«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Չտեսնողներն ու չտեսները

Չտեսնողներն ու չտեսները
08.08.2025 | 15:30

Կարդում եմ հայ քաղաքական ու քաղաքագիտական մտքի տիտանների վերլուծություններն ու դատողությունները սպասվող զարգացումների վերաբերյալ ու մոտս մեծ ցանկություն է առաջանում, որ իրենք, որպես դաժան պատիժ, հաջորդ կյանքում էլի դառնան քաղաքագետներ ու քաղտեխնոլոգներ:

Սիրու՞մ են, չէ մեր լրատվամիջոցվերը այս կամ այն համալսարանի կամ քոլեջի դասախոսների ինքնությունները հատուկ կերպով շեշտադրելով որևէ մեկին եթեր հրավիրել, նրանց խոսքին ու կերպարին լրջություն տալու համար:

Ինչեր ասես, որ չես կարդում լրահոսում ու անկախ քեզանից ուղեղի ճողվածք ես ստանում. մեկ անգլիացիք են սաղ մեղավոր, թունելի միջով են աշխատում ու դրա պատճառով տեսանելի չեն, մեկ Նիկոլը հանձնում է ամեն ինչ Արևմուտքին ու վերջ դնում ռուսական ներկայությանը, մեկ պարսիկներն են մեզ վերջը տիրություն անելու ու այս ու այլ մտքերի խորդանոցում որևէ ճիգ չի գործադրվում հասկանալու համար, որ մերօրյա աշխարհում փոխկապակցվածության աստիճանն ու մակարդակներն անքան խորն են, որքան անտեսանելի:

Ամեն օր մոլեր, տոնավաճառներ ու ֆեստիվառ գնացող համաշխարհային սպառող զանգվածի համար են հորինվել «պատժամիջոցներ» կամ «սանկցիաներ» կոչվածը, քանի որ համաշխարհային պլեբսը ուտելու ու իր սահմանափակ աշխարհընկալման ծիրում դա ավելի ընդունելի կհամարի հասկանալու համար:

Իրականում ահռելի ասեմ, դուք ավելին պատկերացրեք, այո, ահռելի մեծ գումարներով, որոնք ռուսական ծագում ունեն, վաղուց սերտաճել են ռուսական շահերն ու արևմտյան, այդ թվում ամերիկյան որոշում կայացնողների (decision makers) շահերը: Այն ինչ տեղի է ունենում ՈՒկրաինայում ու Մերձավոր Արևելքում պետք է հասկանաք այդ անասելի մեծ գումարների չերևացող շրջանառության համատեքստում: Իսկ դա շատ մեծ քաղաքականություն է, որտեղ հազարների ու տասը հազարների կյանքն ու շահը գին չունեն:

Այդ սերտաճումն ու շահերի համընկումը 2018 թվականի գարնանը Երևանի կենտրոնում «թավշյա հեղափոխություն» ցնգնեց ու հետո այն անվանվեց «անհաղթահարելի ուժ», որովհետև սերտաճման ներկայացուցիչները մինչ այդ արդեն Երևանում էին ու ոչ մեկը մեզ չզգուշացրեց սպասվող վտանգների մասին: Սցենարը պատրաստ էր, մնում էր իրագործել:

Հիշու՞մ եք հավաքական Արևումտքի 44 օր տևած քար լռությունը: Իսկ նոյեմբերի 10-ին հիշում եք, թե ո՞վ ասաց, որ Ղարաբաղի հարցը լուծված է արդեն:

Վաշինգտոնում ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, միևնույն է այն ազդարարելու է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հերթական զոհաբերումը մարդակերությանն ու ավտորիտարիզմին: Այդ փաստաթղթով Ադրբեջանին չի պարտադրվի հայերի վերադարձի ու անվտանգության ապահովման և ոչ մի կետ:

Այն կստորագրվի ու կկիրականացվի կամ չի իրականացվի Ռուսաստանի համաձայնությամբ, ընկերներ:

Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը, շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով: Վաշինգտոնյան «նոյեմբեր 9»-ը իր տրամաբանությամբ նույնն է լինելու ինչ ռուսականը, միայն մի տարբերությամբ, որ ռուսականի մեջ ձևի ու ձևականության համար «Ղարաբաղ», «Լաչինի միջանցք», «անվտանգության ապահովում» բառեր կային...

Ազգս էդպես էլ չհասկացավ, որ իրեն զբաղեցնելու համար էր «հեծանիվ շոուն», մինչ սերտաճած մեծերը վերջին ճշգրտումները կանեն ու դրանք կիրառման կպարտադրեն:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ