Եկեք մի քանի պարզ մտավարժանքով հասկանանք, թե ինչու՞ Ալիևը չի շտապում ստորագրել «խաղաղության համաձայնագիր» կոչվածը․ պարզ տրամաբանություն, որի վրա շատերն ուղղակի աչք են փակում։
Յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ քայլ հեռու է կանգնած էմոցիաներից և տեսնում է ընդհանուր գեոպոլիտիկ խաղադաշտը, կարող է տրամաբանել շատ պարզ մի բան՝ Ալիևին բացարձակ ձեռնտու չէ համաձայնագիր ստորագրել, քանի որ նա վերցնում է ամեն ինչ՝ առանց թուղթ ստորագրելու. ստանում է ճանապարհ՝ առանց հարթակ ունենալու, զիջումներ՝ առանց փոխզիջման։
Փաստացի՝ նա իր թշնամի երկրում ունի ղեկավար, ով իր բոլոր ցանկություններն ու կապրիզները կատարում է գլխահակ, առանց ավելորդ հարցերի։ Ու հիմա, հարց՝ եթե ունես գործակալ, ով ներսից իրականացնում է քո օրակարգը, խամաճիկ, որը ո՛չ դիմադրում է, ո՛չ էլ խնդիր է դնում, ապա ինչու՞ պիտի փակես այս հրաշալի պատմությունը ինչ-որ թղթի կտորով։ Ըստ էության՝ թուղթը վերջնանպատակ է այն ժամանակ, երբ այլ ճանապարհ չես տեսնում, իսկ Ալիևը հիմա ունի ճանապարհ՝ անվճար, առանց պայման, առանց դիմացը որևէ բան տալու։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր, հանգամանք ևս կա․ Ալիևի համար կենսական նշանակություն ունի Նիկոլի իշխանության հնարավորինս երկարաձգումը, որովհետև նա հասկանում է՝ երբ սա գնա, կգան մարդիկ, որոնք իր առաջ լուրջ հարցեր են դնելու, փակելու են պանթուրանական ճանապարհները, վերանայելու են կապիտուլյանտի գործողությունները, նաև՝ պատմական պատասխանատվություն պահանջեն։
Այդ պատճառով՝ Ալիևը պիտի ամեն ինչ անի, որ Նիկոլը մնա, որ նրա իշխանության յուրաքանչյուր ամիս դառնա թուրք-ադրբեջանական պլանի հերթական փուլի նոր ձեռքբերման հնարավորություն։ Դրա համար մի թղթի կտորի վրա մի քանի անգամ «խաղաղություն» գրված տեքստ կքննարկի, կտա Նիկոլի ձեռը, էս թուղթը Նիկոլը Հայաստանում կանվանի «համաձայնագիր», իրականում կլինի հայտարարության կարգի մի բան, որը 2026-ին թանկով «կծախի» հանրության վրա ու կվերարտադրվի։ Կասկած չուեմ, մինչև 2026-ը «խաղաղություն» բառն այնքան ենք լսելու, որ խաղաղության առաջին նոբելյան մրցանակակիրներ շվեյցարացի Ժան Անրի Դյունանն ու ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասին գերեզմանում մի քանի անգամ կշրջվեն։
Այս ընդհանուր ֆոնին, հնչում է մի պարզ, բայց ճակատագրական հարց. եթե Նիկոլն առանց թղթի էլ անում է այն ամենը, ինչ Ալիևը կցանկանար՝ ինչու՞ պիտի վերջինս շտապի որևէ բան ստորագրել։ Այս պատասխանը մեր ներկա մղձավանջի էությունն է, մնացածը լիրիկա է։
Արմեն Հովասափյան