Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հյուսիսային պողոտայի ազատ ընթացքը դեպի Արարատ փակվում է

Հյուսիսային պողոտայի ազատ  ընթացքը դեպի Արարատ փակվում է
27.03.2015 | 00:50

Հարգելի «Իրատես»


2013 թ. դեկտեմբերին, Երևանի Հյուսիսային պողոտայի թամանյանական քաղաքաշինական խնդիրները հաշվի առնելով և հետագայում դրանք հնարավորինս իրականացնելու նպատակով, դիմում էինք ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև այն ժամանակվա քաղաքաշինության փոխնախարար, այսօր արդեն նախարար Նարեկ Սարգսյանին: Այդ դիմումներում մտահոգություն էինք հայտնել, որ Արամի փողոցում` դեպի Աբովյան փողոց հատվածում, կառուցվող բազմահարկ շենքին կից կցակառուցվում է ևս մի հատված, որը, ցավոք, խրվելու է Հյուսիսային պողոտայի մեջ մոտ 10 մետրով: Այդ կցակառույցը լրացուցիչ կերպով խոչընդոտելու է թամանյանական մտահղացման հետագա իրականացմանը։ Նարեկ Սարգսյանին ուղղված դիմումում ավելացրել էինք` ծանրակշիռ ճարտարապետների շատ վաղուց հայտնած այն համոզմունքը, որ, վաղ թե ուշ, քանդվելու է պատկերասրահի մասշտաբային անճաշակ շենքը, որը, մի կողմից, աններելի հարված է հասցրել Թամանյանի նախագծած հրապարակի հատակագծին, շինությունների մասշտաբայնությանն ու գեղարվեստական արտահայտչականությանը, մյուս կողմից` փակում է Հյուսիսային պողոտայի ազատ ընթացքը դեպի Արարատ (որը եղել է Թամանյանի քաղաքաշինական ազգային մտահղացումներից ու երազանքներից մեկը): Սակայն այդ արագ կառուցվող կցակառույցը, ինչպես նշեցինք, 10 մետրով խրվելու է Հյուսիսային պողոտայի մեջ` անտեսելով Թամանյանի քաղաքաշինական երազանքը, որ Հյուսիսային պողոտան պետք է ազատ ընթանար դեպի Արարատ։ Վերևներում, այդ նպատակի իրականացմանը մեկընդմիշտ խոչընդոտելու նպատակով, որոշում կայացվեց և մեծ ֆինանսավորում հատկացվեց` հրապարակում կառուցելու Հեղափոխության թանգարան, որը ճարտարապետները ստիպված եղան նախատեսել նաև նոր պատկերասրահի կառուցման համար։
Քաղաքապետարանից ստացված այդ դիմումի պատասխանը (N0 50/1 -Դ-1828, 23. 12. 2013 թ.) մեր մասնագետների կողմից գնահատվեց, շատ մեղմ ասած, անբավարար` մեզ մտահոգող կցակառույցին չվերաբերող: Հաշվի առնելով մեծն Թամանյանի կազմած Երևանի հատակագծերն ուղղորդող գաղափարներից` Հյուսիսային պողոտայի ազատ ընթացքը դեպի Արարատ, դեպի «Հայաստանի ամբողջականության և կորցրած տարածքների վերամիավորման գաղափարները կրող Սուրբ լեռ», որոշեցինք ևս մի դիմում հղել քաղաքապետին և դրան կցել արդեն մեզ մտահոգող կցակառույցի ոչ միայն լուսանկարները (կատարված նաև պատկերասրահի տանիքից), այլև Հյուսիսային պողոտայի այդ հատվածի հատակագիծը (տե՛ս կից հատակագիծը, նկ.1):
Ցավոք, դա էլ չօգնեց և կցակառույցի երկրորդ և հաջորդ հարկերի շինարարությունը շարունակվեց արդեն արագ թափով։
Հյուսիսային պողոտայի ազատ ընթացքը դեպի Արարատ փակվում է, ի հեճուկս Թամանյանի, ոչ միայն աջ կողմում կանգնած պատկերասրահի մասշտաբային կցակառույցով, այլև ձախ կողմում կառուցվող այդ նոր կցակառույցով` Հյուսիսային պողոտան առավել ևս փակուղի դարձնելով (տե՛ս կից լուսանկարը, նկ. 2: Լուսանկարում պատկերասրահը և կառուցվող կցակառույցը շատ հուսալի վարագուրել են Արարատը։ Թամանյանի ազգային գաղափարը ապագայում կյանքի կոչելու համար արդեն հարկ կլինի քանդել ոչ միայն պատկերասրահն ու Արամի փողոցով ձգվող թանգարանները, այլև կառուցվող այդ չարաբաստիկ կցակառույցը):
Սույն նամակով հարկ համարեցինք «Իրատեսի» ընթերցողներին տեղյակ պահել Հյուսիսային պողոտային առնչվող մեր մտահոգություններին, նկատի ունենալով, որ թերթը նույնպես մտահոգվում է Երևանի թամանյանական հատակագծերի հետագա իրականացման խնդիրներով:


Խորին հարգանքով`
Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ