Հուլիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:
Ողջունելով հյուրին` Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Կանադայի միջև հաստատված ջերմ բարեկամական հարաբերությունների և սերտ քաղաքական երկխոսության կապակցությամբ` կարևորելով դրանց առավել զարգացումն ու խորացումը: Ընդգծվել է կանադահայ համայնքի դերը` իբրև երկու երկրներին միացնող կարևոր օղակի: Բազմամշակութային համագործակցության համատեքստում նախարար Նալբանդյանն առանձնացրել է երկկողմ սերտ փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: Նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանադայի կողմից 2004-ին հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձները: