Հարգելի երևանցիներ, թատրոնի, գրոտեսկի սիրահարներին հրավիրում ենք գնել պոպկորն, տեղավորվել բազկաթոռների մեջ և դիտել մի ծիծաղելի մելոդրամա տիկտոկյան սկզբունքներով:
Գործող անձիք են վարորդները և քաղաքապետարանի ղեկավար անձիք:
Ներկայացումը տեղի է ունենում մի քյասիբ երկրում, որի ղեկավարը պարզապես տիկտոկյան հերոս է դարձել, մեկը մյուսից անտաղանդ ներկայացումներով:
Էս քյասիբ երկրի վարչախումբը դեռ տարվա սկզբից հայտարարել էր, որ քաղաքային տրանսպորտի գինը երեք անգամ բարձրացնելու է: Դեկտեմբեր ամսին քաղաքապետարանի ՔՊ մանկական թիմը հասկացավ, որ կարծես թե համը երեք անգամ հանել են, բայց դե հո հետ չէի՞ն գնալու:
Որոշեցին հետ գնալու քայլը դարձնել տիկտոկյան ղեկավարի գովքի ակցիա, այսինքն վերջին օրերին երկրի վարչախումբը հետաձգում է ուղեվարձի բարձրացման որոշումը և տրանսպորտը թանկացնում է ասենք երկու անգամ:
Ի՞նչ է դրա համար պետք:
Սինխրոն գործող վարորդներ և դրանց իբր թե զուգարանով չապահովող քաղաքապետարան:
Կայծակնային արագությամբ վարորդները սկսում են գործադուլ և հայտարարում, որ իրենք ոչ մի քաղաքական պահանջ չունեն, և ընդամենը զուգարան են տենչում:
Անմեղ թվացող զուգարանային պահանջին ի պատասխան քաղաքապետարանի մանուկ Սուրիկ Գրիգորյանը հինգ րոպեում դիմում է դատախազություն, մի տասը րոպեում աշխատանքից ազատում են մի երեք տասնյակ վարորդի: Երեկոյան արդեն կապիտալիստ քաղաքապետը հայտարարում է, որ անձամբ կքշի բոլոր երթուղիների բոլոր ավտոբուսները: Ինչպիսի՜ կրքեր, ինչպիսի՜ դրամա, ինչպիսի՜ մռնչոցներ և մանկական թախիծ:
Միամիտ հանրությունը կանգառներում տարակուսած սպասում է փրկչին, ով կհանգուցալուծի տրանսպորտի գնի խնդիրը:
Եվ ո՞վ կլինի այդ փրկիչը:
Մի կասկածեք, դա Արցախում 25 հազար զինվորների փրկիչն է, ում համար դերասանություն են բեմադրել մի քանի հարյուր հոգուց բաղկացած խումբը և քաղաքապետարանի մանուկները։ Իսկ հիմա, առանց կատակի:
Էս դուք ժողովրդին ու՞մ տեղն եք դրել։
Հանրությունը, մասնագետները վերջին օրերին լրիվությամբ ընկալել են, որ տրանսպորտի գնի բարձրացումը հիմնավորված չէ, չի դիմանում ոչ մի փորձաքննության և անկասկած բոյկոտելու են ուղևորավարձի երեք անգամ բարձրացվող արժեքը։
Հանրությունը օրինական հիմքեր ունի պահանջելու
1. պատժել տրանսպորտի պատասխանատուներին տապալված աշխատանքի համար,
2. քաղաքային իշխանությունների հրաժարականը քաղաքում համակարգային ձախողման համար:
Հարգելի համաքաղաքացիներ, Երևանին տիկտոկյան փրկիչներ պետք չեն, բավական է։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ