Այս տարիներին,՝ անկախության տարիներին , մենք մեզ նեղություն չենք տվել հասկանալու, թե ինչպես են կառավարել իշխանությունները երկիրն ու ժողովրդին: Որևէ գնահատական չի տրվել նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականությանը: Համակարգված գնահատական, որը կարտացոլեր պետության, հասարակության կյանքի կարևորագույն խնդիրների նկատմամբ ներկա և նախկին իշխանությունների տեսակետների և գործնական մոտեցումների բովանդակությունը, կընդգծեր դրանց տարբերությունը, կհիմնավորեր կատարված ընտրությունը: Ոչ մի հաջորդ իշխանություն օբյեկտիվորեն չի գնահատել իր նախորդի գործունեությունը՝ նախադեպ չստեղծելու վախից, իր արածի ու չարածի նկատմամբ այդպիսի գնահատականից խուսափելու համար:
Ընդհանուր գծերով փորձենք ներկայացնել նրանց իշխանավարման հետևանքները:
Անկախացումից անմիջապես հետո մենք պատմական շանս ունեինք Խորհրդային Միությունից մնացած ժառանգության հիման վրա կառուցել արդյունաբերական, գիտական, կրթական, մշակութային լավագույն կարողություններով երկիր: Իսկ ինչ արվեց: Առաջին նախագահի կողմից կազմակերպված ավերվեց երկրի տնտեսությունը՝ հիմնահատակ անելու, վերականգնման որևէ փորձ ձախողված դարձնելու տրամաբանությամբ: Երկիրն ամրապնդելու, նրա բոլոր կարողությունները պատերազմական պահանջներին ծառայեցնելու փոխարեն մենք սկսեցինք հիմքից ոչնչացնել գիտական, արդյունաբերական, տնտեսական բոլոր կարողությունները՝ հարյուր հազարավոր մարդկանց դարձնելով գործազուրկ և օրվա հացի խնդրին ենթակա: Մարդկանց մի զգալի մասը լքեց երկիրը: Շատերն իրենց բնակարանն էին փոխում ինքնաթիռի տոմսի հետ: Մնացածներն էլ անմռունչ տարան մութ ու ցուրտ տարիները:
Պատերազմում տարած հաղթանակը կարող էր լիովին փոխել իրադարձությունների ընթացքը, եթե մեր երկրի այդ ժամանակվա ղեկավարը, որը հիմա էլ իմաստուն քաղաքական գործչի համբավ ունի, ուղղակի մեր պետության շահերին հակառակ չգործեր: Զուգահեռաբար իրականացված սեփականաշնորհման և դրամական ռեֆորմի պատճառով մարդիկ կորցրեցին իրենց ունեցվածքը, խնայողությունները, որոնք ձեռք էին բերել տասնամյակների բարեխիղճ աշխատանքով: Սա առաջացրեց սոցիալական, բարոյահոգեբանական, ժողովրդագրական աղետ: Սկիզբ դրվեց երկրի ստրկացմանը՝ ենթարկմանը միջազգային և վերազգային ֆինանսական, տնտեսական, քաղաքական կառույցներին, ընդունելով խաղի այնպիսի կանոններ, երբ տանտերը դու չես:
Արցախյան առաջին պատերազմից հետո պետք է կնքվեր խաղաղության համաձայնագիր՝ Ադրբեջանի կապիտուլյացիայի արձանագրմամբ, և Արցախը պետք է վերամիավորվեր Հայաստանին: Դրա քաղաքական հիմքը նույնպես կար: Բայց մեզ վիճակված իշխանությունը ոչ միայն չկապիտալիզացրեց այդ հաղթանակը, այլև փոխեց այն քաղաքական, ֆինանսական, սոցիալական բիժուտերիայով:
Երկրորդ նախագահի օրոք շարունակվեց դրսից կիրառվող դրամաշնորհային քաղաքականությունը: Որպես հետևանք՝ սեփականաշնորհվեցին ռազմավարական համարվող ոլորտները՝ ընդերքի շահագործման իրավունքը, կապը, հանրային ծառայությունները, կոնցեսիոն կառավարման տրվեց երկաթուղին:
Երրորդ նախագհի օրոք մինչ այդ պետական կառավարման համակարգը գրաված կոռուպցիան դարձավ համատարած, թափանցեց կյանքի բոլոր ոլորտները, գրավեց անվտանգային համակարգը: Այդ տարիների ընթացքում պատերազմում տարած հաղթանակի չարչրկումից զատ ոչինչ չարվեց ժամանակակից սպառազինությամբ ու պատրաստվածությամբ բանակ ունենալու համար: Ոչինչ չարվեց նաև Ադրբեջան արհեստածին պետությունը կազմալուծելու ուղղությամբ: Ոչ մի դրամ չծախսվեց այդ երկրում արթնացած էթնիկ ժողովուրդների ինքնորոշման մղումը խթանելու, նրանց ֆինանսական, նյութական, զինական աջակցությամբ ազատագրական պայքարի հանելու համար: Իսկ դա մեզ համար ռազմավարական նպատակ պետք է լիներ:
Փոխարենը երկրի ներսում շարունակվեց ունեզրկումն ու իրավազրկումը, խորացավ հասարակության բևեռացումը, ուժեղացավ երկրի կախվածությունը միջազգային ֆինանսական կառույցներից: Վերջնականապես ձևավորվեց օլիգարխիան, այսպես ասած, կայացած բանկային համակարգը ծառայեցվեց երկրի բոլոր ֆինանսական հոսքերը մեկտեղելու և մեկ ծորակից տնօրինելու նպատակին: Մասնավոր ֆինանսական կառույցները նույնպես կենտրոնացան ժողովրդի հարստահարման վրա:
Դրան զուգահեռ երկրում ծաղկում էին աղանդները, դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց վերահսկողության տակ էին վերցնում պետական կառույցների գործունեությունը և որոշ դեպքերում փոխարինում նրանց, քայքայում էին հասարակության արժեհամակարգային հիմքերը, արևմտյան արժեքների ներդրման անվան տակ տարածում այլասերում, անբարոյականություն, սպառողականություն, պարարտ միջավայր էին ստեղծում ատոմացված անպատասխանատու մարդու ձևավորման համար:
Չեմ կարող մտաբերել մեկ ազգանպաստ, պետականամետ նախաձեռնություն իշխանությունների կողմից ձեռնարկված, որը ձախողվել է դեգրադացված ժողովրդի դիմակայության արդյունքում:
Վահրամ Բայադյան