Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արդյոք եկե՞լ է ձեռքը մեր ցավի վրայից վերցնելու ժամը

Արդյոք  եկե՞լ է ձեռքը մեր ցավի վրայից վերցնելու ժամը
03.02.2015 | 00:20

Դժբախտաբար` ոչ, ժամը չէ, և մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած զարգացման:

21-րդ դարում եզդի ժողովրդի ցեղասպանություն…

Սա այն դեպքն է, որին արձագանքեց ամբողջ աշխարհը (չնայած մի քիչ ուշացումով): 2014 թ. oգոստոսի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասաց, որ պետք է կանխենք Իրաքում ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնյաների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանությունը դատապարտել են ՄԱԿ-ը, ԵՄ-ը և այլ միջազգային կազմակերպություններ ու պետություններ:

Աշխարհը տեսավ մեր բնօրրան Շանգալի խոր ցավը, դառնությունները, տիրող հրեշավոր իրավիճակը, ինչը նույնիսկ զարհուրելի երազներում հնարավոր չէր պատկերացնել:

Աստված իմ, մոր աչքի առջև գլխատել են փոքրահասակ երեխաներին ԻՊ-ի հրեշները: Արդեն կասկածում եմ հատուցելու և պատժելու Աստծո զորությանը: Շանգալի գյուղերում շրջող միայնակ տարեց կնոջը սպանել են և դիակը այրել… Բայց այլևս ոչնչի մասին չեմ ուզում գրել, իմ միտքն ինձ թելադրում է հիշել, աղոթել, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին և պայքարել նրանց անմեղ նահատակների հոգիների համար:

Եթե ոչ ազգովին, բայց մեծամասնությամբ պայքարում ենք Իրաքի Շանգալ նահանգում ինքնավար միավորում ստեղծելու, տեղի հայերի, ասորիների և այլ քրիստոնյաների հետ ապահով ապրելու համար, որ մեր ժողովուրդների զինվորը, ազատամարտիկը դառնան մեր անվտանգության և խաղաղ կյանքի երաշխավորը: Եկել է միասնության և միակամ լինելու ժամը: Անկոտրում կամքի դրսևորման և ազգային ինքնագիտակցության ժամը: Մեր ինքնավարությունը ստեղծելու ժամը: Եթե մենք ինքներս մեզ չօգնենք, ձեռքներս մեր վերքի վրա չդնենք, մեր վերքը ինքներս չբուժենք, մեր ցավը ապրելու հետ միասին նոր կյանքի համար չպայքարենք, ոչ ոք մեր փոխարեն մեզ համար չի կռվի, չի պայքարի մեր բնօրրանի և մեր տան համար: Մենք պետք է պայքարենք ու հաստատուն մնանք մեր հազարամյա բնօրրանում, իսկ թշնամու, հրեշի, չարի համար մեր հողը պետք է դառնա միայն գերեզման։ Գերեզման ոսոխի, որը միայն անեծքի է արժանի։

Այս ցավը մեզ համախմբեց, Շանգալը ազատագրել և պաշտպանում են մեր եզդիական, ազատագրական ջոկատները: Մեր վիշտը, մեր ցավը և ցասումը մի բռունցք դարձնենք և հարվածենք նրանց դեմքին, ովքեր պատճառեցին մեզ այս ահավոր և անբուժելի ցավը։

Ես մեծ հայտնություն չեմ անում, ընդամենը ասում եմ, որ նորից նման ցավ չտեսնենք, չապրենք, հարկավոր է համախմբվել մեր բնօրրան Շանգալում և ստեղծել ինքնավար միավորում` «Եզդիխանա»` եզդիների և մեր բարեկամ քրիստոնյաների տուն:

Մենք թույլ չպետք է տանք, որ այլ երկրներ նորից իրենց խաղը խաղան մեր տանը, մեր բնօրրանում:

Մեր բնօրրանում շարունակվում է պատերազմը, որը կարգավորվում է ոչ թե միջազգային օրենքներով, այլ տարբեր պայմանավորվածություններով: Իսկ եզդի ժողովրդի փախստականները վրաններում, սարերում, ձյան, ցեխի մեջ, վախի պայմաններում ապրում են ու սպասում:

Վերջերս հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել էր եզդի փախստականների ճամբար: Վերադառնալով տուն` նա գրել է. «Ես այցելել եմ տարբեր ճամբարներ, խոսել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները, փորձել եմ աջակցել այդ մարդկանց: Բայց այս ուղևորության ընթացքում ես համրացել էի»: Տեսնելով և լսելով փախստականների սահմռկեցուցիչ պատմությունները` նա կսկծից մի պահ կորցրել էր խոսելու ընդունակությունը:

Վերջերս եզդիների ջոկատները ազատագրեցին Շանգալի գյուղերից մեկը, ԻՊ-ի զինյալները թողեցին իրենց կանանց, երեխաներին ու փախան: Եզդիական ջոկատի հրամանատար Կասմ Շաշոն հրամայեց բոլոր կանանց, երեխաներին ու տարեցներին անվնաս հանձնել փախստականների հանձնաժողովին, ասելով` մենք երեխաների և կանանց դեմ չենք կռվում, այլ ազատագրում ենք մեր տունը հրեշներից:

Այո, հայրենիքը, բնօրրանը կան և կգոյատևեն անկեղծ ու ճիշտ հայրենասիրությամբ:

Մեր ժողովուրդը հերթական ցեղասպանությունն է ապրում: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այն փաստ է և պետք է ճանաչվի, դատապարտվի ու հատուցվի, որպեսզի աշխարհում այլևս նման ոճրագործություններ չլինեն:

Աստծո հզոր աջը պահապան նրանց, ովքեր կկանխեն պատերազմը, ցեղասպանությունը և այլ ոճրագործություններ:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում

ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ