Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԿԱՐԵԼԻ՞ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

ԿԱՐԵԼԻ՞ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
14.02.2012 | 00:00

Անկախացման երկու տասնամյակները ցույց տվեցին, որ միջազգային կազմակերպությունների կողմից մեզ առաջարկված տնտեսական զարգացման մոդելները, ընդհանուր առմամբ, անարդյունավետ էին, անգամ վնասակար: Ավելին, անկախացման առաջին տարիներին տնտեսական մոդելներն օգտագործվում էին անձնական մեկնաբանություններով, անգամ տնտեսության զարգացման մասին ղեկավարների անձնական պատկերացումներով ու մեկնաբանություններով: Մինչդեռ տնտեսագետը զարգացումները պայմանավորում է ոչ թե անձերով, այլ բնական գործընթացներով: Առաջին փուլն ազատականացումն էր, երկրորդը` մասնավորեցումը, երրորդը` կայունացումը: Առաջին նախագահի օրոք ասել, որ դժվարությունները պայմանավորված էին նրա անձով, ճիշտ չի լինի: Նույնչափ ճիշտ չէ պնդել, թե մենք արեցինք հնարավորը: Ե՛վ առաջին նախագահը, և՛ նրա շրջապատը, եթե գիտակցեին իրենց առաքելությունը և բավարար բանիմացություն հանդես բերեին, կխուսափեին բազմաթիվ սխալներից: Ավերվել էր երկրի տնտեսության 40 տոկոսը, միաժամանակ, մենք նպատակային չօգտագործեցինք մեկնված օգնության ձեռքը: Մերձբալթյան հանրապետությունները հնարավոր անկախացմանը պատրաստվեցին յոթ տարի շարունակ: 80-ականներից սկսած, մասնավորապես` Էստոնիայում, այն հատուկ էր մշակվել: Հայաստանում դա երկար ժամանակ չարվեց անգամ անկախացումից հետո: Այսօր նոր-նոր քայլեր են կատարվում ձևավորելու մեր ազգային տնտեսության ուրվագծերը:
Արևմուտքն այսօր հենվում է պլանավորման վրա: Եթե նախկինում առանձին ընկերությունների մակարդակով էր դա իրականացվում, այժմ արևմտյան երկրների տնտեսությունները զարգանում են հնգամյա պլանավորման ուղեգծով: Այսինքն, պլանավորումը, կանխատեսումներն անհրաժեշտ են: Մեզ մոտ այլ բան կատարվեց, խիստ պլանավորումից անցանք վայրի կապիտալիզմին: Զուգահեռաբար երկրի տնտեսության շատ առանցքային հանգույցներ ի տնօրինում հանձնվեցին տնտեսության կառավարումից, առհասարակ, բուն տնտեսությունից բացարձակապես անտեղյակ մարդկանց:
Վերջին շրջանում շարունակ մի հասկացություն է շրջանառվում` «կայուն զարգացում»: Մեր համոզմամբ, կայուն զարգացման մասին առհասարակ չենք կարող խոսել` չունենալով ձևավորված ազգային տնտեսություն: Հատկանշական է, որ ինչպես հետպատերազմյան Իտալիայում, ուր պետությունն ապավինեց «Կոզա նոստրայի» աջակցությանը, սկզբնական շրջանում և դրանից շատ ավելի ուշ նույնպես, Հայաստանում ազգային տնտեսության ձևավորման յուրահատուկ փորձ կատարվեց` հենվելով օլիգարխիայի վրա: Պետք է խոստովանել նաև, որ տնտեսության կառավարման հարցում տարիներ շարունակ անբավարար մակարդակի վրա են եղել տնտեսության ղեկավարների ճանաչողական մակարդակը, ինչպես նաև գիտելիքները` մարդկային ռեսուրսների գնահատման տեսանկյունից: Հետագայում` իննսունական թվականների ավարտին, օլիգարխիկ դասը մեկուսացավ ժողովրդից, մեկուսացավ երկրում ընթացող դրական միտումներից: Առաջացավ անջրպետ, և փոխադարձ անվստահությունը հասարակության միջև վիճակված է կարգավորելու այսօրվա և վաղվա իշխանություններին:
Կան զարգացման տարբեր մոդելներ, և հայերս, հանդիսանալով արարող, ստեղծագործող ազգ, սիրում ենք նմանակել այս կամ այն երկրին` չփորձելով անցնել զարգացման բնականոն փուլերը:
Եթե ասվում է, որ ամեն հանճարեղ բան պարզն է, ապա նախ պետք է հաշվառել երկրի ռեսուրսները, մարդկային ռեսուրսը` առաջին հերթին: Այսօր իրավասու չենք որևէ տնտեսական ծրագրի մասին խոսելու` տեղյակ չլինելով, թե որ ծրագիրն է կյանքի կոչվելու և ինչի հաշվին: Հակառակ պարագայում ծրագիրը վերածվում է փիլիսոփայության:
Թեև մարդկային ռեսուրսների առումով այսօր էլ անփառունակ վիճակում չենք, այնուամենայնիվ, օրինակ, եթե խոսում են տեղեկատվական տեխնոլոգիաներից, ապա այստեղ ևս կան անճշտություններ: Արդեն մի քանի տարի կառավարությունն այն առաջնային ուղղություն է հռչակել: Սակայն բնագավառը բնականոն չի զարգանում: Մասնավոր ընկերությունները («Սինոփսիս» և այլն) բավականին լուրջ փորձեր են կատարում: Սակայն ոչ պետական մակարդակով, ուր հայտարարվում է. ծրագրավորողների թիվը Հայաստանում տատանվում է 500-2500-ի սահմաններում: Նման տարբերությունը տարիմաստության տեղիք է տալիս և փաստում տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի մասին:
Նախորդ` 2002 թ. և ներկայիս` 2012 թ. մարդահամարների կազմակերպման փուլում մեր կողմից առաջարկ է ներկայացվել մարդահամարում ավելացնել մարդու մասնագիտությունը. խառատ է, բժիշկ, թե բանասեր, և ստանալ համապարփակ տեղեկություններ: Կարծում եմ, 2002 թ. որոշակի միտումներ կային մարդահամարը ֆինանսավորող երկրների կողմից` ապահովել որոշակի անորոշություն: Վերջնարդյունքում որոշ միջազգային կառույցներ պղտոր ջրում իրենց քաղաքականությունն իրականացրին:
Ինքներս մեզ լավ չճանաչելու խնդիրը հանգեցնում է նաև տնտեսական լուրջ վնասների: Այսպես օրինակ, այսօր մեր սուղ միջոցներից պետական պատվեր ենք քամում տնտեսագետ կամ ճարտարագետ պատրաստելու համար, բայց արդյոք նրանց պահանջարկը կա՞, թե՞ շուկայում ավելցուկ է առկա, և նրանցից շատերը համալրում են գործազուրկների բանակը: Շատ դասախոսներ լսարան են մտնում կրթելու ոչ թե ապագա մասնագետին, այլ, պարզվում է` ապագա գործազուրկին:
Իրականում, ռեսուրսների գնահատումը և հաշվառումը բխում են պետության ռազմավարական շահերից:
Պետությունը, ինչ խոսք, ավելի հեռահար շահեր ունի, մասնավորապես, հանքահումքային ոլորտում, և դրանք միշտ չէ, որ համընկնում են մասնավորի շահին: Չպետք է մոռանալ ֆինանսական ռեսուրսները և արտադրական կարողությունները: Վերջիններիս հաշվառմամբ պետք է եզրակացնենք, թե որ ճյուղն է անհրաժեշտ զարգացնել: Գուցե վերականգնենք թեթև արդյունաբերության վաղեմի բարի ավանդույթները:
Ինչևէ, այս չորս ռեսուրսների ճանաչողական լիարժեք պատկերն ունենալով է հնարավոր իրատեսական ծրագիր մշակել, որը կօգտագործի առկա ռեսուրսները, հաշվի կառնի մեր մրցակցային առավելությունները, այսինքն` այն, ինչը կարող ենք ավելի լավ անել, քան տարածաշրջանի մեր հարևանները` վրացին, ադրբեջանցին, պարսիկը և թուրքը:
Իսկ թե ինչի վրա կարող ենք հենվել, այստեղ ևս ռեսուրսային բազան սահմանափակ չէ: Բավարար է նշել, որ, օրինակ, Հայաստանի ճարտարագիտական և բժշկական համալսարաններն ու պետական կոնսերվատորիան կարևոր կրթօջախներ են, որոնց մատուցած ծառայությունները վստահորեն կարելի է դասել Հայաստանի բացարձակ առավելությունների շարքին: Իր հերթին, խելամիտ օգտագործելով հանրապետության և հայության մտավոր ներուժը և ֆինանսական ռեսուրսները, երկիրը կարելի է վերածել տարածաշրջանային կրթական, գիտական, ինչպես նաև առողջապահական մրցունակ կենտրոնի:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանը ֆինանսական կենտրոնի վերածելու կառավարության հռչակած տեսլականին, ապա կարելի նշել հետևյալը: Իհարկե, այն բավականին հավակնոտ ծրագիր է, բայց միաժամանակ` հավանական: Սա նշանակում է, մեր արժանի տեղը կարող ենք գտնել տարածաշրջանում, մտածել համաշխարհային շուկայի մասին, եթե հաշվառենք մի կողմից մեր առավելությունները, մյուս կողմից` կարիքները:
Ներկա բարեփոխումներն ընդունելով որպես յուրահատուկ փրկօղակ, այնուամենայնիվ, դժվար է վստահորեն պնդել, որ մի քանի տասնյակ ընտանիքի ձեռքում կուտակված ազգային հարստության պատկառելի մասնաբաժինը հնարավոր է վերջնականապես ինտեգրել ազգային տնտեսությանը:
Ինչ վերաբերում է ապակենտրոնացմանը, ապա այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Այո, տնտեսությունում առկա են ոլորտներ, ուր մեկը կամ երկուսն են մեծ ծախսեր կատարում, և դա ավելի շահավետ է, քան եթե շուկայում գործի տասը մրցակից: Սակայն սա արդարացում չէ, և չի կարելի նման տրամաբանությամբ հիմնավորել մոնոպոլիաների գոյությունը: Բազմիցս անդրադարձեր են արվում հակամենաշնորհային քաղաքականությանը առ այն, որ մենաշնորհները չարիք են: Միակ արդարացված մենաշնորհը բնական մենաշնորհն է, այսինքն` պետության կողմից վերահսկվող ոլորտները` հեռահաղորդակցությունը, էներգետիկան և այլն:
Մյուս կողմից, այն ժամանակ, երբ փոքր ձեռներեցությունը, առևտուրը, փոքրածավալ արտադրությունները, ինովացիոն գործունեությունը, գիտաարտադրական ոլորտը աշխուժանան, հասկանալի կլինի, որ պետությունը և խոշոր բիզնեսն արգելք չեն նորմալ ծրագրերի իրագործման ժամանակ: Սա պետության պարտավորությունն է:
Ներկա բարեփոխումներն ունեն շրջաբերական` «Երկրորդ սերնդի բարեփոխումներ»: Այն շատ կարևոր է նրանով, որ կարող է վերջնականապես թույլ անցնել հասարակական բևեռացման մեղմացմանը: Արդյունավետ տնտեսական քաղաքականության և նոր բարեփոխումների արդյունքում կարելի է ակնկալել, որ վերջին տարիներին գրանցվող տնտեսական աճը, ինչն իրականում վերականգնողական աճ է, վերջապես վերածվի մարդկային զարգացման: Շատերի մեջ մինչ օրս հարց է առաջանում, թե ինչպես կարող է Հայաստանում գրանցվել 13-14 % տնտեսական աճ, երբ զարգացած եվրոպական երկրներում այն... 1-3 % է: Այսպես է նաև ԱՄՆ-ում: Այնուհետև, շատ կարևոր է, որ տնտեսական աճը էապես ազդի հասարակական զարգացման վրա: Այսինքն, խոշոր բիզնեսի, օլիգոպոլիաների արձանագրած արդյունքները գրեթե ազդեցություն չունեն շարքային քաղաքացու կենսամակարդակի բարձրացման վրա: Իսկ ինչո՞վ է մեր երկիրը տարբերվում զարգացած երկրներից: Ի՞նչ է պետական սեփականությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում, և ինչի՞ տերն է պետությունը: Իրականում այնտեղ էլ ներկրումները մասնավոր հատվածն է իրականացնում: Սակայն պետությունը պահպանում է իր երկու կարևոր գործառույթները` նա վերահսկիչ է և կարգավորիչ: Եթե անտեսվում են այդ գործառույթները, ուրեմն չկա պետությունը: Կարգավորիչ գործառույթի տիրույթներում պետությունն օրենքներ է ընդունում, տարբեր որոշումներ կյանքի կոչում: Այստեղ որոշակի գործունեություն առկա է: Սակայն վերահսկիչ գործառույթը գրեթե չի իրականացվում:
Մեր համոզմամբ, հիշյալ հարցերի հանգուցալուծումներից մեկը հասարակական պահանջկոտությունն է: Հասարակությունը պետք է պահանջի իշխանություններից իրեն ծառայել: Եթե տվյալ իշխանությունը թերանում է, հասարակությունը փոխում է այն: Մեր իրականությունում, իհարկե, այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ հասարակական հավաքական պահանջկոտությունը: Գոնե` առայժմ:
Միաժամանակ, ի տարբերություն մի շարք երկրների, մեր պետությունն այս դժվարին փուլում դեռևս չի փորձում ձևավորել իր սեփական մասնաբաժինը տնտեսությունում: Օրինակ, այդ ինչ վերին ճշմարտություն է պարտադրում, որ տոնավաճառներն ու տրանսպորտը, այսինքն` գերշահույթ ապահովող տնտեսական միավորները պարտադրաբար լինեն մասնավորի ձեռքում: Սա տոհմական ժառանգություն է, թե կարող է նաև դիվերսիֆիկացվել: Այս առումով նաև կարծես վերադառնում ենք պետության վերահսկողական գործառույթին: Իհարկե, տոհմական ժառանգություն չէ որևէ տոնավաճառ կամ շուկա: Օրինակ` Թաիլանդում, Բիրմայում և այլուր, տնտեսական չարաշահումների դեմն առնելու նպատակով պետությունը նախապես գնում է ներկրված ապրանքի 20 %-ը: Գնում է այն գնով, ինչը հայտարարագրված է ներմուծողի փաստաթղթերում: Բայց այն պահից, երբ տվյալ բիզնեսը մենաշնորհ է ձևավորում և հայտարարագրվածից շատ ավելի բարձր գներ է սահմանում, պետությունն իրեն իրավունք է վերապահում մտնելու շուկա, դառնալու վտանգավոր մրցակից գերշահույթով տարված մասնավորի համար: Նման տարբերակները շատ են:
Կա նաև մեկ այլ ճանապարհ` ազգայնացում: Մասնավորապես, հեռանկարային ազգայնացմամբ է զբաղված Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը: Արդար փոխհատուցմամբ Ղազախստանում ազգայնացվում է նաև անկախացման առաջին տարիներին մասնավորեցված պետական գույքի, բնական պաշարների, տնտեսական կառույցների որոշակի հատվածը: Այս ամենն արվում է օրինական ճանապարհով, օրենսդիր մարմինների ընդունած համապատասխան օրենքներով:
Մեր երկիրը նույնպես նման օրենքի կարիք ունի: Երրորդ գումարման Ազգային ժողովում հեղինակել եմ «Ազգայնացման մասին» օրենքը: Այն արտախորհրդարանական երեք քննարկմամբ անցավ, ըմբռնումով մոտեցան և՛ գործարար և՛ քաղաքական շրջանակները: Հիմնավորումը մեկն է` եթե կա օրենք մասնավորեցման մասին, պետք է լինի նաև օրենք ազգայնացման մասին: Այսինքն, պետությունը պետք է օրենքով ազգայնացնի որևէ ոլորտ կամ կառույց: Եվ ինչն է ուշագրավ. այս օրենքով գործարարն իրեն պաշտպանված կզգա: Օրենքում հստակ ամրագրված են այն դեպքերը, երբ հնարավոր է ազգայնացումը: Բնականաբար, այն ձեռնտու չէր շատերին, և այն օրերի կառավարությունն ընդդիմացավ օրենքին` խիստ անտրամաբանական պատճառաբանմամբ... այն համարելով հակասահմանադրական: Շատերի մեջ բնական հարց առաջացավ, թե ինչո՛ւ տվյալ օրենքը հակասահմանադրական չէ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, բայց հակասահմանադրական է Հայաստանում:
Կարևոր է հիշեցնել, որ, համաձայն առաջարկվող օրենքի, այն դեպքում է ազգայնացում կատարվում, երբ լուրջ վնաս է հասցվում պետությանն ու հանրությանը: Երբ ի չարս է օգտագործվում ռազմավարական ոլորտը: Այս ամենը` հիմնավոր հաշվարկների և ապացույցների հիման վրա և ոչ երբեք` իշխանության փոփոխմամբ «օբյեկտների խլում»: Ֆրանսիայում երկաթուղին ազգայնացվեց, հետո կրկին մասնավորեցվեց, Մեծ Բրիտանիայում կալանավայրերի հետ կատարվեց նույնը և այլն: ԱՄՆ-ում մասնավոր հատվածը չվերթերի տերն է, իսկ ոլորտը պահպանում է պետությունը:
Իհարկե, խնդիրներն այս ամենով չեն սահմանափակվում: Սակայն դրանք պետք է իրենց լուծումները ստանան` օրվա պահանջներին համապատասխան: Ակնհայտ է, որ անհրաժեշտություն է առաջացել, որ մեր երկրում ազգային հենքի վրա ձևավորվի սոցիալական շուկայական տնտեսություն, որի կենտրոնում կլինի մարդը, ոչ թե այլ երկրներից նմանակած արժեքներն ու օտարներին չեղած բարեփոխումների հաջողություններով հաճոյանալու ձգտումը: Հայաստանի ժողովուրդը, իրոք, արժանի է ստեղծագործ աշխատանքով ապահովված ավելի բարեկեցիկ կյանքի:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ