Տարօրինակ զուգադիպությո՞ւն էր, թե՞ ճակատագրի հեգնանք, բայց Նիկոլի երևանյան ասուլիսից ընդամենը երեք օր անց հայտարարություններով հանդես եկավ նրա «կառուցողական բարեկամը»։ Այնպիսի մի ելույթով, որ եթե անկեղծ լինենք, ծաղրելը դեռ շատ մեղմ բնութագրում է. նա օկուպացված Ստեփանակերտից պարզապես պատռեց Նիկոլի «խաղաղության» պատրանքը։ Ալիևն իր ցինիկ ժպիտով ու սատանայական քրքիջով բաց տեքստով նվաստացրեց Նիկոլին՝ ասելով. «Փաշինյանը, որն այժմ ասում է՝ Ղարաբաղը պետք էր Ադրբեջանի մաս ճանաչել ավելի շուտ, 2019-ին հայտարարեց՝ «Ղարաբաղը (Արցախը) Հայաստան է և վե՛րջ»՝ այդպիսով ստորագրելով, ինչպես ասում են, իր համար դժվար կյանքի տակ»։ Ըստ էության՝ այսպիսով ոչ միայն հեգնում էր Նիկոլին, այլ բացահայտորեն մատնանշում էր, թե ինչպես է հենց այդ հայտարարությունը դարձրել պատերազմի օրինականացման իր գործիքը։ Այսինքն՝ Նիկոլի՝ ամբոխահաճո «հայեցի» ճիչը վերածվել է ռազմավարական նվերի՝ Բաքվի համար։
Ալիևի ելույթում «խաղաղություն» բառը կրկնվում էր, բայց այն չէր վերաբերում հաշտեցման կամ փոխադարձ շահերին։ Այն ուներ երեք հստակ նախապայման՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում առանց մաքսային, սահմանային կամ իրավական վերահսկողության, ՀՀ Սահմանադրության փոփոխում՝ Արցախին վերաբերող որևէ հղում վերացնելու նպատակով, և ընդհանուր պետական կամքի ու սուվերենության զիջում՝ որպես Բաքվի հսկողության նոր փուլ։ Ամեն ինչ ամփոփվեց սպառնալիքներով լի մեկ նախադասությամբ. «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. դա մեր իրավունքն է, ու եթե Հայաստանը չհամաձայնի, մենք ունենք այլ մեթոդներ»։ Սա խաղաղություն չէ, այլ դասական վերջնագիր է Նիկոլի լուռ համաձայնության ներքո կամ, ավելի ճիշտ, հերթական պրիմիտիվ արդարացումները։
Փաստացի՝ Սյունիքը, ըստ Ալիևի, հանդիսանում է այն առանցքը, որով Հայաստանը պետք է կամ ինքնակամ զիջի, կամ ենթարկվի ճնշման։ Բաքվի ռազմավարությունն այս հարցում հստակ է՝ ճանապարհային վերահսկողություն՝ առանց ՀՀ մասնակցության, Իրանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, արևմուտքի հետ Հայաստանի կապերի կտրում՝ վախեցնելու կամ մեկուսացնելու միջոցով։ Փաստացի՝ Սյունիքը դիտարկվում է որպես ոչ թե հաղորդակցության ուղի, այլ տարածք, որը Ադրբեջանը ցանկանում է ապասուվերենացնել և վերածել սեփական աշխարհաքաղաքական միջանցքի։
Մինչ Ալիևը խոսում է «այլ մեթոդներից», Նիկոլն արդեն դրանք կիրառում է՝ ներսում։ Թիրախավորում է ընդդիմադիր գործիչներին, նրանց նկատմամբ վարում քրեական գործեր, զրկում անձեռնմխելիությունից, կալանավորում։ Բազմակողմանի հարձակում է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառի վրա։ Ապակայունացնում է հանրային պաշտպանական պատնեշները՝ լրատվամիջոցներ, փորձագիտական համայնք, դատական համակարգ։ Այս բոլոր գործողությունները միասին մեկ բան են նշանակում՝ փաշինյանական վարչակարգը գիտակցում է, որ արտաքին ճնշմանը դիմակայելու փոխարեն պետք է ներսից վերացնի դիմադրության բոլոր հնարավոր օջախները։
Ըստ էության, Նիկոլի վարած ներքաղաքական ռեպրեսիաներն ու հանրային ինստիտուտների կազմաքանդումը ոչ թե անկախ պրոցես են, այլ ներդաշնակ են Ալիևի պահանջների հետ։ Ալիևը սպառնում է դրսից, Նիկոլը վերացնում է ներսից։ Այսպիսով, խաղաղության օրակարգը վերածվել է վերջնագրերի համակարգի, իսկ Նիկոլի իշխանությունը՝ այդ վերջնագրերին հնազանդվելու ռեժիմի։ Ավելին, այսօր առավոտյան բաց տեքստով Նիկոլը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է գրոհել Վեհարանը՝ ցույց տալով, որ պետականաքանդման գործընթացն իր համար շարունակում է մնալ առաջնային։
Արմեն Հովասափյան