Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ» և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ» և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
06.03.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

«ՈՒղեղների արտահոսքը», բնականաբար, միայն հայկական ֆենոմեն չէ: Այն առանձնապես տարածված է հետխորհրդային երկրներում, որտեղից դեռ արտահանման համար պիտանի որակյալ աշխատուժ կա: Սակայն որոշ երկրներում այս վնասը փոխհատուցվում է այլ երկրներից ժամանող մասնագետների հաշվին: Այդպիսի երկրներից է, օրինակ, Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ հիշյալ միտումը վերածվում է միակողմանի երթևեկությամբ փողոցի, քանզի ավելորդ է խոսել այն գրավչության մասին, որով կարող է պայմանավորված լինել արտերկրի մասնագետի հետաքրքրությունը Հայաստանում: Որպես կանոն, Հայաստանից հեռացած մասնագետները չունեն վերադառնալու մտադրություն, համենայն դեպս, մինչև հանրապետության տնտեսական և քաղաքական իրավիճակը համեմատաբար կայունանա: Իսկ մինչ այդ, «ուղեղների արտահոսքը» դառնում է տնտեսական անվտանգության առումով լրջագույն սպառնալիք: Ազգային անվտանգության առումով` նույնպես: Որակյալ մասնագետներին կարիք չկա մեղադրելու: Նրանք չեն պատրաստվում վերադառնալու հայրենիք և նորից գործազուրկ դառնալու: Նրանցից շատերի համար հայրենիք վերադառնալը հեռավոր և անիրական հեռանկար է: Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է վերադառնալու մտադրությունների մասին եզրակացությունները կառուցել հետևյալ հիմնական գործոնների հիման վրա: Հայաստանում, մասնավորապես Երևանում, կան բազմաթիվ դատարկ բնակարաններ, որոնք լքել են միգրանտները: Քանի դեռ նրանք չեն վաճառել իրենց տներն ու բնակարանները հայրենիքում, դեռ հույս կա, որ կվերադառնան: Սրա հետ մեկտեղ, որոշ փորձագետներ կարծում են, որ արտագաղթածների մի մասը չի վաճառում բնակարանները ցածր գնի պատճառով, մի մասն էլ պահում է այդ բնակարանները, որպեսզի ժամանակ առ ժամանակ այցելի և տեսնի իր բարեկամներին:
Միգրանտների չվերադառնալու մտադրությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ գործնականում բոլոր հայերը փորձում են հիմնավորապես հաստատվել բնակության նոր վայրերում: Միգրանտներից շատերն արդեն արմատապես հաստատվել են արտասահմանում, ունեն սեփական տներ և բնակարաններ, նրանց երեխաները հաճախում են տեղական դպրոցներ, շատերն արդեն ստացել են կամ սպասում են, որ ստանան նոր քաղաքացիություն: Սա վերաբերում է հատկապես այն միգրանտներին, ովքեր մեկնել են Ռուսաստան: Եվրոպա և ԱՄՆ մեկնած միգրանտներին հիմնականում բնորոշ է վերջնականապես այնտեղ բնակվելու մտադրությունը: Այս միգրանտները, հեռանալուց առաջ, վաճառում են իրենց տներն ու գույքը։ Սա հիմնականում բացատրվում է նրանով, որ միգրանտների ընտանիքների մեկնումը հեռավոր արտասահման կապված է մեծ ծախսերի հետ: Բացի այդ, նրանք, ովքեր դիմում են նման ռիսկի, կայացնում են այլևս չվերադառնալու որոշում: Ի տարբերություն սրանց, այն միգրանտների մեջ, ովքեր մեկնել են Ռուսաստան կամ ԱՊՀ այլ երկրներ, մեծ է ժամանակավոր մեկնածների թիվը, որոնք հեռացել են աշխատանք գտնելու և ընտանիքի համար դրամ վաստակելու նպատակով: Այս միգրանտների մեկնելը ժամանակավոր, հաճախ նաև սեզոնային բնույթ ունի, և նրանք ուշադիր հետևում են հայրենիքում իրավիճակի փոփոխությանը՝ հույս ունենալով մի օր վերադառնալու: Բացի այդ, նրանց հետագայում վերադառնալու մասին է վկայում նաև այն փաստը, որ ոմանք, հնարավորության դեպքում, նոր բնակարաններ են գնում, իսկ շատերն էլ բարեկարգում են հին կացարանները:
Միաժամանակ հարկ է նկատել, որ արտագաղթը, չնայած իր վերը նշված բոլոր բացասական հետևանքներին, ունեցավ նաև դրական հետևանքներ, որոնց չանդրադառնալ հնարավոր չէ:
«ՈՒղեղների արտահոսքը» մեծապես նպաստեց նաև աշխատանքի շուկայի լարվածության մեղմացմանը, կանխարգելելով հասարակական խավերի և շերտերի միջև հակամարտությունների ծայրաստիճան սրումն ու զգալի ներդրում ունենալով հանրապետությունն էական սոցիալական բախումներից զերծ պահելու գործում: Էմիգրացիան անցած տարիներին եղել է հանրապետության բնակչության մի զգալի մասի գոյության միջոցների կարևոր (եթե ոչ միակ) աղբյուրը: Բացի այդ, պետք է նշել, որ էմիգրանտների դրամական փոխանցումների ներհոսքը որոշ ներդրում է ունեցել տնտեսական կայունացման ու աճի գործում: Հաշվարկված է, որ 1990-ական թվականների կեսերին այդ փոխանցումները կազմում էին ընտանեկան բյուջեի մոտ 25 %-ը, իսկ 2000-ականների սկզբին այն կազմում է մոտ 15-18 %:
Մի շարք միջազգային փորձագետների գնահատականների համաձայն` Հայաստանը տարեկան մոտավորապես 450 մլն ԱՄՆ դոլար է ստանում այլ երկրներում աշխատող հայերից: Մեր հաշվարկներով` այդ գումարն այսօր կրկնապատկվել է: Այս գումարի մեջ միգրանտների կատարած դրամական փոխանցումները կազմում են 60-65%, իսկ մնացած 35-40 %-ը սփյուռքից կատարված դրամական փոխանցումն է: 1998 և 2008 թվականներին, նաև Ռուսաստանում տեղ գտած ճգնաժամից հետո, դրամական փոխանցումների ծավալը կրճատվեց, ՌԴ-ում և ԱՊՀ այլ երկրներում ապրող հայերի տնտեսական վիճակը կտրուկ վատացավ, համապատասխանաբար կրճատվեցին նաև նրանց դրամական փոխանցումները հայրենիք: Համաձայն տարբեր փորձագետների գնահատականների` դրամական փոխանցումների ծավալը կրճատվեց մինչև 40 %, սակայն 2010 թվականից հետո դրանք նորից աճել են` պայմանավորված Ռուսաստանում տնտեսական իրավիճակի լավացմամբ:
Ոմանց վկայությամբ` արտագաղթածների դրամական փոխանցումները երկրի սոցիալ-տնտեսական վիճակի լարվածության թուլացման աղբյուր են, սակայն սա չի կարելի հիմք ընդունել ու շարժվել դրանով` դարձնելով այն պետական քաղաքականության ուղղություն: Այս ամենը կարող է օգտակար լինել միայն սկզբնական հատվածում և ունի կարճաժամկետ էֆեկտ: Իսկ երբ միգրացիոն գործընթացները խորանում են, ապա բացասական կողմերը` միգրացիայի բարձր տեմպերը, միգրանտների մեջ որակյալ կադրերի մեծ կշիռը, ամուսնությունների հետա-ձգումը, ծնելության անկումը, ընտանիքների և բնակչության աճի տեմպերի անկումը դառնում են գերիշխող ու խիստ վտանգավոր ժողովրդագրական, էթնիկական, սոցիալ-տնտեսական առումներով և կարող են սպառնալ երկրի անվտանգությանը: Հարկ է նշել մի կարևոր հանգամանք ևս: Երբ խոսքն արտագաղթի հետևանքով առաջացած վնասների և կորուստների մասին է, ապա այդ կորուստները համահայկական են, երկրի և ողջ հասարակության կորուստներն են դրանք: Իսկ ահա օգուտները, որոնք հիմնականում արտահայտվում են միգրանտների դրամական փոխանցումների տեսքով, ուղղված են որոշակի անհատների, հասարակության առանձին անդամների, հետևաբար, օգուտ են բերում միայն մարդկանց որոշակի հատվածի։ Հետևաբար, օրակարգային կարևոր խնդիր է տնտեսական անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր այս գործընթացը կարգավորելուն և վերահսկելուն ուղղված համալիր հայեցակարգի, դրան համարժեք տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը:
Չնայած վերոհիշյալ մտահոգություններին և դիտարկումներին, մի շարք կարևորագույն խնդիրներ մանրակրկիտ ուսումնասիրության և հետևողական քայլերի, անհետաձգելի լուծումների կարիք ունեն: Դրանք, իրենց հերթին, պահանջում են պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթների պատշաճ իրականացում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր
Լևոն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 4742

Մեկնաբանություններ