Մեկը կա, ամեն օր մի գեղեցիկ և հարմարավետ տեղավայրից, թեպետև անճաշակ, բայց հագած-կապած, գիրքը ձեռքին նկարներ կամ տեսահոլովակներ է հրապարակում մակագրելով՝ «Կրթվելը նորաձև է»։ Երկար լռեցի, բայց այսօր իմ համբերության բաժակն էլ լցվեց։
Սույն տիկնոջը ասեք, որ կրթվելը նորաձև չէ։ Գուցե իր համար է նորաձև, բայց ոչ շատերիս համար։
Ես գիրք եմ կարդում 5 տարեկանից, հայրս մինչ դպրոց գնալս սովրեցրել էր և ընդամենը 9 տարեկան էի, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ երկրաշարժը և մնացինք անլույս և ցուրտ ավերված քաղաքում, բայց ցուրտ վրանների մեջ դպրոց հաճախելով և գրքեր կարդալով շարունակում էինք կրթվել:
Օրինակ, ես այնքան էի սիրում կարդալ, որ երբ մոմը կամ նավթաճրագը հանգցնում էին, նստում էի պատուհանի մոտ և լուսնի խավար լույսի տակ էի կարդում, իսկ ձմռանը վառարանի անցքերից կրակից ճառագող լույսի տակ։ Կրթվելը պարդադիր է, կրթվելը օդի և ջրի նման անհրաժեշտ է մարդուն։
Ամոթ է նման տխմար միտք արտահայտել։ Կրթվելը նորաձև չէ, դեռ ուշ անտիկ ժամանակներից մարդկությունը տենչացել է ձեռք բերել գիտություն և այն արել է առանց ցուցադրվելու։
Այնպես որ, պարտադիր չէ գիրք ձեռքին նկարվել, համոզելու կամ հաստատելու համար, որ կրթվում եք։ Կրթված մարդու կեցվածքը, նրա օգտագործած բառամթերքը, նրա հագ ու կապը խիստ տարբերվում է և ամենացայտուն հատկությունն այն է, որ գիտելիքով հարուստ մարդը շատ համեստ է, զուսպ, հավասարակշռված և բարի։ Նա խաղաղությամբ, սիրով, հոգևոր ուրախությամբ լեցուն մարդ է, ով տեղիք չի տալիս չարիքին, ով քաջ է, ազնիվ, խորագետ և լույսի պես փայլատակում է:
Այո, ցավոք այս երեսուն տարվա մեջ ազգիս այնքան հոգսերով պատեցին, որ զրկեցին կրթվելու հնարավորությունից և անգամ ցանկությունից։ Նրանք ստիպված էին ժամանակի մեծ մասը վատնել օրվա հաց վաստակելու վրա։ Մատնեցին անուշադրության, զրկեցին բարենպաստ կյանքից և դա միտումնավոր էր արվում, որ հետո էլ այդ մարդկանց շնորհիվ ձեր նմաներին հաջողվեր մոլորեցնելով նրանց քաղաքական ասպարեզ մտնել։
Ա՛յ եթե, իսկապես, բոլորը կրթված լինեին և ողջամիտ, ապա ձեզ չէին հանդուրժի։
Բայց ազգս դուրս կգա այս անհասկանալի թմբիրից, կգտնվեն առողջ և կենդանի ուժեր, որ լույս կսփռեն, աստվածային իմաստության լույսը և երկիրս կմաքրվի նորաձև կրթողներից ու կրթվողներից և նորից կշարունակի իր դարավոր ուղին՝ ուղղորդվելով առ Աստված և տեսանելի լուսավոր ապագա:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ