Մարդկային կյանքի նույնիսկ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ որևէ աննշան անձից սկսած մինչև գերտերություն առաջնորդվում են իրենց պատկերացմամբ առավելագույն հաջողության հասնելու գաղափարով։
Դրա համար ամեն մեկը, անկախ ուժային ու մտավոր հիերարխիաներում իր ունեցած դիրքից, ցանկալի նպատակին հասնելու համար ձգտում է իր միջավայրում լինել հնարավորինս ազդեցիկ, կամ էլ գոնե երևալ այդպիսին։
Այս վերջին երևույթի ամենապարզունակ դրսևորումները մարդկանց կողմից ամենատարբեր ձևեր ունեցող պնդումների ու պահվածքների բազմությունն է, որի ընդհանրական իմաստը հանգում է հետևյալին՝ «Գիտե՞ս, ես ով եմ»։
Իսկ իմանալը, թե «Ով ով է» շատ դժվար է, մանավանդ մարդկանց ու մարդկային համակարգերի միջև լարվածության ու նրանց շահերի բախման կուլմինացիոն վիճակներում և այդպես մինչև գերտերությունների մակարդակում հակամարտությունների կողմերի ուժի ու խելքի տեսանկյունից ով լինելը։
Մի բան, որն առաջներում, մինչև ատոմային զենքի հայտնագործումը, պարզվում էր ուղիղ առճակատումով հզորների միջև, իսկ դրանից հետո էլ՝ պրոքսի կամ միջնորդավորված պատերազմներով։
Իսկ ներկա ուկրաինական միջնորդավորված պատերազմն էլ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև կամաց-կամաց սկսում է պարզել, թե այս դեպքում ով ով է։
Իսկ առաջիկա գագաթնաժողովն էլ Թրամփի և Պուտինի միջև գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու այն ակներև ճշմարտությունը, որ աշխարհի ճակատագիրը որոշվում է միայն ամենահզորների միջև հնարավոր կոմպրոմիսային լուծումների տեսքով, լուծումներ, որոնք ուժային հիերարխիայով ալիքի տեսքով իջնում են ներքև՝ այս կամ այն չափով որոշելով նաև ուրիշների ճակատագիրը։
Այդ ուրիշներն էլ, իրենց սեփական ուժի ու խելքի չափից կախված, կարող են շտկումներ մտցնել իրենց ճակատագրում կամ էլ, ուժ ու խելք չունենալու դեպքում, հաշտվել իրենց բաժին ճակատագրի հետ։
Այն խիստ բնութագրական հանգամանքը, որ Ուկրաինայի նման ուժեղ երկիրը, որը կարողանում է դիմադրել Ռուսաստանի նման ահռելի ուժին, նույնպես զրկված է իր ճակատագիրը որոշող գագաթնաժողովին որևէ ձևով մասնակցելու հնարավորությունից, շատ բան է ասում։
Ի թիվս այլ կարևոր բաների, այն ասում է, որ ուկրաինական կողմի բազմատեսակ թպրտոցներն այլևս անիմաստ են և, առավել ևս, անիմաստ են նման իրավիճակներում Ուկրաինայից շատ ավելի թույլերի թպրտոցները, որոնց մոտիվացիան, բացառելով փոքր թվով նվիրյալների նպատակային ջանքերը, ունի բացահայտ կամ անբացահայտ անձնական և էգոիստական բնույթ։
Շատ ավելի բնութագրական է այն հանգամանքը, որ ուկրաինական հարցում խիստ շահագրգիռ կողմ ԵՄ-ը նույնպես զրկված է Թրամփի ու Պուտինի գագաթնաժողովին մասնակցելու իրավունքից։
Եվ այս իմաստով շատ բնական է նաև այն, որ Եվրոպայի գործերը կարգավորելուց հետո էլ աշխարհի գործերը սկսեն կարգավորվել Թրամփի, Սիի, Պուտինի և հնարավոր է նաև Մոդիի համատեղ ջանքերով, մնացյալը հեքիաթ է, պարապ վախտի խաղալիք։
Պավել Բարսեղյան