ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Գաղտնազերծում-4

Գաղտնազերծում-4
08.12.2024 | 10:51

Սիրիական ճգնաժամի առիթով

«... Անմոռանալի է այն ոգևորությունը, որով 2009 թ. հունիսի կեսին ... Երևան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատմում էր Թուրքիայի հետ բացվող բարեկամության նոր հեռանկարի մասին ու վկայակոչելով Դավութօղլուի «զրո պրոբլեմ հարևանների հետ» տեսությունը՝ Սերժ Սարգսյանին փաստարկում, թե ինչու Սիրիան չի կարող գնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նույնքան անմոռանալի էր այդ առանձնազրույցի ժամանակ Սարգսյանի կանխատեսումը.

- Դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Կգա ժամանակը, և արդյունքով կդատենք։

ՈՒ ստացվեց այնպես, որ տարիներ անց՝ 2014 թ. մարտի վերջին, նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն պատգամավորի կարգավիճակում խորհրդարանական պատվիրակություն գլխավորեցի Սիրիա... ուղևորվեցինք պատերազմի, խառնաշփոթի ու քաոսի երախը ներքաշված ու փլուզման եզրին հայտնված երբեմնի ծաղկուն պետության՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ու կոնսպիրատիվ պայմաններում հանդիպեցինք Բաշար ալ-Ասադին՝ ճմռթված վերնաշապիկով ու գերհոգնած։

Բարձրահասակ, նրբամարմին Բաշարը, որ զրուցակիցների վրա ավելի շուտ վիրաբույժի, քան կործանարար պատերազմի ճիրաններում հայտնված պետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տպավորություն էր թողնում... հանդիպման ավարտին խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել.

- Ես շատ լավ եմ հիշում երևանյան մեր առանձնազրույցը։ Խնդրում եմ պարոն նախագահին փոխանցել, որ նա ճիշտ էր. մենք թուրքերին լավ չէինք ճանաչում»:

Հատված իմ հեղինակած «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» հուշագրությունից»։

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ