան է, միջին գնի սիգարետի 1 տուփն արժե 1 եվրո, մինչդեռ եվրոպական երկրներում նույն որակի կամ կարգի սիգարետի 1 տուփը 5-6 եվրո արժե:
Սակայն չգիտեմ, թե ինչ կսկսվի, եթե այստեղ փորձեն բարձրացնել սիգարետի գինը: Հետևաբար, ծխող մարդու համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա ոչ թե ֆիզիկապես տեղ չունենա ծխելու, այլ ծխելով զգա, որ ինքը լավ բան չի անում թեկուզ իր շրջապատի համար, թունավորում է նրանց: Տան մեջ եթե կա երեխա, և ծնողներից մեկը ծխում է, տանը նրա համար պետք է ստեղծվի անտանելի վիճակ, չպետք է թողնել, որ նա տանը ծխի, դա արդեն ահագին բան է:
Նկատի ունենանք, որ մարդը տանը բավական երկար ժամանակ է անցկացնում, աշխատանքից հետո եթե տանը չծխի, պատկերացնում եք, թե արդեն ինչքան է պակասելու նրա գործածած սիգարետը: Նա ստիպված է լինելու դուրս գալ պատշգամբ, եթե ունի, փողոց, բայց արդեն պարզ է, որ դրանով նրա համար ստեղծվելու է անբարենպաստ վիճակ, հետևաբար, ուզած-չուզած, նվազեցնելու է գործածվող սիգարետների քանակը: Դա շատ կարևոր բան է:
Արգելված վայրերում ծխելու դեպքում տուգանելու համար դժվար թե այդքան ոստիկան գտնվի, տանն արգելելն ավելի իրատեսական է, կինն ամենամեծ ոստիկանը կարող է լինել, եթե ինքը չի ծխում: Կինը, ամուսնու ծնողներն այնպիսի պայմաններ պետք է ստեղծեն, որ նա գոնե տանը չծխի: Եվ սա, կարծում եմ, արդյունք կտա, որովհետև մենք ընտանեկան ժողովուրդ ենք, և ընտանիքը բավական մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Բնական է, որ ընտանիքի ասածը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան պետության որոշած տուգանքները: Նկատի ունենանք, որ ծխողի շրջապատում գտնվողները (պասիվ ծխողները) նույն կամ գուցե ավելի մեծ վնաս են ստանում (քանի որ նրանց ներշնչած ծուխը ֆիլտրով չի անցնում), քան ծխողները:
Ծխող մարդու շրջապատը, որը կարող է նրան համոզել, բավական մեծ բանակ է: Տեղեկատվական աշխատանքը, որ պետք է առաջիկայում կատարվի, պետք է ուղղված լինի հիմնականում այդ` ծխողի շրջապատում գտնվող մարդկանց: Կինը պետք է այնպես արգելի ամուսնուն, որ բանը չհասնի վիճաբանության, օրինակ, պետք է նրան ցույց տա երեխայի հազը, երեխայի հիվանդոտ լինելը, նրա մոտ առաջացած առողջական խնդիրները` պայմանավորված շրջապատում ծխի ազդեցության պատճառով երեխայի իմունային համակարգի թուլացմամբ և այլն, և այլն, որպեսզի ամուսինը հասկանա, որ կնոջ` չծխելու պահանջը ոչ թե նրա քմահաճույքն է, այլ բխում է երեխայի առողջության պահպանման հրամայականից, հասկանա, որ ծխելով ինքը վնասում է իր իսկ երեխային, իր և կնոջ երեխային: Շատ կարևոր է, որ ընտանիքում այն մարդը, որը ծխողից պահանջելու է չծխել, զինված լինի ծխելու վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ, ունենա գիտականորեն ապացուցված փաստեր:
Որքան էլ ասեն, թե պետությունը շահում է սիգարետ վաճառելուց, սխալ է: Դա էլ է ապացուցված, որ ցանկացած պետություն ավելի մեծ կորուստներ է կրում ծխելու պատճառով հիվանդ մարդուն բուժելու համար, քան շահում է նրան վաճառված սիգարետից: Ծխող մարդը հաճախ է պոլիկլինիկա և հիվանդանոց գալու, մի շարք հիվանդությունների պարագայում պետությունն ինքն է բուժման համար վճարում, անընդհատ ծախս է:


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 6066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ