Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԲԺՇԿԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՆ Է»

«ԱՄԵՆԱՄԵԾ ԽՆԴԻՐԸ ԲԺՇԿԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՆ Է»
18.10.2011 | 00:00

1920-ին Ֆրանսիայում ստեղծված Հայ բժշկական միությանը 1975-ին փոխարինել է Ֆրանսահայ բժիշկների միությունը (ՅՈՒՄԱՖ), որի գործառույթները 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո արմատապես փոխվել են` պարբերական բարեգործական այցեր հայրենիք` գրեթե ամեն ամիս` մասնագիտական տարբեր խմբերով, միլիոնավոր դոլարների օգնություն: Նշեմ միայն, որ նրանց միջոցներով Սպիտակում կառուցվել և ցայսօր որբ երեխաների համար անվճար գործում է համաբուժարանը, իսկ նոյեմբերի 12-ին Վանաձորում կբացվի ատամնաբուժական շարժական կենտրոնը, որը դպրոցահասակ երեխաներին և ծերերին կսպասարկի ողջ հանրապետության տարածքում. բժիշկներին վարձատրելու է միությունը:
Օրերս կրկին հայրենիքում էր ֆրանսահայ բժիշկների հերթական խումբը՝ ՆՈՐԲԵՐ ԱՎԵՏՅԱՆ, ՄԻՇԵԼ ԴԵՐՎԻՇՅԱՆ, ՍԵՐԺ ՍԻՄՈՆՅԱՆ: Այսօր «Իրատես de facto»-ի հյուրը ՆՈՐԲԵՐ ԱՎԵՏՅԱՆՆ է:

Մեր հայրենակիցը Փարիզում ուռուցքաբանական սեփական հիվանդանոց ունի և բարձրակարգ ուռուցքաբանի ու քիմիաթերապևտի համարում (ըստ տեղեկությունների՝ Ֆրանսիայի կառավարության անդամների մեծ մասը ձգտում է առողջական հարցերով հենց նրան դիմել): Արդեն տասը տարի է` տարվա մեջ մի քանի անգամ այցելում է հայրենիք` ամեն անգամ սպասարկելով շուրջ 120 հիվանդի, որոնց մի մասը, ի դեպ, նախընտրում է հետագայում բուժումը շարունակել նրա մոտ՝ Փարիզում: Ծնունդով պոլիսցի, արմատներով էրզրումցի Նորբեր Ավետյանը, որ փայլուն տիրապետում է արևմտահայերենին, ասում է, որ իր երեխաները նույնպես խոսում են հայերեն և հպարտ են իրենց ազգային պատկանելությամբ: Նաև կեսկատակ նշում է` հայաստանցի հիվանդները ևս թույլ չեն տալիս մոռանալ հայերենը:
Նորբեր Ավետյանը նշում է, որ ՀՀ-ում ահռելի թիվ են կազմում կրծքի, հաստ աղիքի և թոքի ուռուցքով հիվանդությունները, և, որ ամենաահավորն է, դրանք շատ են երիտասարդացել: Նրա կարծիքով` մեր բժշկությունը մնացել է 80-ականների մակարդակին: Արդեն 4-5 տարի է՝ ջանում են այստեղ ուռուցքաբանական կենտրոն հիմնադրել՝ եվրոպական չափանիշներով ու բուժման մեթոդներով: «Պարապ տեղը օպերացիա, պարապ տեղը քիմիա ընելը նորմալ չէ»,- ասում է ֆրանսահայ հանրահայտ բժիշկը։ Նրան չի գոհացնում հատկապես հայաստանյան քիմիաթերապիայի մակարդակը: Ըստ նրա` ՀՀ-ում ընդունված է քիմիան ներարկել 3 ամիսը մեկ անգամ, մեկ օրում, որն արդյունավետ չէ. քիմիան պետք է ներարկել ոչ թե մեկ, այլ 2 օրում և առնվազն 2-3 շաբաթը մեկ: Լավ քիմիաթերապիայի գաղտնիքը նրա ճիշտ չափաբաժնի և տրվող դեղորայքի մեջ է: Նաև ճիշտ է համարում ուռուցքի օջախը քիմիաթերապիայով նախ փոքրացնելը, ապա նոր միայն վիրահատելը: Եթե հաջողվի բացել այդ կենտրոնը, վստահ է` յուրաքանչյուր հայ բժիշկ հնարավորություն կունենա սովորելու համաշխարհային բժշկության նորագույն մեթոդները:
Մտահոգիչ է, անշուշտ, մեր երկրում բժշկական նորագույն սարքավորումների բացակայությունը: Խոսքը, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մասին չէ, որտեղ նրանք ներդրել են հնարավորը և իրենց գործնական աշխատանքներն էլ հիմնականում կազմակերպում են այնտեղ` տեղի բժիշկներին փոխանցելով իրենց գիտելիքներն ու փորձը: Անչափ կարևորում է նորագույն սկաների ներդնումը հանրապետությունում, որը հնարավորություն կտա տեսնելու քաղցկեղի բոլոր օջախները ողջ մարմնում և ուռուցքային բջիջներն ու լինֆոնիդները` շարժման մեջ, մինչդեռ մեզ մոտ հնարավոր է տեսնել դրանք միայն անշարժ վիճակում:
Նորբեր Ավետյանը խոստովանում է, որ ոչ միշտ և ոչ բոլոր բժիշկներն են իրենց կարծիքները գրկաբաց ընդունում կամ համաձայնում դրանց, քանի որ շատ տարբեր են տեսակետները:
Այնուամենայնիվ, թիվ մեկ խնդիրը հայաստանյան բժշկության մեջ նա համարում է հիվանդի նկատմամբ ճիշտ վարվելակերպի բացակայությունը և բժշկի հանդեպ հիվանդի անվստահությունը. «Առաջինը էթիկան է, երկրորդը` ֆինանսական խնդիրը»: Ցանկությունն է` հայրենիքում տեսնել զարգացած բժշկություն, որ հնարավոր լինի ճիշտ և միանման ախտորոշում տալ միևնույն հետազոտությանը. «Մեծ խնդիր է սա. ախտորոշում չեն կըրնա ընել»: Պետք է հաշվի առնել նաև հիվանդի կարծիքը. «Ֆրանսա էլ մի ժամանակ բժիշկները կկարծեին, թե Աստված են: Հիմա Աստված չեն: Մեկ մարդ հիմա չի կըրնա ըսել, որ ասիկա ասիկա է, ասանկ պիտի ընենք. 4-5 բժիշկ պիտի ըլլա, որ միասին խոսին և հասկնան։ Դոկտորները կկարծին, թե հիվանդները չեն խորհիր. սխալ է, հիվանդներն էլ շատ լավ կխորհին իրենց բուժման համար: Հիվանդ կա, որ դոկտորեն լավ կխորհի»:
Նվարդ ԲՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ