Առևտրականները, ովքեր օրեր առաջ Հովիկ Աբրահամյանին համարում էին «ամենալավ վարչապետ», նրանից ու կառավարությունից հույսները կտրած այսօր հավաքվել էին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ազգի ընտրյալներից պահանջելով փոխել «Շրջանառության մասին» օրենքը:
Ավելորդ է ասել, որ Բաղրամյան 19-ում 131 ընտրյալ, բառի բովանդակային ու բուն իմաստով, չկա ու պետք չէ առանձնակի հույսեր փայփայել, որ գործադիրի թելադրանքով «կոճակ սեղմողներն» ընդառաջ կգնան մարդկանց, ովքեր մի շաբաթ, մեկ ամիս անց կարող են կորցնել իրենց փոքրիկ գործը, տուն ու երեխա պահելու վերջին միջոցը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ տեղին ու համարժեք առաջարկություն է արել, որպեսզի առևտրակականների հանդեպ կիրառվի հարկային դիֆերենցված քաղաքականություն. նրանք, ովքեր ուզում են աշխատել առանց ապրանքների փաստաթղթավորման, վճարեն 3,5 % հարկ, փաստաթղթավորմամբ աշխատողները՝ 1%:
Հիմա, եթե մեր իշխանություններն ուզում են խնդրին լուծում տալ, ապա սա իդեալական առաջարկ է ու պետք է ընդունվի, մանավանդ որ եռյակը մտադիր է արտահերթ նիստի առաջարկ անել:
Եթե այս առաջարկությունը չընդունվի, նշանակում է՝ մենք ապրում ենք «ջունգլիների կանոններով», որտեղ «մեծ շնաձկներն» անընդհատ պետք է հոշոտեն մանր «ձկներին»:
Կառավարությունն ասում է, որ իր հարկային քաղաքականության թիրախը խոշոր գործարարներն են:
Չեմ հավատում, որովհետև բյուջեի հավաքագրումները ձախողվում են, ու կառավարությունը դարձյալ որոշել է քերթել փոքրի ու միջինի կաշին:
Հակառակի մեջ գոնե մեկ անգամ կուզեմ համոզվել ու տեսնել, որ խորհրդարանական մեծամասնությունը վերանայումներ է կատարում իր իսկ ընդունած օրենքում՝ ապացուցելով, որ միջին խավի կայացման խոստումն իր համար ոչ թե ծրագրային կենաց է, այլ պրակտիկ քաղաքականություն:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ