Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԿԱՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱԲԱՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿԱՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱԲԱՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
24.02.2012 | 00:00

Վերջին շրջանում շատ է խոսվում կայուն զարգացման մասին: Խոսում են դրա մասին նաև Հայաստանում և Հայաստանի վերաբերյալ: Իսկ ե՞րբ կարելի է վստահորեն խոսել կայուն զարգացման մասին: Արդյոք կայուն զարգացումը նո՞ւյնն է, ինչ ինքնաբավ տնտեսությունը:
Փորձագետներից շատերը կոչ են անում կառուցել ինքնաբավ տնտեսություն, բայց ո՛չ ավտորիտար միտումներով, գնալ դեպի մրցակցային շուկա, բայց ո՛չ դեֆորմացիոն ճանապարհներով: Նման տնտեսության կառուցման ճանապարհին կարևոր է նախ գլուխ հանել սեփական կոնցեպտուալ ապարատից, իսկ հետո միայն դնել երկարաժամկետ ու հավակնոտ նպատակներ:
Անցյալ տարի հայտարարված տնտեսական աճը կազմեց գրեթե վեց տոկոս, բայց հարցն այն է, թե նման ոչ փոքր աճի պայմաններում ստեղծո՞ւմ ենք արդյոք նոր արժեք: Հավանաբար ոչ, քանի որ ունենք բարձր գնաճ, աստիճանաբար վերականգնվող տրանսֆերտային տնտեսություն և լեռնահումքային արդյունաբերության աճող գներ: Իսկ չէ՞ որ այս բոլոր գործոններն էլ «կլանում են» ՀՆԱ-ի իրական աճը, չնայած մեզ միշտ համոզում են լրիվ ուրիշ բանում: Թվերի հետ տեղի են ունենում ինչ-որ քրեստոմատիկ «անհեթեթություններ»: Ի՞նչ չվերծանված «առեղծվածներ» կան, որ պետք է վերլուծել:
Տնտեսության 6,1 % աճն ավելի շուտ կրում է վերականգնող բնույթ, ընդ որում, տնտեսությունը վերականգնվում է շատ դանդաղ, մանավանդ, եթե հիշենք 2009 թվականի կտրուկ անկումը: Իսկ ի՞նչն է հիմա դրված այդ աճի հիմքում: Այն, ինչով Հայաստանն այսօր կարող է «հպարտանալ»` լեռնահումքային արդյունաբերությունը: Հայաստանում մենք այն անվանում ենք վերամշակվող տնտեսություն: Երևի հարց առաջանա` կարելի՞ է վերամշակում համարել այն, ինչը հանվում է ընդերքից, մի փոքր մաքրվում ու արտահանվում: Ընդ որում, արդյունաբերության այդ ճյուղում այսօր մենք ներառել ենք անգամ այն, ինչը պարզապես հանվում է ընդերքից, առանց որևէ մաքրման: Բայց կանգ չառնենք այդ հարցի վրա և ընդունենք այն որպես մասնակիորեն վերամշակվող արդյունաբերություն:
Տնտեսության զարգացման մասին խոսելիս չի կարելի շրջանցել գյուղատնտեսության ոլորտը: Այդ ոլորտի անցյալ տարվա աճը ողջունելի է, բայց չի կարելի չնշել, որ իրավիճակը հիմնականում կանխորոշում են կլիմայական պայմանները, և գյուղացին ոչ մի երաշխիք ու վստահություն չունի վաղվա օրվա հանդեպ: Սա հոգեբանական գործոն է, որը, այնուամենայնիվ, ունի նաև շատ լուրջ տնտեսական արդյունք: Որոշակի ակտիվություն է գրանցվել նաև ՏՏ ոլորտում, տուրիստական ինդուստրիայում, որտեղ մեզանում կրկին գործում են տեղական առանձնահատկությունները, և այստեղ մեր ձեռքբերումները չենք կարող համեմատել անգամ երկու հարևան հետխորհրդային երկրների հետ, իսկ Իրանում արդեն գոյություն ունի ազատ տուրիստական գոտի` Քիշ:
Վերադառնալով ՀՆԱ կառուցվածքին, հարկ է նշել, որ այն ոչ միայն չձևավորվեց, ավելին, այսօր մենք պատկերացում չունենք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ներքին արդյունքի կառուցվածքը: Հետևաբար, մտածել այն մասին, թե ինչ է դրված տնտեսական աճի հիմքում, առայժմ չենք կարող: Մեզ մոտ աճը դեռևս էպիզոդիկ բնույթ է կրում և կախված է մի շարք գործոններից: Մենք դեռ չենք որոշել, թե որոնք են մեր լոկոմոտիվային ոլորտները, չենք պատկերացնում, թե ինչ օրինաչափություններով պետք է որոշենք մեր մրցակցային առավելությունները: Վերջերս Հայաստանում ներկայացվեցին նման մի քանի ոլորտներ` ալմաստի երեսակում, դեղագործություն, կոնյակագործություն և ճշգրիտ մեքենաշինություն: Իհարկե, շատ լավ է և ուրախալի, որ կառավարությունն առաջնահերթություններ է սահմանում: Ճիշտ է, ոմանք հոռետեսորեն են վերաբերվում մեքենաշինության զարգացմանը, սակայն դա այն է, ինչով առաջներում հպարտանում էինք: Եթե, օրինակ, մենք հաջողությամբ միավորեինք դեղագործության և փորձի ավանդույթները ու կարողանայինք այն շարունակել մասնավոր բիզնեսի միջոցով, ապա մեքենաշինությունը 20 տարում կվերածնեինք: Անգամ փորձեր են եղել վերականգնելու հաստոցաշինական գործարանները, որոնք բախվեցին ոչ թե փողի սակավության կամ ինտելեկտի պրոբլեմին, այլ այնպիսի մասնագիտության բացակայությանը, ինչպիսին, օրինակ, ֆրեզերագործինն է: Մենք չգնահատեցինք մեր հնարավորություններն այս ոլորտում, չգործարկեցինք փորձնական արդյունքները: Հետևաբար, որևէ առաջնահերթության սահմանումից առաջ հարկավոր է բացահայտել մրցակցային հնարավորությունները. մենք առաջ չենք շարժվի, մինչև չլուծենք այս հիմնարար խնդիրը: Սա առաջին գործոնն է, որը խանգարում է մեր զարգանալուն:
Երկրորդը ցածր ճանաչելիությունն է: Քչերին է հայտնի մեր երկրի հումքային ներուժը: Անգամ մենք այդ մասին չգիտենք: Սակայն ազգային հարստության քանակական և որակական սահմանումը, որն ընդգրկված է բնական պաշարներում, յուրաքանչյուր պետության համար ռազմավարական հարց է: Ի դեպ, Խորհրդային Միության շրջանում մշտապես տեղի էր ունենում բնական պաշարների գնահատում, իսկ այսօր դա մեզ համար դժվարահաս խնդիր է, և առաջին հերթին այն պատճառով, որ երկրում չեն մնացել համապատասխան մասնագետներ:
Վերադառնալով ընդերքի պաշարներին, անհրաժեշտ է նշել, որ նոր հասարակարգում, գիտելիքների վրա հիմնված տնտեսության զարգացման պայմաններում գիտելիքները պետք է ոչ միայն ստեղծվեն, այլև արդյունավետորեն կիրառվեն: Նման տնտեսության ձևավորման գլխավոր գործոնը պետք է լինեն մարդկային ներուժի զարգացումը, մարդկային ռեսուրսների որակի բարձրացումը: Դրա համար, առաջին հերթին, պահանջվում է խոր իմացություն այն մասին, թե ինչպիսի մասնագետներ են ապրում երկրում: Մենք, օրինակ, ՏՏ ոլորտը հայտարարում ենք առաջնահերթություն, սակայն չգիտենք, թե որքան մասնագետ ունենք այդ ոլորտում, և ինչպիսի ունակություններ ունեն նրանք: Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ նման օրինակները քիչ չեն: Ինչքա՞ն տնտեսագետ և իրավաբան ունենք, էլ չենք խոսում որակական բաղադրիչի մասին, նաև այն մասին, թե որքան գործազուրկներ ենք ամեն տարի թողարկում, այն մասին, որ երբեմն լավ մասնագետներին «նվիրում ենք» զարգացած երկրներին:
Այսօր շատ է խոսվում տնտեսության ոչ միայն ինդուստրիալ հատվածի, այլև ողջ տնտեսական համակարգի դիվերսիֆիկացման մասին, և դա պետք է մեզ օգնի անգամ անբարենպաստ արտաքին կոնյունկտուրայի պայմաններում չկաղալու, չընկնելու «ճգնաժամային ծայրահեղությունների» մեջ, ինչպես դա տեղի ունեցավ 2009 թվականին, երբ պարզապես փլվեցինք: Առաջին հերթին կարևոր է, որ այդպիսի ըմբռնում լինի տնտեսական և քաղաքական իշխանությունների կողմից:
Այս իմաստով երկու կարևոր հանգամանք պետք է նշել: Առաջինը, ներկայիս կառավարությունը, իրոք, ցանկանում է դրական փոփոխություններ, իսկ դա շատ կարևոր է: Կա հավատ, որ եթե ինչ-որ ժամանակ երկիրը համարվում էր արդյունաբերապես զարգացած (ճիշտ է, դա եղել է այլ պայմաններում և այլ ձևաչափով), նշանակում է, որ դրան կարելի է հասնել նաև այսօր, մանավանդ որ դրա համար կա անհրաժեշտ պոտենցիալ: Երկրորդն այն է, որ կառավարությունը, ի վերջո, սկսեց խոսել տնտեսության զարգացման ազգային մոդելի մասին, ինչի մասին խոսում էի շատ տարիներ առաջ: Եվ լավ է, որ այդ մոդելի նկատմամբ նման նախաձեռնությունն ու համոզվածությունը գալիս են ամենավերևներից: Եվ կարևոր չէ, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ դրական արձագանքի չի արժանացել միջազգային կառույցների կողմից:
Այսօր գոյություն ունի կառավարության ևս մեկ դրական որոշում, որը ենթադրում է արտասահմանում սովորող ուսանողների աջակցություն: Ծրագիրն այսօր դեռ շոշափելի արդյունքներ չի տալիս, բայց հեռանկարում անպայման կտա: Այստեղ չի կարելի չնշել ունակ և տաղանդավոր կադրերի բացահայտման և ընտրության համակարգի բացակայության պրոբլեմը, ինչը չի կարող չազդել երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Իհարկե, քիչ չեն նաև ունակ ու տաղանդավոր մարդիկ, որոնք այսօր գտնվում են «նավից դուրս»: Այդ խնդիրը պահանջում է մանրազնին վերլուծություն և համարժեք ու արդյունավետ լուծում:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ