Լուսահոգի Արամայիս Սահակյանն ասում էր. «Բռնաբարել նշանակում է բռնությամբ բարիք գործել»: Այժմ, երբ մեր ազգանվեր, ժողովրդի համար քուն ու դադար կորցրած, անարծաթասեր, խելքի պալատ, ուսյալ ու կրթյալ Ազգային ժողովն ուզում է օրենքով «հարստացնել» մեր հացն հանապազօր, իսկ որոշ ձեռներեց անձինք, նվիրյալք էլ արդեն համապատասխան սարքավորումներ են գնել (ինչպես մամուլն է հաստատում), ակամայից հիշում եմ բանաստեղծի յուրօրինակ ստուգաբանությունը և միտք անում, թե դա որքա՜ն մոտիկ է մեր իրականությանը:
Այո, մեր երեսփոխան-պատգամավորները պատրաստվում են բռնաբարել սեփական ժողովրդին (անշուշտ, արամայիսսահակյանական իմաստով): Պարզվում է` հինգ հազար և ավելի տարիներ մենք մեր բարձրավանդակի վրա սխալ հաց ենք կերել: Չի բացառվում, որ վաղն էլ պարզվի, թե մեր ազգային դժբախտությունների պատճառը հենց այդ սխալն է եղել, ուստի շտապենք շտկել: Հաշվի առնելով մեր անզուգական ԱԺ-ի անզիջում հետևողականությունը սեփական ժողովրդին բռնաբարելու գործում (դարձյալ արամայիսյան իմաստով), ինչպես և այն հանգամանքը, որ քննարկվելիք օրենքի թիկունքում տարիներ շարունակ կանգնած են եղել ամերիկյան մի շարք «մարդասիրական» կազմակերպություններ, ապա մեծ հավանականություն կա, որ հինգհազարամյա ճակատագրական սխալը կշտկվի, և ազգը վերջապես, գոնե հացիվ կհարստանա:
Այդ կապակցությամբ ես մի առաջարկ ունեմ և մի հարց:
Երկաթյա կանցլեր Բիսմարկը մի առիթով ասել է՝ եկեք մի երկու փոքրիկ քաղաք մի քանի տարով տանք սոցիալիստներին, թող իրենց բարեփոխումներն անցկացնեն: Հետո, եթե համոզվենք, որ դրանք իսկապես օգտակար են, կկիրառենք ամբողջ երկրում:
Նույն առաջարկը կուզեի անել մեր ԱԺ-ին: Հացը, գոնե որոշ ժամանակով, հարստացրեք այնքան, որքան, ըստ առողջապահության նախարարության, դրա կարիքն ունեցողներ կան, իսկ մեզ՝ անհասկացողներիս, թույլ տվեք շարունակել հինգ հազար տարվա սխալ հացն ուտել: Հետո, երկու-երեք, ցանկալի է չորս-հինգ տարի անց, եթե տեսնենք, որ յանկիների խորհրդով թխված հացն իրոք հրաշագործ հատկություններ ունի, ապա, ինչո՞ւ ոչ, մենք էլ այդ հացը կուտենք:
Եվ մի հարց. օրենքը հաստատվելուց հետո մեր աննման պատգամավորները ո՞ր հացն են ուտելու՝ «աղքատի՞կը», թե՞ «հարստացվածը»:
Ավելի քան 75 տարի սխալ հացով սնված՝
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ