Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ուսանողները պահանջում են սուբսիդավորել իրենց ուղեվարձը

Ուսանողները պահանջում են սուբսիդավորել իրենց ուղեվարձը
19.07.2013 | 14:56

«Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ հանդես եկավ առաջարկով՝ կոչ անելով ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին բոլոր ուսանողների համար տրանսպորտի սակագինը սահմանել 100 դրամ: «Կոչ ենք անում ուսանողական և երիտասարդական կազմակերպություններին միանալ վերոնշյալ նախաձեռնությանը և միասին դիմել համապատասխան կառույցներին»,- ասված է հայտարարության մեջ։

«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողների ուղեվարձի սուբսիդավորման համար միջոցներ հնարավոր է գտնել, եթե գծատերերը հրաժարվեն այն գերշահույթից, որ ստանում են։

Մեր այն հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ այդ կոչն ուղղել նաև բուհերի ղեկավարներին, Գևորգ Մելքոնյանը նշեց. «Չեմ կարծում, թե բուհերը կկարողանան սուբսիդավորել ուսանողների տրանսպորտի հարցը, հակառակ պարագայում չէին բարձրացնի ուսման վարձերը»։ Ի դեպ, ուսման վարձերը սեպտեմբերից թանկանալու են, և էլ ավելի ծանր պայմաններ են ստեղծվելու ուսանողների համար, հատկապես՝ մարզերի, որոնցից շատերն ամեն օր մարզից են գալիս Երևան ուսանելու։

Գևորգ Մելքոնյանը նշեց նաև, որ իրենց կոչին են միացել հազարավոր ուսանողներ։ «Եթե դուք նայեք «Ուսանողներին սպասարկել 100 դրամով» ֆեյսբուքյան էջը, ապա պարզ կլինի, որ մեր ուսանողներն անտարբեր չեն խնդրի նկատմաբ, այս պահին մեզ է միացել նաև Ապագա մանկավարժների միավորումը, իսկ առաջիկայում, համոզված եմ, այլ կազմակերպություններ էլ կմիանան»,- ասաց Գ. Մելքոնյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ