Մինչ ՀՀ իշխող խունտան զբաղված է Հայոց Եկեղեցու դեմ պատերազմ սանձազերծելով և հայկական շահերը աջ ու ձախ զիջելով ու վաճառելով, իսկ խորհրդարանական «ընդդիմության» տարբեր թևերը՝ միայն իրենց հասկանալի գզվռտոցով, Հայաստանի ոչնչացման գլոբալիստական ծրագիրը սպասարկող համաշխարհային քարոզարշավը օր-օրի ավելի մեծ թափ է հավաքում։ Հայաստանին և հայ ժողովրդին տարբեր հարթակներից վարկաբեկում և նրա պատմությունն աղավաղում են հայտնի «վերլուծաբան»-քարոզիչներ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։
Առայժմ բերեմ ընդամենը երկու օրինակ։ Մի քանի օր առաջ ուծացած ռուս շովինիստ (իրականում՝ գլոբալիստների մանկլավիկ) Սերգեյ Կուրղինյանն էր հերթական կեղծիքները տարածում հայերի մասին և փորձում խաչ քաշել Հայաստանի գոյության վրա՝ վայրահաչելով, թե Հայաստանից ու հայ ժողովրդից «վատ հոտ է գալիս» («скверно пахнет»), հետևաբար, Թուրքիայի և Ադրբեջանի հարցերը քննարկելիս «Հայաստանը պետք է իսպառ հանվի հաշվարկներից»։
Իսկ երեկ արդեն ամերիկացի հանրաճանաչ ռազմական մեկնաբան, նախկին ծովային հետևակային հետախույզ Սքոթ Ռիթերն էր այլանդակ ստեր և կեղծիքներ տիրաժավորում Հայաստանի ու հայերի մասին։ Նա բացահայտորեն աղավաղում էր պատմությունը՝ պնդելով, թե նախքան Հայոց ցեղասպանությունը (որը նա արհամարհանքով կոչում է ընդամենը «վտարում» կամ «տեղահանություն»), հայերն Օսմանյան կայսրությունում սպանել են ավելի քան մեկ միլիոն մահմեդական, և հենց դա է եղել պատճառը, որ օսմանցի թուրքերը նրանց «վտարել են»։ Նրա խոսքերով՝ «Դուք՝ հայերդ, գիտեք, թե ինչ եք արել մահմեդականների հետ Թուրքիայի այդ հատվածում։ Դուք ուզում էիք, որ ռուսները ներխուժեն, և երբ նրանք ներխուժեցին, դուք սպանեցիք ավելի քան մեկ միլիոն մահմեդական։ Ահա թե ինչու օսմանցիները որոշեցին, որ դուք պետք է հեռանաք սահմանամերձ շրջաններից, և իրականացրին այդ ամբողջ վտարման գործը» ("That's why the Ottomans decided you had to get out of the border region and they did that whole deportation thing.")։
Սքոթ Ռիթերը անամոթաբար հայտարարում է, թե «դուք՝ հայերդ, այնքան էլ անմեղ չեք, ինչպես ներկայանում եք» (“You’re not as innocent as you come out”)։ Նա նույնիսկ համարձակվում է ողջ հայ ժողովրդին նսեմացնել՝ ասելով. «Ինչպե՞ս կարող ես հավանել այդ ժողովրդին, երբ նրանք իրենք իրենց չեն հավանում», «Հայերի հիմարությունը սահման չունի»։ Ըստ այս հայատյաց սրիկայի՝ հայկական մշակույթը ներկայացված է միայն Քիմ Քարդաշյանի հետույքով։
Այստեղ մենք գործ ունենք հիտլերյան ոճի ֆաշիստական հռետորաբանության հետ՝ անթաքույց հայատյացությամբ լցված մի մարդու, ում հայացքները ոչնչով չեն տարբերվում Հայոց ցեղասպանության բուն կազմակերպիչների տեսակետներից։ (զարմանալիորեն՝ այս ֆաշիստը փորձում է մարդասեր ձևանալ պաղեստինցիների հարցում):
Մի՞թե ԱՄՆ-ում չի գտնվելու գեթ մեկ հայկական կամ ոչ հայկական կազմակերպություն, կամ թեկուզ մեկ անհատ, որը կհանդգնի դատական հայց ներկայացնել այս ծախու յանկիի դեմ, ով թուրք ցեղասպանների, ինչպես նաև մեծ տերությունների խարդավանքների զոհ դարձած մի ամբողջ ժողովրդի հասցեին ատելության այսպիսի անթաքույց քարոզ է տարածում։
Այս ցավոտ և ծայրաստիճան վտանգավոր հակահայ քարոզարշավի մասին հետագայում կխոսեմ առավել մանրամասն։ Առայժմ՝ այսքանը։
Արմեն Այվազյան