Նա պետք է լինի համախմբող և միասնություն ապահովող կարևոր սիմվոլ, խորհրդանշելով հայության բոլոր հատվածների միջև վստահելի և ամուր կամուրջի դերը։
Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ներքին հասարակական և քաղաքական կյանքում խաղա քաղաքական և հանրային արբիտրի` իրավարարի դերը։ Նա ո՛չ մի քաղաքական կապով չպիտի կապվի հատկապես իշխանության հետ` դառնալով իշխանության նախագահ։
Հանրապետության նախագահը պետք է կարողանա բալանսավորել իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունները, կոնֆլիկտային իրավիճակներում ստանձնելով անաչառ իրավարարի դերը` իր հեղինակությամբ և անաչառությամբ։
Նախագահը հարկ եղած դեպքում պետք է կարողանա քննադատել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։
Նա պետք է խորհրդանշի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առաքելությունը և հավաքական նպատակը, եթե անգամ դա դեմ լինի օրվա գործադիր կամ օրենսդիր իշխանության ծրագրին։
Հայ ժողովրդի առաքելությունն ու ազգային երազանքը պետք է ապրի եթե ո՛չ գործադիր, ապա առնվազն նախագահի կերպարի մեջ։
Ես իդեալիստ չեմ, բայց ես գիտեմ, որ վա՜յ այն երկրին ու այն ժողովրդին, որը չունի ապրող երազանք։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ