Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Կոմիտասի թանգարանում Կոմիտաս երգելն աննկարագրելի զգացողություն է». Մասիս Առաքելյան

«Կոմիտասի թանգարանում Կոմիտաս երգելն աննկարագրելի զգացողություն է». Մասիս Առաքելյան
11.06.2018 | 15:55

Սայաթ-Նովայից Արամ Խաչատրյան, Կոմիտասից Շուման՝ գերմանաբնակ Մասիս Առաքելյանի երգացանկը հարուստ է հայ ու գերմանական դասական ստեղծագործություններով: Նման հագեցած ծրագրով էլ Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Երևանում համերգներ ունեցել էի, բայց սա առաջին մեծ մենահամերգն էր, և ինձ համար խոհրդանշանական էր ելույթ ունենալ Կոմիտասի թանգարանում ու նաև Կոմիտասի երգերից կատարել. դա աննկարագրելի զգացողություն էր», - ասում է տենոր, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանն ու հավելում, որ Հայաստանում համերգ ունենալու գաղափարը պատահական է ծնվել.


«Հայրենիք վերադարձա մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների առթիվ: Ընկերներս առաջարկեցին նաև համերգով հանդես գալ ու հենց նրանք խորհուրդ տվեցին այն կազմակերպել Կոմիտասի անունը կրող այս կառույցում: Մոտ երեք շաբաթ տևեցին նախապատրասական աշխատանքները, ուրախ էի համագործակցել Հայաստանում բնակվող երաժիշտների՝ դաշնակահար Մարինա Վարդանյանի, ջութակահար Շուշան Հակոբյանի և թավջութակահար Գոռ Մանթաշյանի հետ»:
Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև իր հեղինակային ստեղծագործությունները աշխարհի տարբեր երկրներում կատարելուց հետո կոմպոզիտորը վստահեցնում է՝ հայկական երաժշտություն հուզում և հետաքրքրում է արտասահմանցի հանդիսատեսին.
«Նրանք մեծ հետաքրքրությամբ են լսում հայկական ստեղծագործությունները, սակայն, իմ կարծիքով, հարկավոր է մի փոքր դուրս գալ ազգային նեղ շրջանակից: Ես ամենևին նկատի չունեմ փոխել նոտաները կամ Կոմիտասն այլ ձևով կատարել, ոչ, խոսքս մատուցման ձևի մասին է, լավագույն օրինակներից մեկը Արամ Խաչատրյանն է, ով ազգային հիմքի վրա ստեղծեց համաաշխարհային գլուխգործոցներ»:


Բեռլինում բնակվող Մասիս Առաքելյան հայաստանյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հետո խոստովանում է. «Արդեն մտածում եմ կրկին հայրենիք վերադառնալու և համերգային նոր ծրագրով ելույթ ունենալու մասին»:

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ