Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակն է
23.08.2025 | 11:41

35 տարի առաջ մեր ժողովուրդը հռչակեց իր անկախության իրավունքը՝ հիմնվելով ազատ ինքնորոշման սկզբունքի, պատմական արդարության վերականգնման և համայն հայության իղձերի վրա։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության հիմնասյունը` սահմանելով Հայաստանի անկախության ճանապարհը, ազգային ինքնության ու ինքնիշխանության ամուր հենքը։

Այսօր, մեր թշնամիները պահանջում են Հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից` նպատակ ունենալով ուղիղ հարված հասցնել մեր ինքնությանը, մեր պատմական շարունակականությանը և պետականության հիմքերին։ Հռչակագրի դուրսբերումը նշանակում է, որ մեզ փորձում են զրկել ոչ միայն անցյալից, այլև ապագայից։

Հռչակագիրը մեր գոյության քաղաքական վավերագիրն է, այն կապում է 1918-ի և 1990-ի անկախությունները, Արցախը և Հայաստանը, Սփյուռքը և Հայրենիքը։ Այն մի իրական բանաձև է, որն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե պատահաբար, այլ որպես պատմական արդարության և հազարամյակների պայքարի արդյունք։ Հրաժարվել Հռչակագրից նշանակում է խզել այս կենսական կապը և խարխլել մեր պետականության արմատները։

Այսօր ավելի քան երբևէ պարտավոր ենք պաշտպանել Հռչակագիրը՝ որպես մեր պատմական հիշողության, մեր ինքնիշխանության և ապագայի առանցքային երաշխիք։

Հռչակագիրը մեր երդումն է։ Հռչակագիրը մեր պետականության կենդանի հիմքն է։ Հռչակագրի պաշտպանությունը մեր ապագայի պաշտպանությունն է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ