Այսօր Երևանում մեկնարկեց լրագրողների համար նախատեսված «ԵՄ լուսաբանում. հարցազրույցի հմտություններ» երկօրյա սեմինարը, որի ժամանակ իրենց աշխատանքային գործունեության մասին դրվագներ են ներկայացնում BBC-ի աշխատակիցներ Ջիմ Ֆիշը, Էլլի Հավորթը և Ժան Միշել Դուֆրենեն:
Ջիմ Ֆիշը երկար տարիներ աշխատել է տպագիր մամուլում, BBC-ում: Անդրադառնալով հարցազրույցի հմտություններին՝ նա նշեց, որ BBC-ում կա կանոն, որ քաղաքական գործիչներին նախօրոք չեն տալիս գրավոր հարցեր: Ըստ Ֆիշի՝ քաղաքական գործիչները փոխում են հարցերն իրենց հայեցողությամբ և այդ կերպ վերահսկողության տակ պահում տվյալ ԶԼՄ-ն: Որպես բացառություն՝ պարոն Ֆիշը նշեց, որ միայն շատ հանրահայտ մարդկանց են նախապես տեղյակ պահում հարցազրույցի թեմայի մասին, սակայն հարցերը նախօրոք չեն համաձայնեցնում: Նա համաձայնեց հայ լրագրողների այն դիտարկմանը, որ բանավոր հարցազրույցի ժամանակ կարող են ծնվել անակնկալ հարցեր:
Էլլի Հավորթը, անդրադառնալով իր լրագրողական գործունեությանը, հիշեց, թե ինչպես են ժամանակին իրեն հեռացրել բուլղարական լրատվական գործակալությունից՝ անգլիացու հետ ամուսնանալու պատճառաբանությամբ: Իր մասնագիտական գործունեությունից նա հիշեց ևս մեկ ուշագրավ դրվագ. ժամանակին Էլլի Հավորթը հարցազրույց է արել Ժերար Դեպարդիեի հետ, որը պատմել է, թե ինչպես է դիակներից զարդեր գողացել, որ կարողանա գոյատևել աղքատության մեջ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ