Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25.10.2011 | 00:00

Տարիներ շարունակ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը` պետական բյուջեն, ներկայացվում է հանրությանը հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով, նախորդ տարիների հետ դրանց համեմատականներով, ինչը խիստ կարևոր է, սակայն հասարակ մարդու, ոչ տնտեսագետի համար մնում է անհասկանալի կամ լավագույն դեպքում խորհրդավոր մի երևույթ: Միաժամանակ, ոմանք փորձում են այն քաղաքականացնել, ավելին` պիտակներ և անուններ կպցնել: Պատճառը մեկն է. բավարար պարզությամբ չի ներկայացվում հասարակության բոլոր անդամների և պետական ու մասնավոր հատվածի համար առանցքային նշանակություն ունեցող պետության տնտեսական ու սոցիալական քաղաքականության հիմնական ուղղությունների էությունը:
Այս անգամ տարվա կարևորագույն փաստաթղթի վերլուծությունը մտադիր ենք սկսել հենց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից, հաշվի առնելով, որ պետական բյուջեն հենց երկրի զարգացման պետական ծրագիրն է` մեկ տարվա կտրվածքով:
Հատկանշական է, որ նոր բյուջեն միտված պետք է լինի տնտեսական ճգնաժամի հետևանքները թոթափելուն և տնտեսության մեջ աշխուժությանը նպաստելուն, ուստի կարևոր է մակրոտնտեսական կայունության պահպանումը` ապահովելու կայուն հետճգնաժամային տնտեսական աճ: Կարևորվում են նաև տնտեսական աճն ապահովելու համար լրացուցիչ խթանների բացահայտումն ու ներդրումը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած բարեփոխումները:
Տնտեսական միջավայրի աշխուժության համար առանձնահատուկ նշանակություն ունեն տնտեսության բազմազանեցումն ու արտահանման կարողության ընդլայնումը, որոնք կարող են էապես բարձրացնել երկրի տնտեսության մրցունակությունը: Հետևաբար, համաշխարհային տնտեսական զարգացումներով պայմանավորված նոր մարտահրավերներին դիմակայելու և տնտեսության հետճգնաժամային զարգացումն ապահովելու նպատակով կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ միջոցառումներից կարևոր է առանձնացնել գործարար և ներդրումային միջավայրերի բարելավման, հատկապես ձեռնարկատիրության զարգացման, կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորման և տնտեսավարողների ծախսերի նվազեցման խնդիրները: Այս ամենին զգալիորեն կարող է նպաստել վերազգային ընկերությունների ներգրավման գործընթացը` հաշվի առնելով դրանց առանցքային նշանակությունը նոր տեխնոլոգիաների փոխանցման, իրացման շուկաների ընդլայնման և աշխատանքի բարձր արտադրողականության ապահովման գործում:
Հաշվի առնելով այս տարվա առաջին ինն ամիսների արտահանման առաջանցիկ տեմպերը ներմուծման տեմպերի համեմատ, կենսական անհրաժեշտություն է հատկապես երկրի արտաքին տնտեսական ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացումը: Առավել ևս այն կարևորվում է ԱՊՀ տարածքում միասնական տնտեսական տարածքի ձևավորման պայմաններում: Մյուս կողմից հարկ կլինի նոր թափ հաղորդել այլ տարածաշրջանների երկրների հետ կապերի զարգացմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Մեր համոզմամբ` հայ գործարարները բավարար չափով չեն օգտվում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից, ինչը հնարավորություն կընձեռեր արտաքին շուկաներն ավելի մատչելի դարձնելու հայրենական արտադրողների համար և պաշտպանելու նրանց շահերը Հայաստանում ու արտերկրում:
Ակնհայտորեն վերջինս ոչ միայն արտաքին, այլև ներքին տնտեսական քաղաքականության լուրջ խնդիր է: Մասնավորապես, զգալի աշխատանքների կարիք է զգացվում տնտեսական մրցակցության և սպառողական շուկաների ոլորտներում` սպառողական շուկայում հավասար մրցակցային դաշտի ապահովման, սպառողների շահերի պաշտպանության գործուն համակարգի ձևավորման, գործարար էթիկայի կանոնների ու ստանդարտների ներդրման, ՏԻՄ-երի կողմից իրականացվող հսկողության գործառույթների արդյունավետության բարձրացման և այլ առումներով:
Տնտեսական անվտանգության և դրա կարևորագույն բաղադրիչի` պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի որակի ազգային ենթակառուցվածքի վաղուց հասունացած վերափոխումը, որի նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիականացումն է` ներքին և արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար: Բնականաբար, աշխատանքներ պետք է տարվեն նաև ոլորտը կանոնակարգող օրենքների արդիականացման ուղղությամբ, որոնք միտված պետք է լինեն տնտեսավարող սուբյեկտների վարչական բեռի կրճատմանը և սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ, կարևոր է շարունակել աշխատանքները սպառողական շուկայում արտադրանքի և ծառայությունների որակի միջազգային ISO և եվրոպական CEN ստանդարտների ուղղակի կիրառման և չկանոնակարգվող բնագավառներում որակի ապահովման պետական քաղաքականության ձևավորման ուղղությամբ:
Հաշվի առնելով երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման անհրաժեշտությունը, մտավոր սեփականության ոլորտում հարկ կլինի շարունակել բնագավառը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը` այն Եվրահանձնաժողովի ընդունած օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև նոր որակի արդյունաբերական քաղաքականության իրականացումը և ինովացիաների կիրառման համակարգեր` արդի, մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովմամբ:
Այս տարվա ապրիլին հանրապետության նախագահի կողմից գործարարներին արված առաջարկն իրականություն դարձնելու նպատակով անհրաժեշտ է ներդնել նոր գործիքներ, դրանց միջոցով հասցեական և նպատակային օժանդակություն ցուցաբերելով զարգացման ծրագրեր իրականացնող ընկերություններին, այդ թվում` հարկային արտոնությունների տրամադրման միջոցով: Ի դեպ, այս տարի կառավարությունն առաջին անգամ բարձրաձայնեց հարկային արտոնությունների անհրաժեշտության մասին, որին դեմ են եղել նախորդ գրեթե բոլոր կառավարությունները: Առանց դրանց, մեր համոզմամբ, հնարավոր չէ զարգացնել երկրի մրցունակությունն ապահովող որևէ բնագավառ, այդ թվում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ պետք է ամեն ինչ արվի` ընտրված թիրախային ՏՏ շուկաներում Հայաստանն առաջատար երկիր դարձնելու, ինչպես նաև զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն ունենալու ուղղությամբ: Հենց այս տեսանկյունից արժե դիտարկել գիտելիքահենք տնտեսության ենթակառույցների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության շրջանակներում: Հիշեցնենք, որ միջուկային բժշկության ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել ռադիոիզոտոպների արտադրությունը կազմակերպելու նպատակով ստեղծված ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման, այդ գործում արտասահմանյան ներդրողների ներգրավման, ինչպես նաև բուհերում միջուկային բժշկության ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացների կազմակերպման աշխատանքներ: Մյուս կողմից, ժամանակն է կյանքի կոչելու Գյումրու տեխնոպարկի ծրագիրը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ ծրագրերի տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը: Այս ոլորտում, ինչպես նաև երկրի տնտեսության մնացած ճյուղերում կարևոր է փոքր և միկրո ձեռնարկատիրության զարգացումը: ՓՄՁ ոլորտի զարգացման պետական աջակցության նպատակը պետք է լինի արտահանման կողմնորոշմամբ և ինովացիոն ներուժով կառույցների զարգացման խթանումը: Այդ առումով կարևորվում են նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը, արտահանման հնարավորությունների ընդլայնումը, գործող և սկսնակների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես` կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար` նախապատվություն տալով ՀՀ մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին:
Մեր համոզմամբ, կարևոր են ինչպես նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, այնպես էլ արդեն սկիզբ առած ծրագրերի հետևողական զարգացումը: Վերջին տարիների ձեռքբերումներից զբոսաշրջության ոլորտում չի կարելի շրջանցել հատկապես երկրի հարավում ունեցած որոշակի ձեռքբերումները: Միաժամանակ, ակնկալվելու է կառավարության աջակցությունը` Ջերմուկ քաղաքի զարգացման ռազմավարության, «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման, ինչպես նաև Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոնի հիմնման ծրագրերի պատշաճ իրականացմանը: Իսկ ոլորտի զարգացումն անհնար է պատկերացնել առանց համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի պետական աջակցությամբ գովազդմանը: Ընդսմին, պետք է ձգտել զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը` առանց բացառության երկրի բոլոր մարզերում, ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը` ապահովելու երկրի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 4469

Մեկնաբանություններ