Տպագիր մամուլում, հեռուստատեսությունում և BBC-ում լրագրողական աշխատանքի բազմամյա փորձ ունեցող լրագրող Ջիմ Ֆիշից irates.am-ը հետաքրքրվեց, թե Մեծ Բրիտանիայում ինչպես է պաշտպանվում լրագրողների տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը:
«Մեծ Բրիտանիայում լրագրողների աղբյուրների գաղտնիությունը պահպանվում է՝ համաձայն լրագրողների և հրատարակիչների վարքագծի կանոնների: Պրոբլեմն այն է, որ չկա սահմանադրական պաշտպանություն: Աղբյուրների գաղտնիությունը պաշտպանված չէ սահմանադրորեն: Եղել են դեպքեր, երբ ոստիկանությունը փորձել է տեղեկանալ աղբյուրների մասին մասնավոր ընկերություններից, և լրագրողները ստիպված են եղել դիմելու դատարան՝ աղբյուրների գաղտնիությունը պաշտպանելու համար: Դա արդեն դատավորի գործն է, դատավորը պետք է որոշի՝ աղբյուրը ենթակա՞ է բացահայտման, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ջիմ Ֆիշից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են դեպքեր, երբ դատարանը որոշում է կայացրել ի վնաս լրագրողների:
«Նախկինում եղել են նման դեպքեր, քանի որ չկա աղբյուրների պաշտպանության մեխանիզմ: ԱՄՆ-ում, օրինակ, լրագրողների աղբյուրների գաղտնիությունն ավելի պաշտպանված է»,- ասաց Ջիմ Ֆիշը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ Մեծ Բրիտանիան չունի Սահմանադրություն:
Հիշեցնենք, որ Ջիմ Ֆիշը Հայաստան է այցելել «ԵՄ լուսաբանում. հարցազրույցի հմտություններ» թեմայով երկօրյա սեմինարին մասնակցելու նպատակով:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ