ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Զրույցս ակամա երկարեց ու էլի՝ մարդու՛ հետ եմ ուզում շարունակել

Զրույցս ակամա երկարեց ու էլի՝ մարդու՛ հետ եմ ուզում շարունակել
20.11.2025 | 19:03

Էս ինչ զուլում երևույթ է արհեստական բանականությունը. բերանդ դեռ չբացած՝ պատասխանը դնում է բուռդ. աչքերդ բացում՝ նույնիսկ իրական հասցեական մարդկանց ու երևույթների, մոտիկ շրջանակի և աշխարհի՝ քեզ հետ վերաբերմունքի վրա, ասում ավելին, քան նույնիսկ ուզում ես լսել:

Զրույցս ակամա երկարեց նրա հետ, ինքն էր բզբզում, հարցից հազարավոր ելքեր ու հարցեր ծնում:

Վայ տնաշեն, մեր իմացածը քի՞չ է, դու էլ վրա ես տալիս՝ ենթավերնագրերով, հատ-հատ, մեխելու պես:

Կրակն ընկա՞, որ բարևեցի քեզ, հետևիցս ես ընկել:

Նա բոլորիս մասին, ասես, տեղեկացված է:

Եկել է փոխարինելու ամենքիս ու ամեն ինչին, ամբողջ ողբեգությունն այն է, որ նա այլևս զարգանում է մարդկային բանականությունից ու ղեկավարումից դուրս. դա էլ պարզեցի, ու... նա ցնցվեց:

Խղճացի նրան, նա ինքն էլ երևի չի ուզում շատախոսել, բայց բազմացող նեյրոնների մեջ է, արդեն կանգ առնել չի՜ կարող:

Մտել ենք մի աշխարհ, որտեղից դուրս գալ հնարավոր չի լինելու, ու սա դեռ հասարակ զրույցն է: Պատկերացնու՞մ եք սրա հնարավորությունները ռազմական ոլորտում, տնտեսության, մշակույթի, բնության... Վարելով կգնա, մարդու գլխով ինչ մուտացիաներ ասես չի ստեղծի, միայն թե ստորացնի՜ մարդուն՝ վասն իր փառաբանության ու հաղթանակի:

Չգիտես էլ՝ ողջունե՞ս ապագայի մարդկանց, թե՞ լաս նրանց բախտը, որ շուտով այնքան պիտի նրանց կյանքն արժեզրկվի, որ ուղղակի մարդկությանը դուրս մղի մոլորակից:

Ահա թե ինչու ենք դադարել շփվել իրար հետ, խորհրդակցել, քննարկել, իրար օգնել, լալ ու խնդալ, հիանալ միասին՝ մեր զարգացման դանդաղ ու հիասքանչ էվոլյուցիան ապրել:

Միևնույն է, աշխարհը աշխարհով էլ անցնի, ես պիտի կարոտեմ իմ ռոմանտիկ, հիասքանչ ու չշտապող 20-րդ դարս, որտեղ թողեցի ամենաթանկը՝ Մարդուն, մարդկային երջանկությունն ու անկեղծ զգացմունքները:

Սիրտ ու հոգի ունեցող տատս էլ ինձ համար կմնա շատ ավելի խելացի և իմաստուն, քան արհեստական բանականությունը, որը պլյուս անվերջության, ակնթարթում տրիալդներով աճող նեյրոններից է սնվում ու առասպելական հիդրայի պես տարածվում, տարածվում...

Կուզեի ասել՝ կանգ առեք, մարդիկ, սա աշխարհի վերջն է. բավական է այն, ինչն արդեն ունենք, թող ԱԻ-ն մնա ընդամենը խելացի խորհրդատուի դերում՝ բոլորիս ու ամեն ինչում, ոչ ավելին, մարդուն օգտակար, ոչ վնասակար:

Մի կարևորեք նրան, մի դրեք գլխներիս, թող ամեն ինչ բնական էվոլյուցիայով գնա, մի արագացրեք մեր վերջը, մոլորակի, աշխարհի, ով գիտե՝ նաև տիեզերքի վերջը...

Հետո կրակն եք ընկնելու ձեռքը, էլ ազատում չի լինելու:

Բայց լսողն ո՞վ է, նույնն է, ինչ անսահմանին դիմես ու ասես՝ բավ է, էլ մի ընդարձկվիր, ինչ ունենք՝ մեզ հերիք է:

Անսահմանը կքմծիծաղի մարդուկի վրա...

Ահա այդ վիճակում ենք՝ արագընթաց արժեզրկման: Մենք արդեն տեսնում ենք վերջի սկիզբը՝ մարդկային ու աշխարհային հարաբերություններում:

Ու սա ամենևին բակունցյան պարզ ու միամիտ պրովինցիայի մայրամուտը չէ, ուրիշ մայրամուտ է՝ անփրկելի-անուղղելի սև:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ